 
                        Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը
 
                                    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ մանրամասներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ, անդրադարձել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով առկա խնդիրները և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը, որի հիմքում կլինի գործող օրենսդրության և պրակտիկայի լավարկումը: Ընդգծվել է, որ իրականացվող բարեփոխումները կնպաստեն նաև ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը, այդ թվում՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին: Սրբուհի Գալյանը նշել է, որ հայեցակարգի մշակման հիմքում այլ վերլուծություններին զուգահեռ, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը ևս:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագրի, այդ թվում՝ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման, օրենսդրական փաթեթի մշակման հետ կապված հարցեր:
Փաշինյանը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործառնական և ինստիտուցիոնալ անկախությամբ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետք է բարելավի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման մակարդակը, նպաստի մասնագետների կարողությունների զարգացմանը և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        