 
                        Մեկ անձից գնումով ավելի քան 3,3 մլրդ դրամ կհատկացվի բրիտանական «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ»-ին՝ Ակադեմիական քաղաքի համար
 
                                    ՀՀ կառավարության 30.10.2025թ․ N 1533 — Ն որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խորհրդատվական ծառայություններ ձեռք կբերի «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունից:
Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստին:
Խորհրդատվական ծառայությունների անհրաժեշտությունը առաջացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը պատշաճ կերպով ապահովելու նպատակով:
Խորհրդատվական ծառայությունները մասնավորապես միտված են լինելու Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը՝ ՀՀ մանկավարժական կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով:
«ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունը Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր կազմակերպությունն է: Միայն այս ընկերության միջոցով է UCL-ը խորհրդատվական ծառայություններ մատուցում՝ գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով:
2024թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և UCL-ի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով՝
համալսարանների միավորման մոդելների վերաբերյալ գիտելիքի փոխանակում և խորհրդատվության մատուցում,
ուսումնական ծրագրերի մշակում և գնահատում,
բարձրագույն կրթության հաստատության աշխատակազմի մասնագիտական զարգացման նպատակով աջակցություն:
Արդեն 12 տարի անընդմեջ UCL-ը կրթության ոլորտում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ UCL Կրթության ինստիտուտի ակադեմիական գերազանցությամբ ու առաջնորդությամբ: Այն առաջատար է Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարաններից։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ որոշում է կայացվել գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:
Մատուցվող ծառայությունների արժեքը կկազմի 6,610,400.0 բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP) համարժեք ՀՀ դրամ հինգ տարվա համար: Նախատեսվում է ըստ տարիների բաշխված գումարները յուրաքանչյուր օրացուցային տարվա կտրվածքով փոխանցել փուլային տարբերակով՝ «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության հետ կնքվող՝ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ծառայությունների ձեռք բերման պայմանագրի համաձայն։
Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագրեր են կնքվել՝
ԹՈՒՄ Ինթերնեյշնլ ՋիԷմբիԷյջ-ի հետ՝ Ակադեմիական քաղաքի կառավարման մոդել մշակելու և Ակադեմիական քաղաքի տեխնիկական կլաստերի ինտեգրված ռազմավարություն և կառավարման համակարգ ձևավորելու ծառայությունները ձեռք բերելու,
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերության հետ՝ գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերելու,
ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգի հետ՝ քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ ձեռք բերելու,
Սիստեմատիկա ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        