«Վերջին շրջանում Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածության երկու կետ ենք ունեցել և երկուսն էլ առնչվում են Արցախին». Վարդան Ոսկանյան

«Վերջին շրջանում Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածության երկու կետ ենք ունեցել և երկուսն էլ առնչվում են Արցախի Հանրապետությանը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական զանազան հակահայկական և հակաիրանական լրատվական ռեսուրսներ տեսանյութ տարածեցին, թե իբրև իրանական բեռնատարները կորոնավիրուսի համաճարակ են «բերում» Արցախ: Այս տեսանյութի հիման վրա որոշակի հռետորաբանության մակարդակում տարբեր անդրադարձներ եղան թե՛ իրանական, թե՛ ադրբեջանական կողմից: Վերջինս հայտարարեց, որ իրանական բեռնատարները որևէ անելիք չունեն Արցախում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջան-Իրան հարաբերություններում նկատվող լարվածությանը:

Նրա խոսքով՝ վերը նշված խնդիրը դեռ չհարթած, առաջացավ երկրորդ խնդիրը, որն առնչվում է Իրանի կողմից Արաքս գետի վրա հիդրոհանգույցների շինարարությանը: Այս հինդրոհանգույցները մասնակիորեն գտնվում են նաև Արցախի Հանրապետության անքակտելի մաս հանդիսացող տարածքներում, այն տարածքներում, որոնց նկատմամբ Ադրբեջանը մինչ այսօր հավակնություններ ունի:

«Այս առումով Ադրբեջանի կողմից տեղի ունեցան բողոքի որոշակի գործողություններ, մի կողմից՝ միավորվեցին Ադրբեջանի հակաիրանական ուժերը, մյուս կողմից՝ Իլհամ Ալիևի հանդեպ քննադատական մոտեցում ունեցող որոշակի ընդդիմադիր շրջանակներ: Ամենակարևորը ոչ թե հիդրոհանգույցների խնդիրն է, այլ, դատելով ադրբեջանական կողմի արձագանքներից, նաև Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության պաշտոնական հայտարարությունից: Այստեղ խոսքն ավելի շատ վերաբերում է կամուրջներին, որոնք փաստացի կապում են Արաքսի երկու կապերը, այսինքն՝ դե ֆակտո Արցախը կապում են Իրանին: Ահա սա՛ է, որը լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական կողմին: Գիտենք, որ հայ-իրանական սահմանի բավականին զգալի հատվածը բաղկացած է Արցախ-Իրան սահմանագծից, և այդ շրջանի հնարավորություններն ու ներուժն ամբողջովին օգտագործված չեն: Բնականաբար, իրանցիներն այս ուղղությամբ աշխատում են, ուրախալի է, և, կարծում եմ՝ կարևոր էր, որ այս սահմանագծի հատվածը կարծես թե որոշակիորեն սկսել է ակտիվանալ: Ամեն դեպքում, դատելով առկա տեղեկատվությունից, որոշակի նման գործընթացներ կան»,- հավելեց Վարդան Ոսկանյանը:

Հարցին՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությունն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ հայ-իրանական հարաբերությունները չպետք է կապել Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, իրացնելու պարագայում որևէ խնդիր չի կարող լինել ադրբեջանական կողմից:

«Բնական է՝ այս տարածաշրջանում մենք փաստացի պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, և այդ պետությունը փորձում է վարել Հայաստանի մեկուսաման, շրջափակման քաղաքականության ամբողջացման մի ծրագիր, որը միտված է Իրանի հետ ջերմացման՝ շատ դեպքերում պատրանք ստեղծելով կամ սեփական տնտեսական ներկայությունը Հայաստանի հետ սահմանակից իրանական նահանգներում ուժեղացնելով՝ փորձ կատարել՝ հարավից ևս Հայաստանը շրջափակել: Ասեմ, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման, եթե մենք իրացնենք մեր օրակարգերն Իրանի հետ»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ գրեթե նույնանման քաղաքականություն արդեն մի քանի տասնամյակ շարունակ Ադրբեջանը վարում է Վրաստանում, որտեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ իր ունեցած ֆինանսական միջոցներով և տնտեսական ներկայությամբ, փորձում է հնարավորինս սահմանափակել հայ-վրացական հարաբերությունները՝ Հայաստանի շրջափակման իր ծրագրի տրամաբանության մեջ:

«Բնականաբար, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն հունի մեջ են, բայց ադրբեջանական ներկայությունն ինչ-որ դեպքերում խոչընդոտում է այդ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը: Հետևաբար՝ Իրանի հետ, և՝ ոչ միայն, մեր քաղաքականությունը կառուցելիս, մշտապես պետք է նկատի ունենանք այն սպառնալիքները, որոնք կան ադրբեջանական կողմից, նաև մեր գործողությունները ծրագրենք՝ հաշվի առնելով այս հանգամանքը:

Իսկ Իրանի հետ հարաբերությունների խորացումը տարբեր մակարդակներում, բնականաբար, բխում է մեր երկկողմ շահերից, այն Հայաստանի և Իրանի հանրապետությունների համար ունի կենսական նշանակություն: Ուստի կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է աշխատեն այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ որոշակի կնճիռներ առաջացել էին այդ հարաբերություններում՝ հատկապես Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման հետևանքով:

Ըստ իս՝ կողմերը քննարկումների միջոցով պետք է բոլոր առկա կնճիռները կարողանան հնարավորինս արագ հարթել: Ամենևին սազական չէ հայ-իրանական հարաբերություններում հռետորական, ԶԼՄ մակարդակում որոշակի փոխհրաձգության առկայությունը, որի ականատեսը եղանք որոշ ժամանակ առաջ»,- շեշտեց նա:
Իրանագետը նաև արձանագրեց, որ Ադրբեջանն իր երկարաժամկետ  քաղաքականությունը վարում է՝ ելնելով մեկ հիմնական նպատակից՝ հնարավորինս թուլացնել Հայաստանը, հնարավորության դեպքում վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմ, սա, իրենց եզրաբանությամբ, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, և տարածաշրջանում հաստատել գերակա դիրքեր:

«Այս ծրագիրը տեղավորվում է ավելի լայն մտայնության մեջ, որը վերաբերում է թուրք-ադրբեջանան ընդհանուր ռազմավարությանը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանի համար նախատեսված է ոչ ամենևին այնպիսի դիրք, որը մենք կցանկանայինք: Հետևաբար, մեր գործողությունները ցանկացած խնդրում, որը վերաբերում է տարածաշրջանին և արտատարածաշրջանային մեր գործընկերների հետ հարաբերություններին, պետք է համակարգվի՝ նաև հաշվի առնելով այս մտայնությունը: Եթե Ադրբեջանին և Թուրքիային պետք է թույլ Հայաստան, ապա մեզ պետք է ամենահզոր Հայաստանը, որը տարածաշրջանում կլինի գերտերություն, այս ուղղությամբ է, որ մենք պետք է աշխատենք: Զանազան կենցաղայինին ձգտող խնդիրները, որոնք զբաղեցնում են մեր միտքը, ուղեղը և մեզանից խլում են հսկայածավալ ռեսուրսներ, չեմ կարծում, թե օգնում են այս տեսլականին հասնելու համար»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս