Ո՛չ, Թուրքիան գթասիրտ չէր, մենք Թուրքիայի հետ արել ենք առևտրային գործարք՝ 37 միլիոն էկյուի վարկի գումարը՝ ձեզ, ցորենը՝ մեզ. Խոսրով Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց նաև 1992թ. Թուրքիայով Հայաստան բերված ցորենի, այդ գործարքի ու դրա իրականացման հնարավորությունների մասին՝ կտրականապես հերքելով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի թեզն այն մասին, որ Թուրքիան հացահատիկը մեզ որպես բարի կամքի դրսևորում է մատակարարել:

«Ես վարչապետ եմ նշանակվել 1992թ. օգոստոսի 1-ին. 1992թ. օգոստոսի 4-ին Աբխազիայի երկաթգիծը, որ միջոցով մենք ստանում էինք մեզ անհրաժեշտ ապրանքները, վերջնականապես փակվեց, և մենք հայտնվեցինք խուլ շրջափակման մեջ: Ապրանք բերելու միակ տարբերակն օդն էր, բայց այդ կերպ ցորեն, հացահատիկ հնարավոր չէր բերել:

Մենք փորձ արեցինք Նովոռոսիյսկից նավով Վրաստանով հացահատիկ բերել Փոթի, բայց այդ ժամանակ այդ հացահատիկը մեզ չհասավ, որովհետև Վրաստանում կրիմինալ իրավիճակը սուր էր, գողացան ոչ միայն այդ ցորենը, այլև նավթամթերք և այլ մթերքներ, որոնք կուտակված էին Վրաստանում, իսկ Վրաստանի իշխանությունն իրավիճակին չէր տիրապետում, չէր կարողանում վերահսկել այդ կրիմինալը… Ու ես՝ որպես վարչապետ, հասկացա, որ վերգետնյա ճանապարհով ցորեն հնարավոր չէր բերել: Իրանին դիմեցի, բայց այնտեղից նույնպես հնարավոր չեղավ ցորեն բերել. իրենք ուղիղ ասացին, որ ցորեն ներկրող երկիր են:

Գագիկ Հարությունյանը դիմեց Չինաստանին, այնտեղից էլ ասացին՝ լոգիստիկ հնարավորությունները թույլ չեն տալիս: Եվ միակ տարբերակը Թուրքիայով ցորեն բերելն էր, իրենք ցորենի բավականին մեծ պաշարներ ունեին: Մենք ունեինք 37 միլիոն էկյուի (ECU) վարկ՝ Եվրամիությունից տրամադրված, որը մեզ տրամադրել էին բացառապես ցորեն ներկրելու համար: Այդ վարկը կյանքի կոչելու համար մեզ պետք էր առնվազն 2 տարի, որ բորսաներում ապրանքայնացնեինք այն: Բայց մենք այդ ժամանակը չունեինք:

Կարդացեք նաև

Ես Թուրքիայի նախագահ Դեմիրելին առաջարկել եմ 37 միլիոն էկյուի (ECU)՝ ցորեն բերելու համար մեզ տրված եվրոպական վարկը տալ Թուրքիային, փոխարենը իրենք մեզ այդ 37 միլիոն էկյուին ադեկվատ ցորեն էին տալիս: Նոյեմբերի 3-ին հացահատիկը մտավ Հայաստան: Դա թուրքական հացահատիկ էր, և մեզ քիչ էր հետաքրքրում՝ ումից էին իրենք ձեռք բերել այն: Ժիրայր Լիպարիտյանն ասում է՝ Թուրքիան գթասիրտ էր, տվեց ցորենը: Ո՛չ, Թուրքիան գթասիրտ չէր, մենք Թուրքիայի հետ արել ենք առևտրային գործարք՝ 37 միլիոն վարկը՝ ձեզ, ցորենը՝ մեզ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա բացատրեց նաև, թե ինչու թուրքերը համաձայնեցին մեզ ցորեն տալ:

«Բանն այն է, որ 1992թ. մարտի 24-ին, երբ ձևավորվում էր Մինսկի խումբը, Թուրքիան, ի դեմս արտգործնախարար Չեթինի, հայտարարեց, որ ինքը ցանկանում է դառնալ Մինսկի խմբի անդամ: Հայաստանը ներկայացնող արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ դեմ արտահայտվեց՝ ասելով, որ Թուրքիան չի կարող լինել անաչառ միջնորդ՝ կոնֆլիկտի կարգավորման հարցում:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջնորդեցին, որ եթե թուրքերը ստանձնեն պարտավորություն, որ անաչառ կլինեն ու իրենց հնարավորությունները չեն օգտագործի, որ Ադրբեջանին միակողմանի օգնություն կտրամադրեն, կարող են դառնալ ՄԽ անդամ: Եվ 1992թ. մարտի 24-ին Թուրքիան դարձավ Մինսկի խմբի անդամ: Ես ԵԱՀԿ-ում եղել եմ հայկական պատվիրակության կազմում:

Թուրքերը մոտենում էին ինձ ու հարցնում՝ ինչի՞ վրա եք հույսներդ դրել, չէ՞ որ դուք տանուլ եք տալու պատերազմը: Ադրբեջանը մեզ պես թիկունք ունի, դո՞ւք ինչ ունեք: Մոտ 250 միլիոն դոլարի տարեկան աջակցություն էին ցույց տալիս, և նրանք համոզված էին, որ ռազմական առճակատումն ավարտվելու է հօգուտ Ադրբեջանի: Եվ ահա վստահ լինելով, որ Ադրբեջանն այդ պատերազմը հաղթելու է, ու որպեսզի միջազգային հանրությանը վստահեցնեն, որ իրենք անաչառ դիտորդ են ու մեզ ցորեն են անգամ տալիս, մեզ այդ ցորենը տվեցին:

Թուրքիայի նախագահ Դեմիրելն ինձ հետ հեռախոսազրույցում միայն մի հարց տվեց՝ այդ հացը դուք ձեր բանակին տալո՞ւ եք: Ասացի՝ իհարկե: Ասաց՝ դուք գոնե ազնիվ եք: Ինքը, բնականաբար, զրուցել էր նաև նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, վերջնական որոշումը նրա հետ զրույցից հետո է կայացվել:

Կրկնում եմ, դա եղել է պրագմատիկ գործարք Թուրքիայի հետ՝ մենք տվել ենք մեր 37 միլիոն էկյու (ECU) վարկը, ստացել ենք ցորենը, չնայած այն 100 000 տոննայի հացը, որ Թուրքիան մեզ տվեց, 37 միլիոն էկյուից քիչ էր (37 միլիոն էկյուն (ECU) համապատասխանում է 37 միլիոն եվրոյի (€), ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 14,7-14,8 միլիարդ հայկական դրամ)»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30