 
                        ՆԱՍԱ-ն պատասխանել է Քիմ Քարդաշյանի կասկածներին
 
                                    Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (ՆԱՍԱ) տնօրենի պաշտոնակատար Շոն Դաֆին ստիպված է եղել հերքել ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի այն հայտարարությանը, որ ինքը չի հավատում Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքին։
Դաֆին Քարդաշյանի մեկնաբանություններին պատասխանել է X սոցիալական հարթակում։
«Այո, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք Լուսնի վրա… Վեց անգամ։ Եվ ավելին, ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը վերադառնում է ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում և կհաղթենք նաև այս մեկում», – գրել է NASA-ի տնօրենի պաշտոնակատարը։ Նա իր գրառմանը կցել է մի հատված «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի նոր դրվագից։
Նկարահանումների ժամանակ հեռուստաաստղը հայտարարել է, թե չի հավատում, որ 1969 թվականին ամերիկացիներին հաջողվել է վայրէջք կատարել Լուսնի վրա։
Քարդաշյանը փորձել է դա համոզել դերասանուհի Սառա Փոլսոնին՝ վկայակոչելով մի հոդված, ըստ որի ամերիկացի աստղագնաց Բազ Օլդրինն ասել է, թե, իբր, վայրէջք չի եղել։ 2022 թվականին Reuters գործակալության լրագրողներն ուսումնասիրել են փաստերը և Բազ Օլդրինի մասնակցությամբ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը համարել են կեղծ։ Տեսանյութը մոնտաժվել էր այնպես, որ Օլդրինն, իբրև, ասում է, թե Լուսնի վրա վայրէջքի կադրերը կեղծվել են։ Իրականում աստղագնացը նկատի է ունեցել այն անիմացիոն կադրերը, որոնք հեռուստաընկերություններն օգտագործել են իրենց ռեպորտաժներում Լուսնի վրա վայրէջքի մասին՝ դրանցով ընդմիջելով խրոնիկայի դրվագները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        