Ադրբեջանը չի հանգստանա այնքան ժամանակ, մինչև հայերը Հայաստանում փոքրամասնություն չլինեն. Հակոբ Բադալյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Մոսկվայում Պուտին-Փաշինյան զրույցը կընթանա այն շրջանակում, ինչ պայմանավորվել է Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռյակը Չինաստանում: Պուտինը Փաշինյանին կփոխանցի կա՛մ այնտեղ քննարկված սցենարները, որոնց շրջանակում Երևանը պիտի կողմնորոշվի, կա՛մ նրան կներկայացվի վերջնագիր:
- Դեռևս Բիշքեկի հանդիպումից հետո ես ասել եմ՝ Հայաստանում 102-րդ ռազմակայանը հանելու պատրաստակամության խոսակցությունը բացել է Պուտինը: Հիմա դեկտեմբերի 3-ի այցին ընդառաջ կրկին ռազմաբազայի թեման շրջանառվում է: Պեսկովն ասաց՝ հետաքրքիր կլինի լսել Հայաստանի կարծիքը: Դա նշանակում է, որ նրան Մոսկվայում ինչ-որ բան են առաջարկելու: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը բացում ռազմակայանի թեման: Արդյո՞ք փորձում է կանխել ինչ-որ բան, թե՞ կա ավելի մեծ պրոցես, և Ռուսաստանն ինքն է ռազամակայանի հարցը դարձնում այդ մեծ պրոցեսի մաս:
- Քանի որ Ռուսաստանը դնում է խնդիրը, նշանակում է՝ պրոցեսն այլ տեղում է ծավալվում, ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններում: Ենթադրենք՝ Հայաստանին առաջարկվելու է մեկ այլ թեմա՝ տնտեսական կոոպերացիայի շրջանակում՝ փոխարենը հրաժարվելով ռազմակայանից: Կարո՞ղ է տեսականորեն Թրամփի ուղու մեջ մասնաբաժնի դիմաց քննարկվել ռազմակայանի թեման, հնարավոր է: Բայց Նիկոլ Փաշինյանը սուբյեկտ չէ, դերակատար չէ: Նա այլ պրոցեսների ծավալման միջոց է: Նա կգնա, կլսի տարբերակները, հետո նրան կտան ընտրելու հնարավորություն մի քանի տարբերակներից: Հետո նա կքննարկի այլ դերակատարների հետ, որովհետև պետք չէ խաղից դուրս թողնել նաև եվրոպական ուղղությունը, որը հնարավորություն ունի խանգարելու այն պրոցեսներին, որոնք ծավալվել են Շենժենում: Դրա հետ հաշվի է նստելու նաև Ռուսաստանը: Եվ այստեղ առանցքային դեր է ունենալու նաև Թուրքիան: Փաշինյանը կարող է լինել պրովայդեր Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմակայանի հարցը քննարկելու հարցում:
- Նիկոլ Փաշինյանի պատասխանը Պուտինին տրվել է հոդվածի տեսքով, որի հավանությունն ինքն է տվել: Խոսքն Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին է: Վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում Եվրոպա, նա Եվրոպայի ձեռքերն է կապում Կովկասում այնպիսի քայլեր անելու հարցում, որոնք կարող են խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ Ռուսաստանի համար: Փաշինյանը մի քանի օր չէր արձագանքում Արմեն Գրիգորյանի հոդվածին, հետո արձագանքեց ու ասաց՝ լավ է, բազմակարծություն կա: Սա շատ բանի մասին է խոսում: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չեմ չեղարկի ԵՄ գնալու օրենքը, նշանակում է՝ նա ասում է՝ չեմ չեղարկի այն խաղաքարտը, որը կա Ռուսաստանի ձեռքում: Մնացածը հանրություններին զբաղեցնելու համար է:

- Ռուսաստանի համար կարևորը Թրամփի ուղուն Ռուսաստանի մասնակցության բանակցություններն են, որը փաստացի կա, և այդ մասին խոստովանում են ամերիկացիները, ինչպես նաև ատոմակայանի և երկաթուղու հարցերը: Եթե Արմեն Գրիգորյանն է հասկանում, որ Եվրոպա գնալը ֆիկցիա է, ռուսները հաստատ դա հասկանում են:
