 
                        Հնդկաստանի խոշորագույն նավթային կոնցեռնը կրկին նավթ է գնում Ռուսաստանից. Reuters
 
                                    Հնդկաստանի Indian Oil Corp (IOC) խոշորագույն նավթային կոնցեռնը վերսկսում է ռուսական նավթի գնումները։ Ընկերությունը նավթի հինգ խմբաքանակ է գնել (որոնք կմատակարարվեն դեկտեմբերին) պատժամիջոցների տակ չհայտնված մատակարարներից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առևտրի ոլորտում իր աղբյուրներին:
Ընդհանուր առմամբ, խոսքը 3,5 միլիոն բարել ռուսական ESPO տեսակի նավթ գնելու մասին է։ Ինչպես նշում է գործակալությունը, սա նշանակում է, որ ընկերությունը վերսկսում է գնումները, չնայած Հնդկաստանի վրա ուժեղացող ճնշմանն ԱՄՆ-ի կողմից, որը պահանջում է դադարեցնել ՌԴ-ից նավթի ներմուծումը։
IOC-ի ֆինանսական տնօրեն Անուջ Ջայնն ավելի վաղ հայտարարել էր, որ կոնցեռնը կշարունակի ռուսական նավթ գնել, եթե մատակարարումները չխախտեն միջազգային պատժամիջոցները, հիշեցնում է Reuters-ը։
ԱՄՆ-ն հոկտեմբերի 22-ին նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի դեմ՝ այդ քայլը բացատրելով «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Մոսկվայի սանձազերծած պատերազմին վերջ դնելու լուրջ շահագրգռվածության բացակայությամբ»։ Սև ցուցակում ներառվել են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունները՝ «Ռոսնեֆտ»-ը և «Լուկօյլ»-ը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գտնվող դրանց դուստր ընկերությունները։ Խախտումների համար նախատեսված է կիրառել «քաղաքացիական-իրավական կամ քրեական պատժամիջոցների կիրառում ԱՄՆ-ի և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»։
Այնուհետև հաղորդվել է, որ Չինաստանը և Հնդկաստանը պատրաստվում են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումը։ Մասնավորապես, հայտնի է դարձել երկու լցանավերի մասին, որոնք ուղևորվում էին ՌԴ-ից Հնդկաստան, սակայն փոխել են իրենց ուղղությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո։ Դրանցից առաջինը շրջվել է Բալթիկ ծով, երկրորդն արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        