ԱՅԳ 1, 2, 3․․․ մոտ 23,5 միլիոն դրամ է հատկացվել կառավարության կողմից ստեղծված ու տապալված ԱՆԻՖ-ի կիսատ թողած ծրագիրը գլուխ բերելու համար

Էկոնոմիկայի նախարարությունն օրերս «Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ին հատկացրել է շուրջ 23,5 միլիոն (23 միլիոն 490 հազար) դրամ դրամաշնորհ։

Պայմանագրում նշվում է, որ գումարն ուղղվելու է «Այգ -1 արևային-ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման ծրագրի իրականացմանը։

Ի դեպ, Թալին խոշորացված համայնքի Դաշտադեմ գյուղի դաշտերի մի մասում արդեն պետք է մեկնարկած լինեին «ԱՅԳ-1»-ի աշխատանքները․ 174 միլիոն դոլարի ներդրման մասին պայմանագիրը դեռ 2019 թվականին էր ստորագրվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի և  արաբական «Մասդար» ընկերության կողմից։

Արաբական «Մասդար»-ը էլեկտրակայաններ է կառուցել շուրջ 30 երկրներում։ Հայաստանի հետ կնքված հուշագրին գրեթե զուգահեռ արևակայան կառուցելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Ադրբեջանի հետ, որտեղ կայանը ոչ միայն հասցրել են կառուցել, այլև արդեն շահագործվում է։

Կարդացեք նաև

ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացից հետո ՀՀ կառավարությունը ստեղծեց նոր ընկերություն՝«Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ն, «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի ծրագրի իրականացման և «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը սեփականության իրավունքով ստանալու նպատակով։

Իսկ ամիսներ առաջ էլ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել  «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին։

Տեսանյութեր

Լրահոս