- Ռուսաստանի համար կարևորագույն խնդիրը Ղազախստանն է: Ղազախստանի հետ նրանք չեն կարող վարվել այնպես, ինչպես Հայաստանի հետ: Նախ՝ Ղազախստանը դա թույլ չի տա: Բայց Հայաստանի հարցն այդպես սրելով՝ հարցը դարձնում են ԵԱՏՄ խնդիր: Ղազախստանի ու Եվրամիության բովանդակային քննարկումները որևէ առնչություն չունեն այն հեքիաթասացության հետ, որը կա Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
- Ես դեռ չեմ ծանոթացել Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության տեքստին այն պատճառով, որ սա Հայաստանն Ադրբեջանի կցակառույց պետություն դարձնելու մասին նախագիծ է, պարտադրված է Ադրբեջանից և այդքանով արդեն իսկ ինձ հետաքրքիր չէ:
- Ռուսաստանը, ուկրաինական պատերազմով պայմանավորված, ուներ անհրաժեշտություն Կովկասում թուլացնել իր ուսերին դրված պատասխանատվությունը: Եվրոպան էլ հույս ուներ Հարավային Կովկասում 2-րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ: Երբ Ռուսաստանի պատասխանատվությունը նվազեց, Եվրոպան եկավ առաջին պլան, նա կաշկանդվեց Կովկասում 2-րդ ճակատ բացելու մտքից: Իսկ այդ 2-րդ ճակատի վերածելու ուղղություններից մեկը կարող էր լինել նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը Ռուսաստանի համար զգայուն կոնֆլիկտ է: Տեղի է ունեցել այն, որ Հայաստանն իր եվրոպական կուրսով կարողացել է Եվրոպային Կովկասում բերել առաջին պլան և փակել Կովկասում երկրորդ ճակատ բացելու հնարավորությունները:
- Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը հնարավորություն չունի արտաքին քաղաքական կուրս փոխելու: Եվրոպան չի հավատում Փաշինյանին, բայց հնարավորություն էլ չունի հրապարակայնորեն դա անելու: Հայաստանը Կովկասում մնացել է իրենց խաղի միակ հնարավորությունը, և ուզեն-չուզեն՝ պետք է ցույց տան, որ հավատում են նրան: Բայց մանր կսմիթներով հասկացնում են: Մենք տեսանք, որ վերջին եվրոպական վոյաժների ժամանակ Փաշինյանը ոչ մի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպում չունեցավ:
- Եթե եվրոպացիները՝ որպես Փաշինյանին հավատալ-չհավատալու ցուցիչ, դնում են ռազմակայանը դուրս բերելու հարցը, Ռուսաստանը Փաշինյանին տալիս է այդ հնարավորությունը՝ ասելով՝ եթե ուզում եք, հանեք՝ դրանով Եվրոպային զրկելով խաղաքարտերից:

- Եվրամիությունը կվճարի Կովկասում իր ռազմավարական պարտության համար, որովհետև եթե հանուն Եվրամիության՝ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կա՛մ պետք է բավարարեն Հայաստանի տնտեսական ծախսերը, կա՛մ հրաժարվեն Հայաստանի հետ կապված նպատակներից, ու այդ դեպքում, հարգելի Եվրամիություն, կհայտարարեք, որ Հայաստանին պատրաստ չեք օգնել, ու կազատեք Նիկոլ Փաշինյանի ձեռքերը՝ ռազմավարական շրջադարձը կատարելու համար:
- Եվրոպացիները Հայաստանի ներսում փնտրում են այն հենման կետը, որը կարող են ունենալ Փաշինյանի փոխարեն՝ նրա նկատմամբ խորացող անվստահության ֆոնին: ՀՀ-ում ԵՄ դեսպանը հանդիպում է Պապիկյանին, ու քննարկում են պաշտպանական հարցեր: Հայաստան-Եվրոպա պաշտպանական հարցերն այնքան չնչին են, որ ես չեմ պատկերացնում՝ ԵՄ դեսպան Մարագոսը Պապիկյանի հետ Պաշտպանության նախարարությունում ի՞նչ պետք է քննարկեր: Եվրոպացիները Պապիկյանին, ըստ իս, դիտարկում են հնարավոր թեկնածության շրջանակում: Եվ դա տեղի ունեցավ Պապիկյանի՝ Բրյուսել մեկնելուց առաջ: Սուրեն Պապիկյանն է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ պաշտոնյան, որն առաջինն է ստացել եվրոպական միակ միջուկային պետության՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, ինչն էական քաղաքական նշան է: Նույն տրամաբանության մեջ եմ դիտարկում նաև Մարագոսի այցը ՀՀ գլխավոր դատախազին:
