Եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը Բաքվի պատվերն է, պայքարը մինչև ընտրություններ չի մարելու. Տաթևիկ Հայրապետյան

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը հրահանգավորված է Բաքվից»,- այս մասին 168.am հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով Առաքելական եկեղեցու ու հայ հոգևորականների դեմ Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների սկսած պայքարի մասին։

Նրա խոսքով՝ ներքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանն իր սկսած պայքարից որևէ դիվիդենտ չի շահում և որևէ խնդիր չի լուծում՝ միայն բարդացնում է իրավիճակն իր համար։

«Այս պայքարը հրահանգ է Բաքվից՝ հաշվի առնելով Փաշինյան-Ալիև գործընթացների սինխրոնիզացիան, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի Ալիևին ապացուցելու, որ կատարելու է նրա կամքը՝ կոնկրետ եկեղեցու վերաբերյալ։

Քանի որ շատ են իրադարձությունները և շատերը մոռանում են դրանց մասին, հիշեցնեմ՝ այս ամենը սկսվել է մայիսին, երբ դրան նախորդել էր Կաթողիկոսի հրավիրած բավականին մեծ ժողովը Բեռնում՝ Շվեյցարիայում։ Այս ժողովի ժամանակ խոսվել էր Արցախի ժողովրդի, նրանց իրավունքների ու Արցախի մշակութային ժառանգության մասին։ Հետո արդեն ստացվեց այնպես, որ փաստացի եկեղեցին դառնում է Արցախի հարցի հետ կապված միջազգային տարբեր առումներով խնդրի ներկայացնողը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ իշխանությունն ասում է՝ «Արցախի թեմա չկա, այդ հարցը իր համար փակված է», և հանկարծ գալիս է Առաքելական եկեղեցին ու իր բավականին մեծ ազդեցությամբ սկսում է դրա մասին խոսել. դա խնդիր է դառնում Ալիևի համար։

«Ադրբեջանի ղեկավարի համար, օրինակ, խնդիր է, երբ Թրամփի վարչակազմը, որը նաև աչքի է ընկնում քրիստոնյաների շահերի պաշտպանությամբ, անընդհատ խոսում է քրիստոնյա գերիների մասին։ Այսինքն՝ թեման, որպես այդպիսին, դարձել է խնդիր, դրա համար ուզում է «լուծել» եկեղեցու հարցը՝ եկեղեցու վարկաբեկմամբ, պետք է հասնի գործողությունների, որոնք աննախադեպ են, պետք է հասնեն նրան, որ, օրինակ, կաթողիկոսը հեռանա, և խախտվի եկեղեցու նվիրապետական կամքն ու ավանդապաշտությունը։

Ուզում են ցույց տան, որ հայ հոգևորականները «կեղծ» են, և այս արշավը շատ հստակ շարունակվում է՝ մեկ Փաշազադեն է խոսում, մեկ՝ Նիկոլ Փաշինյանը, ու այսպես հստակ ձևով գնում են։ Իհարկե, սա Ադրբեջանի սրտով է, որովհետև Բաքվի պատվերն է՝ փաստերով եմ ցույց տալիս, հակաեկեղեցական այս արշավն ուղղորդվում է Բաքվի կողմից»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երբ իշխանությունները եկեղեցու հարցը լուծեն, կանցնեն Անկախության հռչակագրին և հետո Ադրբեջանի հետ այնքա՜ն գործեր ունեն անելու, հետևաբար՝ նրանք Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցեն, որպեսզի մնա Հայաստանի ղեկավար։

«Մինչև խորհրդարանական ընտրություններ այս պայքարը չի մարելու, քանի որ մարելու դեպքում Փաշինյան-Ալիև գործողությունների «ճաքեր» կլինի։ Այս պայքարն ինքը պետք է շարունակի, որպեսզի Ալիևին ապացուցի, որ շարունակելու է մնալ նրա կամակատարը, որպեսզի այդ ընտրություններում ստանա նրա աջակցությունը։ Օրինակ, եթե Ալիևն ասի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, այլ մարդ գա իշխանության, պատերազմ է լինելու, այսինքն՝ դեռ շատ տեղեկատվական արշավներ են լինելու։ Երեկ ադրբեջանցի մի փորձագետ ասում էր՝ «եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ ղեկավար, խնդիր է լինելու»։ Այսինքն՝ սրա մասին արդեն պարզ խոսում են։ Ակնհայտ է, որ այս վտանգավոր խաղը, որն ուղղված է հայկական պետականության դեմ՝ միասին են խաղում»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս