The Guardian. Ծայրահեղ աջերը կարող են իշխանության գալ ԵՄ խոշորագույն երկրներում և արգելափակել Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Առաջիկա ամիսներին Եվրոպական միությունը կբախվի լայնածավալ ընտրական շրջափուլի, որը կարող է ամրապնդել ազգայնական և ծայրահեղ աջ կուսակցությունների դիրքերն ու էապես բարդացնել միության աշխատանքը, գրում է The Guardian-ը։
ԵՄ խոշորագույն երկրներում ընտրությունները կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը և վտանգի տակ դնել Եվրոպայի հետագա ինտեգրումը, Ուկրաինային աջակցությունն ու առանցքային ոլորտներում ընդհանուր քաղաքականության համաձայնեցումը։
1990-ականների վերջին եվրոպական քաղաքականությունը շարժվում էր հակառակ ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Թոնի Բլերն էր, Ֆրանսիայինը՝ Լիոնել Ժոսպենը, իսկ Գերմանիայի կանցլեր էր դարձել Գերհարդ Շրյոդերը։ Տնտեսական աճը բարձրացնում էր կենսամակարդակը, ԵՄ-ն պատրաստվում էր ընդլայնվել դեպի արևելք, իսկ եվրոպամետ կենտրոնամետ ուղղության կողմնակիցներն իշխանության էին միության գրեթե բոլոր երկրներում։
Գրեթե երեք տասնամյակ անց քաղաքական դինամիկան փոխվել է, ընդգծում է պարբերականը։
Նոյեմբերի վերջից մինչև 2027 թվականի վերջն ընկած ժամանակահատվածում ընտրություններ կանցկացվեն ԵՄ հինգ խոշորագույն երկրներից չորսում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում։ Քվեարկություններ են նախատեսված նաև Էստոնիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում և Սլովակիայում, իսկ Գերմանիայում կանցկացվեն տարածաշրջանային ընտրություններ։
Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին։ Վարչապետ Պեդրո Սանչեսի սոցիալիստական կոալիցիան կարող է պարտվել պահպանողական Ժողովրդական կուսակցությանը և ծայրահեղ աջ Vox կուսակցությանը, որոնք արդեն համատեղ կառավարում են երկրի մի շարք տարածաշրջաններ։
Գարնանը Ֆրանսիայում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Հոդվածում ներկայացված գնահատականի համաձայն, նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենն է։ Նրա դիրքերն ամրապնդում է ավանդական քաղաքական ճամբարի պառակտումը։
Լեհաստանում ազգայնական ուժերը, որոնք միասին վայելում են ընտրողների գրեթե կեսի աջակցությունը, կարող են իշխանությունից հեռացնել վարչապետ Դոնալդ Տուսկի լիբերալ կոալիցիային։ Իտալիայում Ջորջա Մելոնին հույս ունի երկրորդ ժամկետով վերընտրվել ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը, սակայն աջից նրա վրա ճնշում է գործադրում «Ազգային ապագա» նոր կուսակցությունը։
Միևնույն ժամանակ ազգայնական տրամադրությունների աճը չի նշանակում, որ եվրոպացիները հրաժարվում են բուն ԵՄ-ից։ Հարցումների համաձայն, Եվրոպայի բնակիչների ռեկորդային 74%-ը կարծում է, որ իրենց երկրները շահում են միությանն անդամակցությունից։ Brexit-ի ճգնաժամից հետո եվրասկեպտիկ կուսակցությունների մեծ մասն այլևս հանդես չի գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին, այլ ձգտում է այն վերածել ինքնիշխան պետությունների ավելի թույլ միության՝ սահմանափակելով վերազգային ինստիտուտների լիազորությունները։