- Հայաստանն այնպես չէ, որ նախկինում Ռուսաստանից վախենում էր ու ուրիշ տեղից զենք չէր գնում: Հայաստանն ուրիշ տեղից զենք գնում էր, բայց այնքան, որքան իրեն վաճառում էին:
- Ֆրանսիան, որի նախագահ Մակրոնն ամենաջերմեռանդ հռետորաբանությամբ Արցախի ու Հայաստանի մասին խոսում էր անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի հետ պաշտպանական գործակցության փաստաթուղթ ստորագրեց միայն այն ժամանակ, երբ Արցախում ոչ մի հայ այլևս չկար՝ 2023թ. հոկտեմբերին:
- Եվրադիտորդների գործունեության մասին պետք է իմանալ հետևյալը: Երբ ադրբեջանցիները կրակում էին Երասխում գործարանի ուղղությամբ, որի վրա կանգնեցված էր ամերիկյան դրոշը, նրանք ոչ թե նպաստեցին, որ ադրբեջանցիները չկրակեն, այլ օգնեցին, որ գործարանը տեղափոխվի այլ վայր:

- Հասկանալի չէ՝ ո՞նց պետք է Հայաստանի համար որևէ բան լավ լիներ՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ Հայաստանը վարում է Ադրբեջանի նկատմամբ՝ հանձնվելով նրան, և Արցախի հարցի վերաբերյալ, հատկապես՝ 2022թ.-ից հետո: Եթե դու առավոտից երեկո կրկնում ես Ադրբեջանի նարատիվները և քո պետության գոյությունը կապում ես դրանք կրկնելու հետ՝ ընդ որում, թղթով ամրագրելով, որևէ ցուցիչ չկա, որ Հայաստանի համար որևէ տարբերակում կարող է լավ լինել: 2018-ից հետո ասվում էր, որ երկրում համերաշխություն է լինելու, բայց ամեն ինչ գնաց սև-սպիտակի տրամաբանությամբ, որը նախ բերեց աղետալի պատերազմի, ապա՝ դրա կառավարման անհնարինության: Անգամ 2021-ից հետո կար համերաշխության օրակարգ ձևավորելու հնարավորություն, ինչը Փաշինյանն ու նրա թիմը չարեց: Չի կարող ներքին միջավայրում անշրջելիության աստիճանի հասցված աղավաղումն իր արտացոլանքը չունենալ դրսում: Մեր ներքին միջավայրը մաքրելուց պետք է սկսենք:
- Թուրքիան այսօր Փաշինյանին ասում է՝ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը գնացեք լուծեք, նոր մենք մեր վերջին կնիքը կդնենք… Իսկ նախկինում ասում էին՝ գոնե մի երկու շրջանի վերադարձի հարց լուծենք, որ կարողանանք հարաբերություններ կարգավորել… Հայաստանը նախկինում որպես գործոն էր դիտարկվում, իսկ հիմա ասում են՝ Ադրբեջանի հետ հարցերը կլուծեք, նոր կգաք, մեզ հետ հարց քննարկեք…
- Ադրբեջանի թելադրանքը միայն հաղթողի քմահաճույք չէ: Սա հետևողական ծրագիր է՝ ինչպես նախ չեզոքացնել ու իրավաքաղաքական դաշտում լուծարել այն Հայաստանը, որի հետ հենց իրենք են բանակցել Արցախի հարցի վերաբերյալ 3 հայտնի սկզբունքների շրջանակում, լուծարել իրենց բանակցային պատմությունը, որն իրենց հանցանքի հետքն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Սկզբում լուծարեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը, հիմա անցել են Հայաստանի լուծարմանը: Սկսել են Սահմանադրությունից, հիմա կասկած չունեմ, որ նաև Անկախության հռչակագրի բովանդակությունը խմբագրելու հարցն են դնելու: Պարտադրելու են փոխել Անկախության հռչակագրի տեքստը, որովհետև այն «խանգարելու» է խաղաղության պայմանագիր ստորագրելուն: Ադրբեջանն իզուր չէ, որ ասում է՝ հայ ժողովրդի հետ եմ ուզում համաձայնության գալ: Դրա ձևը միայն հայ ժողովրդին շարունակական պահանջներ ներկայացնելն է: Խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի ձեռքին գործիք է լինելու: Ով այստեղ ծպտուն հանեց առկա քաղաքականության տրամաբանությունից դուրս, Ադրբեջանը թափահարելու է այդ պայմանագիրն ու ասի՝ հակասում է սրան: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կարողանալո՞ւ է հակադարձել… Իհարկե ո՛չ: Եթե որևէ մեկն ուզում է, որ Հայաստանը դառնա Ադրբեջանին կից պետություն, հավանություն կտա իշխանության գործելակերպին: Մարդկանց այսօր իշխանությունները ներշնչում են հետևյալը՝ եթե մենք մենք ենք, դա ուրեմն պատերազմի առիթ է, հետևաբար՝ պիտի դառնանք ուրիշը: Սա շանտաժ է: Ադրբեջանը Հայաստանի դեմ սանձազերծած ոչ մի պատերազմի համար հիմք չի ունեցել, այդպես է լինելու նաև հետո: Հետևաբար՝ սա պետք է հասկանալ, ու պետք է լինի գիտակցության հաղթանակ: Չմոռանանք, որ խաղաղության այդ համաձայնագրի տեքստը Բաքվում են գրել և ուղարկել Փաշինյանին…
- Պետության բարձրագույն պաշտոնյայի բերանով հայտարարվում է, որ Անկախության հռչակագրի տեքստը կոնֆլիկտածին է: Իսկ Ալիևը հասկանում է, որ վաղն աշխարհում կարող է լինել այլ իրավիճակ, դրա համար օգտվում է իրավիճակից և անվերջ հանձնվելու՝ Հայաստանի իշխանության պատրաստակամությունից, ու իր հարցերը լուծելու հիմքերն է ստեղծում:

- Ես մտավախություն ունեմ, որ Ալեն Սիմոնյանին կարող են տանել Գյանջա, այն հատվածը, ուր իբր Հայաստանն ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ: Ես չգիտեմ՝ կկարողանա՞ն ասել՝ ոչ:
- «Ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի հետ համաձայնության գալ, ոչ թե Փաշինյանի»… Ալիևի այս արտահայտությունը շատ վտանգավոր արտահայտություն է: Փաշինյանի ներկայացրած այս Սահմանադրության նոր տեքստով «հայ ժողովուրդ» հասկացություն չկա, հանել են, դարձրել են՝ «Հայաստանի ժողովուրդ»: Ադրբեջանական պահանջները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանում դեմոգրաֆիական պատկերը փոխվի: Մինչև հայերը Հայաստանում փոքրամասնություն չլինեն, Ադրբեջանը չի հանգստանալու: Սա է իրենց ստրատեգիական ծրագիրը: Մինչև Հայաստանում դեմոգրաֆիական պատկերը չփոխվի, Ադրբեջանում Հայաստանի հարցը լուծված չեն համարելու:
- Ադրբեջանը Նախիջևանում պատրաստվում է ամենաթեժ սցենարների: Դրա ցուցիչներից մեկն էլ այն էր, որ Ալիևը ձեռնամուխ եղավ Նախիջևանի ինքնավարության վերացմանը ու վերանայեց Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով Նախիջևանի կարգավիճակը: Հետաքրքիր է, որ այստեղ ռուսներն ու թուրքերն աղմուկ չբարձրացրեցին: Մեծ հաշվով քանդվում է տարածաշրջանում եղած ճարտարապետությունը: Ու Նախիջևանն այս օղակում առանցքային օղակ է լինելու:
- Փաշինյանն արտաքին պրոցեսների վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունի: Յուրաքանչյուրը մտածում է՝ ինչպես Փաշինյանի թույլ վիճակն օգտագործի իր նպատակների իրականացման համար: Այս վիճակին հասցրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանով ոչինչ անել հնարավոր չէ: Դա պետք է անի ընդդիմությունը:
