Փաշինյա՛ն, եթե Դուք պատրաստ էիք օգնել Ղազախստանին, ինչո՞ւ նույն ջերմեռանդությամբ օգնություն չնախաձեռնեցիք Հայաստանի համար. Խոսրով Հարությունյան
«Ինչի՞ մասին էր Փաշինյանի պրետենզիան ՀԱՊԿ-ից՝ 2022թ.-ին, երբ Ադրբեջանը կոպտորեն, ռազմական միջամտությամբ խախտեց մեր սահմանը, ՀԱՊԿ-ը չարձագանքեց: Հիշենք՝ այդ ժամանակ ՀԱՊԿ նախագահող պետությունը Հայաստանն էր, իսկ ՀԱՊԿ նախագահող խորհրդի նախագահը՝ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ում աջակցությամբ 2022թ. հունվարին ՀԱՊԿ զորքերն ուղարկվեցին Ղազախստան:
Հարց՝ ինչո՞ւ ջերմուկյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնպիսի ջանասիրությամբ չնախաձեռնեց նմանատիպ հավաք, որ որոշում կորզի ՀԱՊԿ-ից, ինչպես Ղազախստանի դեպքում եղավ: Եթե Դուք պատրաստ էիք օգնել Ղազախստանին, ինչո՞ւ նույն ջերմեռանդությամբ օգնություն չնախաձեռնեցիք Հայաստանի համար:
Փաշինյանը փորձում էր ՀԱՊԿ անդամ պետություններին մեղադրել, որ իրենք անհաղորդ մնացին այն իրավիճակին, որ Ադրբեջանը խախտում է մեր սահմանները: Ի պատասխան՝ Ռուսաստանն ասաց՝ բայց դուք ասում եք՝ դուք սահման չունեք: Հիմա եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեր սահմանը խախտվել է, ուրեմն այդտեղ սահման կա. այդ դեպքում ինչի՞ եք դուք սահմանագծում ու սահմանազատում անում:
Փաշինյանը հաճախ է մեջբերում Ալմա Աթայի հռչակագիրը, բայց բանն այն է, որ դրա ընդունման ժամանակ՝ 1992թ. դեկտեմբերի 21-ին, եթե գոյություն ուներ վարչական սահման Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ միջև, ապա այն պետք է ընդունվեր որպես պետական սահման:

Այդպիսի սահման կար՝ 1984-1988թթ. ձևավորված սահմանը վերասահմանանշման արդյունքում: Ավելին, այդ փաստաթուղթը 1988թ. ընդունվել է թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի կառավարության կողմից: Պաշտոնապես այդ սահմանները ճանաչվել են: Դա եղել է նկարագրություն, 938 կմ սահման, որտեղ նաև սահմանային սյուներ կան տեղադրված: Ճանաչե՛ք այդ սահմանը, թո՛ւյլ մի տվեք, որ Ադրբեջանը սողացող օկուպացիայի քաղաքականություն վարի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը բարդ կառույց է, և այնտեղ անվտանգային ամենաշարքային խնդիրները լուծելիս պետությունները հաճախ մեծ խնդիրների առաջ են կանգնում:
«Բայց եթե դուք դեմ եք ՀԱՊԿ-ին, ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀԱՊԿ-ից: Ասում եք՝ ՀԱՊԿ-ը մեր անվտանգության համար սպառնալիք է, ուրեմն ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀԱՊԿ-ից, որովհետև եթե դուրս գաք ՀԱՊԿ-ից, դա կվերաբերի նախևառաջ հայ-ռուսական հարաբերություններին անվտանգության ոլորտում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

