Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնական զենքը վաղ հայտնաբերումն է. մասնագետ
Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Տարիների ընթացքում այս արշավը դարձել է առավել կարևոր՝ պայմանավորված հիվանդացության թվերի աճով։ Այն նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը և նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը։ Այսօր բժշկությունը առավելապես կենտրոնանում է հենց վաղ ախտորոշման մեթոդների զարգացման վրա, քանի որ դրանք հնարավորություն են տալիս հասնել լիարժեք առողջացման։
«Արմենպրես»-ի հետ զրույցում կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանը նշեց, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը դեռևս ձևավորման փուլում են։ Նա ընդգծեց կանանց իրազեկվածության, սքրինինգային հետազոտությունների ճիշտ կազմակերպման և կանանց հետևողականության կարևորությունը։Բերբերյանը շեշտեց, որ այս ամիսը չափազանց կարևոր է իրազեկման տեսանկյունից և հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ տվել են սքրինինգային ծրագրի մեկնարկը, որը դեռ սահմանափակ է՝ նախատեսված հիմնականում հաշմանդամության կարգ ունեցող և սոցիալական խմբերում ընդգրկված 45-65 տարեկան կանանց համար։
«Ծրագիրը դեռ նոր փուլում է և ներառում է միայն մակերեսային հետազոտություններ։ Այստեղ շատ կարևոր է լինել ուշադիր և նվազեցնել բացթողումները»,-ասաց բժիշկը։ Նա նշեց, որ իրենց կենտրոնում իրականացվող մանրակրկիտ և համակարգային հետազոտությունների շնորհիվ արդեն հնարավոր է ուռուցքները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում։ Սա մեծացնում է պահպանողական վիրահատությունների թիվը և թույլ է տալիս խուսափել քիմիոթերապիայից։
«Ներդրված սքրինինգային ծրագիրն այս բազմաֆունկցիոնալ հետազոտությունների հնարավորությունը դեռ չունի։ Հետևաբար, սկզբնական փուլում չպետք է լինեն բացթողումներ։ Դրա համար բոլորս աշխատում ենք, որպեսզի ծրագիրը հաջողվի, և յուրաքանչյուր կին ստանա ճիշտ հետազոտում»,- հավելեց Բերբերյանը։
Բժիշկը մինչև 40 տարեկան կանանց հորդորեց անցնել սոնոգրաֆիկ հետազոտություններ, իսկ ռիսկային խմբի ներկայացուցիչներին՝ սկսած 35 տարեկանից։
«Մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում հետազոտություններն անցնել յուրաքանչյուր 3-4 տարին մեկ անգամ, իսկ ավելի հասուն տարիքում՝ 1-2 տարին մեկ անգամ»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին երիտասարդ կանայք ավելի ակտիվ են դարձել պրոֆիլակտիկ հետազոտությունների հարցում։ Կան դեպքեր, երբ կանայք որևէ գանգատ չունեն, բայց դիմում են մասնագետին՝ պարզելու, թե ինչպե՞ս և ե՞րբ պետք է անցնել հետազոտություն։
Բերբերյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հաճախ որևէ գանգատ չի առաջացնում. «Կանայք պետք է կարողանան հիվանդությունը բացահայտել դեռ մինչև գանգատի առաջանալը։ Սկսած 18 տարեկանից՝ ամսական մեկ անգամ ինքնազննումը շատ կարևոր և պարտադիր է։ Այն թույլ է տալիս կնոջը ճանաչել իր կրծքագեղձի կառուցվածքը և փոփոխության դեպքում անմիջապես դիմել մասնագետին»,- ասաց բժիշկը։
Նա անդրադարձավ նաև հորմոնալ դեղամիջոցների, արհեստական հղիությունների և երիտասարդացման հորմոնալ միջամտությունների ազդեցությանը. «Որոշ դեպքերում դրանք կարող են նպաստել ուռուցքի ավելի վաղ զարգացմանը։ Հղիության ընթացքում կամ դրանից անմիջապես հետո՝ կրծքով կերակրման շրջանում, կանայք պետք է լինեն առավել զգոն և պարբերաբար անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություններ, հատկապես՝ ռիսկի խմբում գտնվողները»,-շեշտեց Բերբերյանը։Անդրադառնալով տարածված միֆերին՝ մասնագետը պարզաբանեց, որ բիոպսիան չի կարող վնասել կրծքագեղձը կամ նպաստել ուռուցքի տարածմանը։
Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում։ Իսկ մամոգրաֆիայի ժամանակ կիրառվող ճառագայթումը մինիմալ է և նոր տեխնոլոգիաների շնորհիվ չի վնասում կրծքագեղձը։
Բերբերյանը նշեց, որ քիմիոթերապիայի, վիրահատության և ճառագայթային բուժման որոշումները ընդունվում են անհատական մոտեցմամբ՝ կախված ուռուցքի տեսակից և աճի արագությունից։
«Մի դեպքում քիմիոթերապիան կիրառվում է ուռուցքը փոքրացնելու նպատակով, մյուս դեպքում՝ ռիսկը նվազեցնելու համար։ Երբ ուռուցքը փոքր է և ոչ ագրեսիվ, անմիջապես կատարվում է վիրահատություն։ Ուռուցքների վաղ հայտնաբերման շնորհիվ վերջին տարիներին պահպանողական վիրահատությունների թիվը զգալիորեն աճել է։ Կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվում է վաղ հայտնաբերման հնարավորությունից»,- շեշտեց բժիշկը։
Նա անդրադարձավ նաև ժառանգական նախատրամադրվածության պարագայում կատարվող պրոֆիլակտիկ վիրահատություններին՝ նշելով, որ նման մոտեցումները Հայաստանում դեռևս լայն տարածում չունեն, սակայն շատ կարևոր են գենետիկ բարձր ռիսկ ունեցող կանանց համար։
Խոսելով նորարարական մեթոդների մասին՝ Բերբերյանը նշեց, որ ներկայում փորձարկվում է թերմալ պատկերավորման տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել կրծքագեղձում հնարավոր նախնական փոփոխությունները։«Այս տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, սակայն նպատակն է ստեղծել սարք, որը կօգտագործվի հեռախոսի նման ինտերֆեյսով»,- ասաց նա։
Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ մամոգրաֆիան ստեղծված է առողջ կնոջ համար՝ ուռուցքը հայտնաբերելու այն պահին, երբ դեռ ախտանշաններ չկան:
«Հետևողական հետազոտություններ անցկացնելը կնոջ անվտանգության կարևորագույն գործոնն է։ Սոնոգրաֆիա, մամոգրաֆիա և ինքնազննում՝ սա այն եռանկյունին է, որը պաշտպանում է առողջությունը և բարձրացնում բուժելիության հավանականությունը»,- եզրափակեց բժիշկը:

