Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը չգործող արտադրամասի իր տնօրինած տարածքում գտնվող տնակում ապօրինի պահում է թմրանյութ և պատրաստվում է իրացնել մեթադոն:

Քրեական ոստիկանները մեկնել են արտադրամասի տարածք: Նկատելով իրավապահներին` 50-ամյա տղամարդը տնակում եղած սեղանին է նետել ձեռքին եղած` մեթադոնի նմանվող հեղուկով լցված տարան և սրվակները, իսկ նրա համաքաղաքացին` նույն հեղուկով ներարկիչներ:

Տարածքը վերցվել է հսկողության:

Ժամը 11.47-ին երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են վարչություն: Երկուսն էլ հաստատել են, որ տարայում, սրվակներում և ներարկիչներում մեթադոն է:

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնակում հայտնաբերվել է ավելի քան 12 գրամ մարիխուանա, կանեփի չոր ցողուն և մեկ սրվակ մեթադոն:
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

***
Նույն օրը թմրամիջոցների հետ կապված մի տեղեկություն էլ ստացել են Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները:
Ըստ տեղեկության` Դեբեդ գյուղի մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ:

Հոկտեմբերի 17-ին` ժամը 13.50-ին, քրեական ոստիկանները Դեբեդ գյուղում ձերբակալել են 56-ամյա տղամարդուն և ներկայացրել վարչություն:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի սերմ: Նա հայտնել է, թե դրանք իրենն են, հավաքել է գոմի հետնամասում վայրի աճած կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետագա գործողություններով 56-ամյա տղամարդու գոմի տանիքում հայտնաբերվել է մոտ 330 գրամ մարիխուանա, իսկ կից տարածքում` կանեփի 24 բույս:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս