Սրտիկ ցույց տալով` ման են գալիս. Ալիևի ու Հասանովի համար երազանք են. տեղյա՞կ եք` Երասխից Երևան 60 կմ է, սրանք ուտեն, Թաթայի համերգին գնան, վե՛րջ. հերիք է. Էդգար Ղազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն:
  • Մենք ու Արցախն արդեն անկախ պետություններ էինք, երբ կազմավորվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Հետո Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ԽՍՀՄ այլ հանրապետությունների են հրավիրում, որ միանան ԱՊՀ-ին: Ի դեպ, ԽՍՀՄ 3 հանրապետություններ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, չեն միացել Ալմա Աթայի հռչակագրին: Հո դա չի՞ նշանակում, որ այդ պետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմաններ չունեն ու անկախ պետություններ չեն: Ընդ որում, Հայաստանի Գերագույն խորհուրդն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացնում է վերապահումներով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումներն էլ սահմանների մասով էին: Ադրբեջանը չմիացավ ԱՊՀ-ին, օրինակ, որովհետև ժամանակակից Ադրբեջանն իրեն հռչակում է որպես 1918-20թթ. Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, և ասում է՝ ինչ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ, ապօրինի է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք. 168.am-ին դեռևս 3 տարի առաջ տված հարցազրույցում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրել էր.

«Ալմա Աթայի փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն  ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին,  քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝  հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:

Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է  խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է  ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք այդ ժամանակ ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած  սուբյեկտներ» ձևակերպումը՝ միանշանակ նկատի ունենալով Արցախը: Դա միայն վերաբերում էր Արցախին: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախն  առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախն ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝  լիովին համապատասխան միջազգային իրավունքին  և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը,  ըստ էության,  ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին  անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը»,- ասել էր Շավարշ Քոչարյանը, որը ժամանակին մասնակցել է այդ ողջ գործընթացներին:

  • Մեր պետականությունն անթերի իրավական հիմքով է ստեղծվել: Այն չի ասում, որ Արցախի ու Հայաստանի հետ մեկ պետական միավորում պիտի ստեղծվի: Հայաստանի և Արցախի միջև ֆունկցիոնալ իմաստով որևէ տարբերություն չկար: Ես նույն պետության զգացողությունն եմ ունեցել՝ անկախ նրանից՝ ընտանիքիս հետ հանգստացել եմ Շուշիո՞ւմ, թե՞ Դիլիջանում: Բայց ունեցել ենք 2 պետություն՝ մեկ միասնական համակարգով: Մեր պետականության հիմքերն անթերի են: Դրանից է վախենում Ալիևը: Դրա համար է ասում՝ վերացրեք Անկախության հռչակագիրը, որովհետև ի տարբերություն իր պետության՝ Ադրբեջանի, որը խիստ խոցելի հիմքի վրա է ստեղծված, մեր պետության իրավական հիմքերն անխոցելի՛ են:
  • Նկատենք, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և մյուսներն Ալմա Աթայի հռչակագրի մասին սկսել են խոսել 2020թ. կապիտուլյացիայից հետո: Ալիևը հո հիմար չէ՞: Եթե Ալմա Աթայի հռչակագիրը երբևէ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի փաստարկ կարող էր լինել, ապա հարց է ծագում՝ մինչև 2018 թվականն Ադրբեջանն այն ինչի՞ մեջտեղ չի բերել: Չեն ասել, որովհետև հիմար չեն ու հասկանում են, որ այն իրավական հիմքեր չունի:
  • Մինչև Շառլ Միշելի մոտ գնալը, հետպատերազմյան բանակցություններն ընթանում էին ՌԴ նախագահի հովանու ներքո: Մեկ էլ հանկարծ 2021թ. նոյեմբերի 26-ին Շառլ Միշելն իր մոտ է կանչում Փաշինյանին ու Ալիևին: Ո՛չ Հայաստանն է ԵՄ անդամ, ո՛չ Ադրբեջանը: Հարց է առաջանում՝ սա՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչի՞ է ընկել մեյդան: 

Այնուհետև դեկտեմբերի 14-ին նույն այդ Շառլ Միշելը հրավիրում է Փաշինյանին ու Ալիևին բանակցությունների, ինչից հետո շատ զարմանալիորեն Փաշինյանը Հայաստան է գալիս ու հանդիպում Սահմանադրական դատարանի դատավորների հետ, որից հետո որոշվում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Այսինք՝ Ալիևի պահանջն արդեն կար: 2022թ. սկսվում են Եվրամիության հովանու ներքո բանակցությունները, ինչից հետո 2 մեծ պատերազմ է տեղի ունենում՝ Ջերմուկի պատերազմը և Արցախի պատերազմը: Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո է, ի դեպ, 8 հայկական գյուղերի հանձնման մասին խոսվել:

Կարևոր դրվագներ հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: 

168.am-ը հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում բարձրացրել էր «օկուպացված 8 գյուղերի» (նկատի ունենալով Տավուշի որոշ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը) հարցը՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։

  • Շառլ Միշել, դու ո՞ր կազմակերպության անդամ ես, դու Եվրոպական միության խորհրդի նախագահն ես, ԱՊՀ-ի հետ ի՞նչ գործ ունես: Դու 2017-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված CEPA-ի մասին խոսիր, որը վավերացրել են ԵՄ անդամ բոլոր երկրների պառլամենտները: Եվ այդ համաձայնագրի 9-րդ էջում գրված է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծի ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստում, առանց ուժի կիրառման: Դու ի՞նչ գործ ունես ԱՊՀ-ի հետ: 

Հիշեցնենք. 2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ  ԵՄ-ի հետ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որն իր նախաբանում հստակորեն ամրագրում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Համաձայնագրում հատուկ ընդգծված են այդ սկզբունքները, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, և ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

«Առանց ուժի կիրառման» ձևակերպումը փաստաթղթում ուղղակիորեն կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված նպատակների աջակցության հետ, որը բացառում է ռազմական ճանապարհով հարցերի լուծումը: Դա ԵՄ-ի կողմից ստորագրված եզակի երկկողմ համաձայնագրերից է, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքը պաշտոնապես ներառվել է որպես հակամարտության կարգավորման առանցքային հենասյուն, որը դեն նետվեց Փաշինյանի և Ալիևի փոխհամաձայնությամբ՝ Հայաստանին դարձնելով ագրեսոր պետություն՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

  • Նիկոլ Փաշինյանը մինչև 2022թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երեսը գոնե պաշտոնապես՝ հրապարակային չի տեսել: Եվ երբ այդ հանդիպմանը գնացող Էրդողանին թուրք լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս եք վարվելու հայերի հետ, Էրդողանը պատասխանում է՝ ինչպես վարվել ենք, այնպես էլ վարվելու ենք… Այդ հանդիպումից հետո է ստորագրվել հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որը ստորագրած 4 երկրներից որևէ մեկի Խորհրդարանը չի վավերացրել. ԻՆՉՈ՞Ւ, որովհետև բոլորը հասկանում են՝ ԱՊՕՐԻՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է: Այն ստորագրած Մակրոնը ո՞նց կարող է այդ փաստաթուղթը տանել Ֆրանսիայի խորհրդարան՝ վավերացման: Բա որ դու, Մակրո՛ն, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուղթ ես ստորագրում, բա ո՞նց չես հարցնում՝ ԱՄՆ ու ՌԴ նախագահներն ո՞ւր են: Դուք երեքդ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինությունների շղթա է, որովհետև Արցախի շրջափակումը, հայաթափումը, մյուս բոլոր աղետները դրանից հետո են եղել:
  • Ռուսաստանը, ինչպես որևէ երկիր, անում է այն, ինչ իր շահերից է բխում: Մեր շահերը սպասարկողը, որպես կանոն, Հայաստանի իշխանությունը պետք է լինի: Մենք Ռուսաստան չենք, մենք անկախ պետություն ենք: Մե՛նք պետք է մեր շահերն առաջ մղենք, ոչ թե Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր:
  • Ինչո՞ւ Ալիևը Գրանադա չգնաց ու չստորագրեց Արցախի վերաբերյալ փաստաթղթի տակ… Որովհետև այնտեղ տարածքի թիվ է գրվել, իսկ Ալիևը թվերի տակ չի՛ ստորագրում:
  • Մհեր Գրիգորյա՛ն, դու Ադրբեջանի հետ սահմանային հանձնաժողովի նախագահ ես: Այն ստեղծվել է 2022թ. մայիսի 23-ին: 4 տարի է անցել, քո գործի անունն ի՞նչ է: Որ ասում ես՝ 12 կմ դեմարկացիա ենք արել, էդ ե՞րբ ես արել: եթե ձեր հանձնաժողովի կանոնակարգը չկար, ձեր արածը ո՞նց է կոչվում դեմարկացիա: Թուղթ էլ չկա. ուղղակի տարածքները հանձնել եք:
  • Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը: 

