 
                        Նյու Յորքում տեղատարափ անձրևներից երկու մարդ է զոհվել
 
                                    Նյու Յորքի մի քանի հատվածներում գրանցված ռեկորդային անձրևները, որոնք հեղեղել են որոշ փողոցներ և մետրոյի կայարաններ, առնվազն երկու զոհի պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանության հաղորդագրությունը։
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 39-ամյա մի տղամարդու անգիտակից վիճակում հայտնաբերել են Բրուքլինի ջրհեղեղված նկուղում․ հիվանդանոց տեղափոխելուց հետո արձանագրվել է նրա մահը։ Բացի այդ, 43-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել Մանհեթենի հյուսիսում գտնվող Վաշինգտոն Հայթսում հեղեղված կաթսայատանը։
Նյու Յորքի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին Կենտրոնական այգում գրանցվել են 45 մմ տեղումներ։ Նախնական տվյալներով՝ դա կգերազանցի 1917 թվականին սահմանված նախորդ ռեկորդը։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը նաև հայտնել է, որ Լա Գուարդիա օդանավակայանում գրանցվել են 50 մմ տեղումներ, ինչն, ըստ նախնական տվյալների, կգերազանցի 1955 թվականին սահմանված նախորդ ռեկորդը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        