Իրականում ի՞նչ էր քննարկել Զոհրաբ Մնացականյանն իր ուկրաինացի և իտալացի գործընկերների հետ

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ էր ունեցել իր իտալացի և ուկրաինացի գործընկերների հետ, որոնց վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից բացակայում էին երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ քննարկել էր՝ ինչպես կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերները, այնպես էլ՝ երկկողմ հարաբերությունները։

«Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատեցին Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի»,- ասված էր ԱԳՆ հաղորդագրությունում։

Իսկ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դմիտրո Կուլեբան մտքեր էին փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ:

«Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում բարձր գնահատվեց Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը»,- ասված էր Մնացականյան-Կուլեբա հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ԱԳՆ պաշտոնական տեքստում։

Ուշագրավը, սակայն, այն էր, որ հենց նույն ամսվա ընթացքում՝ ապրիլին, Ուկրաինայի ԱԳՆ-ն փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի ստորագրությամբ փաստաթուղթ էր տարածել, որում հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը չընդունելու և Թուրքիային սատարելու մասին, ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում որևէ խոսք չկար այս թեման քննարկելու և ՀՀ դիրքորոշման մասին։

Ուստի ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆնա Նաղդալյանին հարց ուղղեցինք՝ արդյոք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շոշափվե՞լ է Ուկրաինայի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում, և, եթե քննարկվել է, ապա ի՞նչ է քննարկվել։

Հատկանշական էր նաև այն հանգամանքը, որ եվրոպացի մի շարք վերլուծաբանների գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Իտալիա այս տարվա փետրվար ամսին եզակի էր իր բովանդակությամբ և խորությամբ, ու կողմերը փետրվարյան այցի ընթացքում բազմակողմանի ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր էին ընդունել, որը հաստատում է կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության վրա, այսինքն՝ միջազգային օրենքների այն սյուների, որոնց վրա է Ադրբեջանն ավանդաբար հենվել Հայաստանի նկատմամբ իր պահանջները ներկայացնելիս։

Աննա Նաղդալյանին հարց ուղղեցինք նաև Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին․

«Իտալիայի պաշտոնակցի հետ զրույցում քննարկվե՞լ է արդյոք Իտալիայի տվյալ դիրքորոշումը և ի՞նչ կոնտեքստում»։

Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանություններ է տվել ՀՀ ԱԺ-ում։ Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ Երևանը երբևէ բարդույթ չի ունեցել Կիևի հետ խոսելու, բայց, միաժամանակ, լուրջ մտահոգություններ է ունեցել՝ կապված Ուկրաինայի որոշ դիրքորոշումների հետ:

«Որևէ գաղտնիք չի եղել այդ առումով: Մեր մոտեցումն այն է, որ երկխոսելը միակ ճանապարհն է, և մենք բարդույթ չունենք երկխոսելու և շարունակելու գտնել այն ճանապարհը, որը մեզ հնարավորություն կտա զսպելու և չեզոքացնելու այն հարցերը, որոնք մեր երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել»,- ասել էր Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցին, ապա Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հրապարակային մասն արդեն իսկ ներկայացված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց այն երկկողմ փաստաթղթերի վերաբերյալ հղումը, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել: Հարկ եմ համարում ընդգծել, որ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները համաձայնել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս դիրքորոշումը վերահաստատվել է 2018թ. ԵԱՀԿ Իտալական նախագահության կողմից: Հայկական կողմն ուշադիր կերպով հետևում է այդ ԵԱՀԿ հանձնառության պահպանմանը»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տեսանյութեր

Լրահոս