Հեյդարին ու Իլհամին Սերժ Սարգսյանն է հաղթել… Ադրբեջանցիները Մոսկվայում լքեցին նիստերի դահլիճը. Հենրիխ Դանիելյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել է ՀՀԿ պատվիրակության մասնակցությունը Մոսկվայում կայացած «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովին, որը միավորել էր 72 երկրների քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք՝ 2026 թվականի նոյեմբերին ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովը և Հենրիխ Դանիելյանն այցելել են Մոսկվա, որտեղ մասնակցել են համաժողովին և մի շարք պաշտոնական հանդիպումներ անցկացրել ՌԴ Պետական Դումայում։
Առանձին ուշադրություն է դարձվել ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության հարաբերություններին։ Մասնավորապես, քննարկվել է 2008 թվականի հունվարի 28-ին ստորագրված միջկուսակցական համագործակցության համաձայնագիրը, որը «Եդինայա Ռոսիա»-ի կողմից ստորագրել է Բորիս Գրիզլովը, իսկ ՀՀԿ-ի կողմից՝ Սերժ Սարգսյանը։ Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Վասիլևի հետ վերջերս կայացած հանդիպմանը։
Քննարկվել են նաև ՀՀԿ-ի միջազգային կապերը, այդ թվում՝ հանդիպումն Իրանի «Մոթալեֆե» իսլամական կոալիցիոն կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալի Ամանիի հետ։
Զրույցի զգալի մասը նվիրվել է Էդուարդ Շարմազանովի՝ միջազգային համաժողովում ունեցած ելույթին, Արցախի հարցի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ նրա հայտարարություններին։
Մասնավորապես, հնչել է հետևյալ գնահատականը. «Միջազգային հանրությունն իր նկատմամբ դատավճիռ է կայացնում՝ աչք փակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման վրա»։ Քննարկվել է նաև ՀՀԿ ներկայացուցչի ելույթի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ քաղբանտարկյալների խնդրին, Արմեն Աշոտյանի գործին, Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներին, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը։

Բացի այդ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, միջկուսակցական համագործակցության հեռանկարները և երկկողմ կապերի զարգացման գործում քաղաքական երկխոսության դերը։
Հաղորդման առանձին հատված նվիրվել է ՀՀԿ-ի երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդական կազմակերպության գործունեությանը, երիտասարդների ներգրավմանը հասարակական-քաղաքական կյանքում, նախաձեռնությունների իրականացմանը և քաղաքականապես ակտիվ կադրերի նոր սերնդի ձևավորմանը։
Հայկ Դերզյան