- Ադրբեջանում խելագար չեն, որ Իրանի դեմ պատերազմի մեջ մտնեն: Եթե դա անեն, անելու են պարտադրված, ինչը նշանակում է, որ դառնալու են Իրանի դեմ գործադրվող տեխնիկական միջոց: Ու այդ դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանում ասեն՝ չենք ուզում ոչ մի TRIPP…
- Ադրբեջանն իր այսօրվա դիրքին եկել է միջազգային պարտքի միջոցով և հիմա փորձում է դա կապիտալիզացնել՝ իրեն ներկայացնելով որպես միջազգային ՀԱԲ՝ ըստ էության ասելով՝ Կովկասի հետ կապված հարցերը կարող եք մեզ հետ քննարկել:
- Կովկասը քանդվում է: Առանցքային ալիքն Արցախի դեմ հարձակումն էր, կիսաթեժ ալիքը ծավալվում է Հայաստանի նկատմամբ, և դեռ գալու է Վրաստանի հերթը: Երկու օր առաջ Բաթումում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուների պարզած «Բաթումի-82» պաստառը, որը նշանակում էր, որ Բաթումը Թուրքիայի 82-րդ նահանգն է, լարվածության լիցքերի մասին վկայություն է: Ադրբեջանն էլ իր հերթին՝ թույլ չի տալիս վրացի ուխտավորների մուտքն իր տարածքում գտնվող վրացական սրբավայր՝ եկեղեցի:

- Անհեթեթությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հարատևության հարցը Փաշինյանը և իր թիմը կապում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել-չստորագրելու հետ:
- Կա՛մ պետք է հրաժարվի Ալիևի պահանջած Սահմանադրության նոր տեքստից, ինչի հնարավորությունը չունի, կա՛մ ամեն գնով անցկացնի Սահմանադրությունը, կա՛մ հեռանա արտահերթ ընտրությունների կամ քաղաքական այլ տարբերակի միջոցով: Ամենաօպտիմալ տարբերակը կարող է լինել արտահերթ ընտրությունների գնալը, բայց այստեղ էլ կարևոր կլինի՝ ով ինչպես կաշխատի հանրության հետ: Արտաքին խաղացողներն էլ փորձելու են ամեն հնարավոր միջոցներով Հայաստանի ներքին կյանքի վրա ազդել:
- Ես ամենևին աներևակայելի չեմ համարում, որ Փաշինյանը կփորձի փնտրել հրաժարականի տարբերակներ, բայց արդյո՞ք դա իր անձնական անվտանգության համար ավելի հարմարավետ ու անվտանգ է լինելու, քան իշխանություն պահելը: Ողջախոհությունն ասում է, որ Փաշինյանը պիտի երազի հեռանալ, բայց քանի որ իր համար կարևորն անվտանգությունն է, նա դա անելուց առաջ երկար կմտածի:
- Իսկ արդյո՞ք Փաշինյանն ուզում էր, որ իր առաջարկն ընդունվի ընդդիմության կողմից: Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ուզում է, որ իր առաջարկն ընդունվի, նա չպետք է հարձակվի, մուննաթով խոսի նրանց հետ, ում իր առաջարկն ուղղված է, իսկ մենք տեսանք՝ Փաշինյանի խոսույթն ընդդիմության հետ:
- Երբ Ռուսաստանի նախագահն ընտրություններից առաջ ընդդիմությանը հռչակում է ռուսամետ, Փաշինյանի ձեռքին խաղաքարտ է տալիս, որ մարդիկ մտածեն՝ դե հա, ճի՛շտ է ասում, ուրեմն ընդդիմությունը Պուտինինն է: Սրանով նա վնասեց ընդդիմությանը: Ավելի լավ է շնորհավորեր Փաշինյանին, քան նման խաղաքարտ տար Փաշինյանի ձեռքը: Ընդդիմության վարքագիծն ամենևին պրոռուսական չէր: Շատ ռացիոնալ գնահատում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների վարքագիծը: Բայց իրավիճակն էականորեն փոխվեց Պուտինի այդ հայտարարությունից հետո, և ընդդիմությունը հայտնվեց շփոթմունքի մեջ: Հետո ընտրություններից 12 ամիս առաջ պատժամիջոցներ են կիրառում, որի սոցիալական հետևանքն այդ ժամանակ չէր զգացվելու, բայց քարոզչական հետևանքը գործեց՝ հօգուտ Փաշինյանի:
Մանրամասները՝ տեսանյութում։

