Բաժիններ՝

«Գինու խաղողի այգիները ոչնչացնում է ֆիլոքսերա վնասատուն, իսկ դրա վերջը չենք կարողանում տալ». Գինու ազգային կենտրոնի նախագահ

«Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի»,- սեպտեմբերի 4-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի, և այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»,- գրել էր  վարչապետը:

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շուկայում մրգային գինիները մրցակից չեն, էկզոտիկա են, մարդիկ հետաքրքրությունից դրդված են գնում:

«Հիմնականում նռան գինի ենք արտահանում, քիչ քանակությամբ ելակ, ծիրան: Համաշխարհային շուկայում լիդերն Իսրայելն է,  որը կամաց-կամաց գրավում է ամբողջ աշխարհը: Այնտեղ մրգային գինու մեկ շիշը 20 եվրոյից հասնում է մինչև 75 եվրոյի: Սա վերաբերում է եվրոպական և ամերիկյան շուկաներին:  Հայաստանում արտադրված մրգային գինիները կան ամբողջ աշխարհում, բայց հատկապես՝ ռուսական շուկայում, և գները, բացի մի քանի ընկերությունների ներկայացրած գինիներից, որոնց մեկ շիշը 5 եվրոյից վերև է գտնվում, մնացածներինը, ցավոք, 2-3 եվրոյի միջակայքում է»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը:

Ինչ վերաբերում է խաղողի գինուն, ապա, Ավագ Հարությունյանի խոսքով, այստեղ խնդիր կա՝ սահմանափակված են, որովհետև խաղող չունենք, իսկ օրենքն արգելում է այլ տեղերից խաղող բերել:

«Էժան գինու համար թույլատրվում է  խաղող ներկրել, բայց ոչ թանկ գինու համար, իսկ մեր ճանապարհը թանկ գինին է, մենք այդքան ռեսուրս, մարդ, այգի, հող չունենք, որ էժան գինի արտադրենք: Պետք է թանկ գինի արտադրենք, իսկ այս դեպքում աշխարհի բոլոր երկրներում օրենքն  արգելում է բերել այլ տեղից:

Գինու խաղողի այգիներ շատ քիչ ունենք, իսկ եղած այգիներին էլ վնաս է հասցնում ֆիլոքսերա (որդալվիճ) վնասատուն, դրա վերջը չենք կարողանում տալ: Այն Հայաստանի այգիները ոչնչացնում է»,- նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի հիմնական արտադրանքը կոնյակն է, խաղողի 93 տոկոսը կոնյակի համար է ծառայում:

«Այդպես է եղել վերջին 100 տարում: Սա Ցարական Ռուսաստանի թելադրած քաղաքականությունն էր, որը շարունակվեց: Մենք չկարողացանք դուրս գալ այդ կաղապարից, և կոնյակը դարձավ մեր զարգացման զսպաշապիկը: Լրիվ քաղաքականացվեց դաշտը, գյուղացին: Հիմա կամաց-կամաց փորձում ենք մաքրվել կեղծ կոնյակի և կեղծ խաղողի իրականությունից: Իսկ նռան գինու մասով խնդիր չկա, օրենքը չի արգելում դրսից նուռ բերել: Հարևան Իրանում շատ բարձր որակի նուռ կա: Հիմա Իսպանիայում, Կալիֆոռնիայում մշակում են ցրտադիմացկուն նռան սորտեր, այգիները տնկում են շատ ցուրտ վայրերում, Հայաստանում էլ նման 1-2 այգի կա, բայց կարող ենք ընդլայնել ու տնկել մի շարք վայրերում: Համոզված եմ, որ սա մեծ ապագա ունի, ուղղակի մենք պետք է դուրս գանք նռան լուրջ գինու մշակույթ, թանկ նռան գինի արտադրենք»,- նկատեց Ավագ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս