 
                        Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում այցելել Երևան
 
                                    Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, այսպես կոչված, խաղաղության հաստատման հռետորաբանության շրջանակում ՀՀ իշխանությունները փորձում են հող նախապատրաստել նաև փոխադարձ այցերի համար։
Ինչպես հայտնի է, մեկնարկել է ուղիղ երկխոսություն Հայաստանի ու Ադրբեջանի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որի շրջանակում հենց այս ամիս ադրբեջանական պատվիրակություն ժամանեց Հայաստան՝ հանդիպումների ու քննարկումների, ժողովրդական երկխոսությունն առաջ մղելու նպատակով։
Հոկտեմբերի 29-ին, սակայն, Հայաստանում անցկացվեց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, որում ներգրավված է նաև ադրբեջանական կողմը, և որին ադրբեջանցի խորհրդարանականները չմասնակցեցին իբրև թե այս հարթակի նկատմամբ անվստահության պատճառով։
«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ առանց հստակ ժամկետներ նշելու:
«Իհարկե, կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է: Բայց շփումները շարունակվելու են, մենք այդ շփումները խորացնելու ենք: Երբ ասում եմ` «մենք», իմ ընկալմամբ, նկատի ունեմ, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սակայն ուշագրավն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է մերժել Երևանի՝ ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
Օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին բարձր մակարդակով բանավոր հրավիրել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Սակայն ադրբեջանական իշխանամետ Caliber.аz-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, որն Ադրբեջանի պարագայում Ադրբեջանի նախագահականն է, տեղեկատվություն տարածեց, որ Ալիևը չի ընդունի այդ հրավերը։
«Ադրբեջանը հավատարիմ է իրական գործողությունների սկզբունքին: Առանց ստորագրված համաձայնագրի և գործնական մեխանիզմների գործարկման բարձր մակարդակի՝ այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին: Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների իրականացումը, նման քայլերը վաղաժամ կլինեն։
Ապագայում բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունը չի բացառվում: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը: Այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները կատարելու համար, որոնք կամրապնդեն խաղաղությունը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»,- գրել էր ադրբեջանական Caliber.az-ը։
Այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունը, որը արդեն բարրձագույն մակարդակով հայտարարում է, թե խաղաղություն է հաստատված, Երևանին ընդառաջ քայլերի համար սպասում է համաձայնագրի ստորագրմամբ։
Ուստի տրամաբանական հարց է առաջանում՝ եթե խաղաղությունը հաստատված է, ինչո՞ւ է Ալիևը վարանում, որտե՞ղ է խնդիրը։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև կան հրապարակային մեկնաբանություններ, թե տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» է մեկնարկել, կան որոշ միտումներ, քայլեր, հանգամանքներ, որոնք փաստում են, որ կա սահմանին կայունություն, սակայն վստահություն՝ ոչ։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն հավասար քննարկումների, նրանք դեռ հանդես են գալիս ուժի պարտադրանքի դիրքերից։

«Ի վերջո, այս հռետորաբանությունը ներկայումս ցույց է տալիս, որ կա ավելի շատ արտաքին քաղաքական պատկեր ստեղծելու փորձ, թեև կողմերն ունեն առաջընթաց՝ շատ հարցերում ձեռք են բերել կոնսենսուս, այդ ամենի արդյունքում հայտարարում են, որ խաղաղություն է հաստատվել։ Սակայն կա վստահության պակաս, սա է պատճառը, որ քանի դեռ չկա ստորագրված համաձայնագիր, գուցե նման այցերից կողմերը խուսափեն, քանի որ նման բարդ ու երկարատև բանակցություններում ամենակարևորը հենց վերջին գործընթացներն են՝ այդ ամենի ամրագրումները։
Ի վերջո, այս հռետորաբանությունում էական նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Թրամփի գործոնը, նրա ցանկությունը՝ խաղաղություն հաստատել տարբեր ռեգիոններում և ստանալ գովասանքներ բոլորից։ Պատահական չէր, որ վերջինս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների հարցով դրական արձագանքներ է ստացել նաև ՌԴ նախագահից, պատահական չէ նաև, որ իր գրեթե բոլոր ելույթներում Թրամփն անդրադառնում է այս թեմային՝ փորձելով ցույց տալ իր բացառիկ դերը կամ բանակցային կարողություններն ու հեղինակությունը։ Ուստի կողմերը պետք է շարժվեն այս տրամաբանության ներքո, անեն հայտարություններ, սակայն, ի վերջո, կարևորվում են վերջնական փաստաթղթերը, քանի որ հակամարտությունը ձգվել է տասնամյակներ և ունեցել է բավականին բարդ ընթացք»,- մեկնաբանեց Խրամչիխինը։
Նրա խոսքով, գուցե հռետորաբանությունը կողմերի միջև փոխվել է, սակայն ռեգիոնում միմյանց հետ հարաբերվելու տրամաբանությունը դեռ չի փոխվել։
«Բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանը պատերազմից հետո ևս խաղարկում է ռեգիոնում իր ուժային դիրքերը, փորձում բոլոր հարցերը լուծելիս առաջնորդվել իր հաղթանակով ու ուժով։ Ներկայումս դա վերաճել է մեկ այլ երևույթի, երբ Ադրբեջանը ձգտում է ազդեցության արդեն այլ ռեգիոններում, ինչպիսին Կենտրոնական Ասիան է։ Դա արվում է ԹՊԿ միջոցով։ Ադրբեջանի այդ դիրքավորումը նկատվում է նաև Ռուսաստանի, Եվրոպայի ու Իրանի հետ հարաբերություններում վերջին տարիներին։
Հարավային Կովկասում պատերազմից հետո սկսվեց վերադասավորումների ակտիվ փուլ, որը պայմանավորված է՝ ինչպես աշխարհաքաղաքական կենտրոնների փոփոխված հավակնություններով, ծրագրերով, այնպես էլ՝ կողմերի արտաքին քաղաքական նոր որոշումներով։ Ի դեպ, այդ որոշումները կայացրին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն։ Եվ առաջիններից մեկը հենց դիստանցավորումն էր Մոսկվայից՝ զուգահեռաբար Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Ներկայումս տեսնում ենք, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, փորձում է միանալ ԵՄ-ին, ԵՄ-ն ոչ պակաս է ոգևորված այս օրակարգով, քանի որ ռեգիոնում չունի այլևս որևէ պարտավորություն, անվտանգային երաշխիքներ տալու խնդիր, անդամակցության հեռանկար տրամադրելու հարց։
Այսինքն՝ ռեգիոնն այսօր փոխված է թե ներքին, թե արտաքին առումով, և սա բոլոր կենտրոններից պահանջում է նոր մոտեցում։ Խոսքը նաև Մոսկվայի մասին է, որը դեռ նոր դիրքավորում չունի, զբաղված է Ուկրաինայի օրակարգով, պահպանելով ստատուս-քվոն այլ ռեգիոններում։ Ուստի, չեմ կարծում, թե ամեն ինչ այդքան պարզ է։ Եթե կա խաղաղություն, այո՛, այցեր կլինեն, կլինեն պայմանավորվածություններ, իսկ եթե այցեր չկան, ուրեմն գործընթացի նկատմամբ կան վերապահումներ, կան դեռ ակնկալիքներ այդ գործընթացից»,- ասաց Խրամչիխինը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        