«Մեր պանծալի կառավարությունն ամեն ինչ արեց, որ հիվանդությունն ավելի շատ տարածվի». Հրաչ Բերբերյան
«Հայաստանում լուրջ քանակությամբ մեղվի անկում ունենք, որը միջազգային կազմակերպությունները կապում են բջջային կայանների էլեկտրամագնիսական ճառագայթման հետ: Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում ուսումնասիրություններ են արվել, և Լեհաստանը հայտարարել է, որ մեղվի քանակի 30 տոկոս անկում ունի, Անգլիան՝ 15, որը, բնականաբար, կազդի փոշոտման վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Աշնանը ունեցանք տեղումներ, փոշոտումը դանդաղեց, բայց դե, մեղվի քանակի անկում էլ ունենք: Այնպես որ, պտղի ռեկորդային բերքի մասին խոսելով, ինչպես խաղողի դեպքում է, դատարկախոսները որպես լավ աշխատանքի արդյունք են փորձում ներկայացնել, ցավոք, այդպես չէ»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ֆիլոքսերայի դեմ պայքարին (թարգմանաբար նշանակում է՝ «խաղողի տերևի չորացնող» կամ «արմատային լվիճ-ավերող»)», Հրաչ Բերբերյանը նշեց.
«Կարանտինը պետք է պահպանվի: Մեր պանծալի կառավարությունն ամեն ինչ արեց, որ այդ հիվանդությունն ավելի շատ տարածվի»:
Խաղողագործների կարծիքով էլ՝ Հայաստանում խաղողի բերքը կկրճատվի 20-30%-ով, որը պայմանավորված է մի շարք սնկային հիվանդություններով։
Նրանց փոխանցմամբ՝ Արարատում, Արմավիրում ֆիլոքսերան տարածված է, իսկ սրա դեմ պայքարի միջոցներից են, օրինակ՝ ֆիլոքսերակայուն արմատները:
Ավելի վաղ զրուցել էինք նաև Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ, ում խոսքով՝ ֆիլոքսերան այգիներին մեծ վնաս է հասցնում: «Գինու խաղողի այգիներ շատ քիչ ունենք, իսկ եղած այգիներին էլ վնաս է հասցնում ֆիլոքսերա (որդալվիճ) վնասատուն, դրա վերջը չենք կարողանում տալ: Այն Հայաստանի այգիները ոչնչացնում է»,- նշել էր Գինու ազգային կենտրոնի նախագահը:
Անի Կարապետյան