Ավանդական ձախակենտրոն և աջակենտրոն կուսակցությունների ժողովրդականությունը նվազեցնում են թույլ տնտեսական աճը, բնակչության ծերացումը, պետական բյուջեների լարվածությունը և կյանքի թանկացումը։ Ծայրահեղ աջերն իրենց հերթին օգտագործում են քաղաքացիների դժգոհությունը՝ հանդես գալով միգրացիայի, պատվաստումների, կլիմայական քաղաքականության, Ուկրաինային աջակցության, գլոբալացման և միջազգային էլիտաների դեմ։ Նրանց դիրքերն ամրապնդում են ռուսաստանյան ապատեղեկատվությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բացահայտ աջակցությունը «հայրենասիրական» կուսակցություններին։
Այսօր ծայրահեղ աջ կուսակցություններին աջակցում է գրեթե յուրաքանչյուր չորրորդ ընտրողը՝ գրեթե հինգ անգամ ավելի շատ, քան 1990-ականների կեսերին։ Լրացուցիչ գործոն է դառնում ավանդական պահպանողականների մերձեցումն արմատական աջերի հետ։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ավելի ու ավելի հաճախ է համագործակցում ավելի աջակողմյան խմբերի հետ, մասնավորապես՝ միգրացիայի և Եվրոպական կանաչ գործարքի առանձին դրույթների վերանայման հարցերում։
Ընտրական տեղաշարժի գլխավոր հետևանքներից մեկը կարող է լինել ուժերի հավասարակշռության փոփոխությունը Եվրոպական խորհրդում, որտեղ պետությունների և կառավարությունների 27 ղեկավարներից միայն երեքն են ներկայացնում ձախակենտրոն ուժերը։ Եթե մինչև 2027 թվականի վերջը Ֆրանսիայում, Իսպանիայում և Լեհաստանում իշխանության գան եվրասկեպտիկ առաջնորդներ, նրանք Չեխիայի, Իտալիայի, Ռումինիայի, Սլովակիայի և Սլովենիայի ղեկավարների հետ կկարողանան ձևավորել որոշումներն արգելափակելու ունակ ազդեցիկ փոքրամասնություն։
Նման դաշինքը չի կարողանա ինքնուրույն վերաշարադրել ԵՄ օրենսդրությունը, սակայն կարող է դանդաղեցնել բյուջեի, միության ընդլայնման, Ուկրաինային օգնության և պաշտպանության, էներգետիկայի, ֆինանսների ու տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ որոշումների ընդունումը։
Առանձնահատուկ նշանակություն ունեն Ֆրանսիայի ընտրությունները։ Լը Պենի ծրագիրը նախատեսում է ԵՄ բյուջեում երկրի ներդրման կրճատում 11 մլրդ եվրոյով, սահմանադրական հանրաքվեի անցկացում՝ եվրոպական օրենսդրության նկատմամբ ֆրանսիական օրենսդրության գերակայությունն ամրագրելու նպատակով, ինչպես նաև միասնական շուկայի մի շարք կանոնների խախտում։ Փորձագետների գնահատմամբ, Ֆրանսիան ԵՄ-ի վրա զգալիորեն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Վիկտոր Օրբանի Հունգարիան, և Լը Պենի նախագահությունը կարող է շատ ավելի լուրջ խոչընդոտներ ստեղծել եվրոպական ինստիտուտների աշխատանքի համար։
Համախմբված եվրասկեպտիկ դաշինքի ձևավորումը կարող է բարդացնել իրավունքի գերակայության սկզբունքների պահպանումն ու ընդհանուր տնտեսական քաղաքականության համաձայնեցումը։ Առաջին զոհերից մեկը կարող է դառնալ Ուկրաինան. ենթադրվում է, որ Լը Պենը կարող էր գլխավորել Կիևին հետագա օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող երկրների խումբը։
Փորձագետները կարծում են, որ մոտ ապագայում ԵՄ փլուզումը քիչ հավանական է։ Սակայն արմատական աջերի ուժեղացումը կարող է խանգարել միությանն ադապտացվել ապագա մարտահրավերներին։
Ինչպես զգուշացնում է Carnegie Europe-ի վերլուծաբան Շտեֆան Լենեն, ԵՄ երկրների՝ համատեղ գործելու երկարատև անկարողությունն աստիճանաբար կհանգեցնի միության քաղաքական ազդեցության կորստին։

