Եթե «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը չվերանայվի և չհամադրվի 1,5 տարվա ծառայության ժամկետին, շահառուների թիվը կնվազի. Վիտալի Մանգասարյան

Հոկտեմբերի 30-ի նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրինագծին, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պարզաբանել է.

«Ինչպես գիտենք, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են եղել, ունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ատեստավորման համակարգն է ներդրվել և այլն, և միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների քանակը կազմում է 4220 և աճի միտում ունի. այն ժամկետային զինծառայողներն են, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ և դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարի ծառայության ժամկետով: Կցանկանամ հավելել, որ բացի Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ընդգրկված լինելուց, սույն նախաձեռնության մասին արձանագրվել է նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ծրագրում: Խնդրում եմ հավանության արժանացնել և այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվել է՝ «տարիներ շարունակ ունեցել ենք հետևյալ ցիկլը՝ 2 տարի, 2 զորակոչ, հիմա 2 զորակոչը մնում է նույնությամբ, բայց ժամկետը դառնում է 1,5 տարի, անցման ժամանակ խզում չե՞նք ունենա, կառավարո՞ւմ եք այս հարցը»։ Արման Սարգսյանը վստահեցրել է, թե բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որևէ խզում տեղի չի ունենա:

Կարդացեք նաև

«Այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն, ընթացքը կլինի տեսանելի, և, կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանա»,- ընդգծել է նա:

Ի դեպ, կառավարության նիստից օրեր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը 4217 է, կարելի է ենթադրել, որ այդ մի քանի օրում նոր պայմանագրեր են կնքվել:

Իսկ այն, որ սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ճիշտ է համարել պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականի ամառային զորակոչից, և հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է գործընթացն առաջ գցել, ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Գուցե մտածել են նախընտրական շրջանին առավել մոտ ժամանակահատվածում այս քայլը նախընտրական քաղաքական ենթատեքստ կստանա՞: Բայց այն ստանալու է նաև այս դեպքում, երբ հունվարից գործի պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը: Առնվազն 1-1.5 տարվա կտրվածքով առաջանալու են նաև կարդկային ռեսուրսի հետ կապված խնդիրներ՝ անկախ նրանից, թե ինչ է ասում և ինչ չի ասում ռազմաքաղաքական ղեկավարությունը:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանը նշեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի 6 ամսով կրճատումը հիմնականում ներկայացվում է որպես 2021-2026 թվականների նախընտրական խոստում, սակայն դրա հետևանքները շատ ավելի խորքային են։

«Բացակայում է անվտանգային հաշվարկների ամբողջական հրապարակումը, բացակայում է հանրային ու մասնագիտական քննարկումը: Եվ ակնհայտ է, որ գործընթացն իր մեջ պարունակում է քաղաքական էլեմենտներ՝ 2026 թվականի ընտրությունները։

Հաշվի առնելով վերջին տարիների օրենսդրական դինամիկան, տրամաբանական է ենթադրել, որ այս քայլը նախապատրաստական փուլ է հաջորդ «բարեփոխման» համար։

Հիշենք, այն չարաբաստիկ օրինագիծը, որով նախատեսվում էր քաղաքացիներին հնարավորություն տալ գումար վճարելով խուսափել բանակից։ Այն ժամանակ հանրությանը, փորձագիտական շրջանակներին ու մի շարք քաղաքական ուժերին հաջողվեց կանգնեցնել նախաձեռնությունը։ Հակափաստարկներն այնքան ուժեղ էին, որ նույնիսկ օրինագծի հեղինակը վերջնարդյունքում դեմ քվեարկեց։ Բայց եթե ծառայության բազային ժամկետը կրճատվում է, ապա նման առաջարկի վերադարձը դառնում է տեխնիկապես ավելի «հարմար»։

Ավելի հավանական է, որ այն վերադառնա նոր փաթեթավորմամբ և ավելի «հարմար գնով»։ Կարծում եմ, 6 ամսով կրճատումը շատ մեծ ազդեցություն չի ունենա հետաքրքրվածների վրա, հատկապես, եթե «հարմար գին» սահմանվի:

Իսկ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման այս քայլն ինձ մոտ ուղիղ ասոցիացիա է առաջացնում 2018 թվականին ընդունված այն պոպուլիստական որոշման հետ, որով ժամկետայիններին թույլատրվեց բանակում հեռախոս օգտագործել․ այդ ժամանակ էլ հասարակության որոշակի շերտ դա ողջունում էր, կամ՝ առնվազն հոգու խորքում դրական էր համարում:

Սակայն ընդամենը մի քանի տարի անց, հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, մենք տեսանք այդ որոշման իրական ու ողբերգական հետևանքները։ Հետևաբար, համոզված եմ, որ եթե այս փոփոխությունն այս տեսքով ընդունվի, միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ կտրվածքում այն նույնպես բերելու է լուրջ խնդիրների՝ թե՛ բանակի մարտունակության, թե՛ անվտանգության համակարգի կայունության համար»,- մանրամասնեց նա:

Վիտալի Մանգասարյանը չբացառեց նաև, որ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումն ազդեցություն է ունենալու նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թվի վրա:

«Իմ կանխատեսմամբ, եթե այդ ծրագիրը չվերանայվի և չհամադրվի 1,5 տարվա ծառայության ժամկետին, ապա շահառուների թիվը ոչ թե կաճի, այլ կնվազի։ Այդ ծրագիրը կառուցված է եղել 2 տարվա ծառայության հաշվարկների հիման վրա, և հիմա, երբ ծառայության իրական տևողությունը նվազեցվում է, ծրագրի գրավչությունն ու տրամաբանությունը կտրուկ փոխվում են»,- ասաց նա՝ չբացառելով, որ ինչ-որ պահի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսված պայմանագրային ծառայությունը 5 տարուց, օրինակ, կդառնա 4 տարի:

Հիշեցնենք, որ 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության պայմաններում Վիգեն Սարգսյանի օրոք զինված ուժերում ներդրված «Ես եմ» ծրագրով («Պաշտպան հայրենյացը» դրա վերափոխված տարբերակն է) ծառայությունը 3 տարի էր: Իսկ ծառայության ավարտին նրա անձնական հաշվին փոխանցվում էր շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կարող էր օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում:

Բայց որոշ ժամանակ անց մասնագետները համոզմունք հայտնեցին, որ այն կա՛մ պետք է փակվի, կա՛մ՝ վերակառուցվի: Այնպես որ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ևս արդյունավետության առումով չի կարող խնդիրներից զերծ լինել:

Հ.Գ. Ի դեպ, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման օրինագիծը չի քննարկվել դեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

 

Տեսանյութեր

Լրահոս