2022թ. սեպտեմբերի 13… Փաշինյանը Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին թողել է մի կողմ, գնացել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ է վարել, Ադրբեջանը հարձակվել է, պատերազմ է սկսվել, հետո գալիս է ու դիմում է ՀԱՊԿ-ին, ասում է՝ ԵՄ-ի հետ բանակցել եմ, պատերազմ է սկսվել, եկեք, օգնեք: Ընդ որում, Հայաստանն առաջին անգամ էր դիմում ՀԱՊԿ օգնությանը, և նախագահողն ինքը՝ Փաշինյանն էր: Այսինքն՝ ինքը դիմել է իրեն: 

Մի կարևոր դրվագ ևս: Եթե քո երկրի վրա ռազմական հարձակում է տեղի ունենում, կառավարությունը պարտավոր է ռազմական դրություն հայտարարել: Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն: Եթե չես հայտարարում, նշանակում է՝ չես ընդունում, որ ռազմական հարձակում է եղել քեզ վրա: Ի դեպ, Հայաստանի պատմության ընթացքում միայն մի անգամ է ռազմական դրություն հայտարարվել՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ժամը 10:00-ին արդեն ռազմական դրություն էիր հայտարարել… Ինչո՞ւ, եթե պայմանավորված չէր դա Ալիևի հետ: Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն:

  • Ջերմուկյան հարձակման ժամանակ Հայաստան եկան ՀԱՊԿ պաշտոնյաներ, հետո եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օգնության փաթեթ մշակի, սակայն ոչ ոք նրան չընդունեց, բացի ԳՇ պետից ու Ջերմուկի քաղաքապետից: Փաշինյանն այստեղ Զասին չի ընդունել, փոխարենը՝ գնացել է ՄԱԿ, հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Եթե սա արկածախնդրություն չէ, ի՞նչ է:

Հետո, այնուամենայնիվ, Զասն եկավ, փաստաթուղթ մշակեցին, բայց քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, որոշում չընդունվեց… Կռահեք՝ ինչո՞ւ. որովհետև Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց…

Հետո էլի բանակցեցին, և էլի Նիկոլ Փաշինյանն իր իջևանյան ռուսերենով ասաց՝ կներեք, բայց ես չեմ կարող ստորագրել, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները: Սենց հիմարություն հնարավոր չի պատկերացնել: Քո երկրի սահմանները դու պիտի ասես, ՀԱՊԿ-ը չպիտի ասի՝ ո՞րն է:

Բա հիշեք՝ իշխանության գալուց հետո ի՜նչ կոնֆլիկտներ ստեղծեց ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում ձերբակալեց առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղյակ պահելու, և այլն, և այլն:

  • 2022թ. ագրեսիան Ալիևի կողմից սովորական ագրեսիա չէր: Նա այնպիսի ռազամավարական նշանակության տարածքներ զավթեց, որ հաջորդ պատերազմի ժամանակ ֆունկցիոնալ նշանակություն կարող է ունենալ իր հարձակումների համար: Իշխանասարի զավթմամբ ցանկացած պահի նա կարող է Սիսիանի հատվածում վերահսկողության տակ վերցնել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի այդ հատվածն ու փակել այն: Եվ այլ ճանապարհ մեզ համար չկա: Ջերմուկի վրա եկել է, որովհետև եթե Ջերմուկը հետագա ռազմական գործողությունների ժամանակ վերցնի, ջրային պաշարների վերահսկողությունը կանցնի իրեն: Նույնը Տիգրանաշենի պարագայում է: Փաշինյանը գիտի՝ ինքն էդ տարածքը պաշտպանել չի կարող, ուզում է՝ պիտի տա: Բայց մենք հո գիտե՞նք՝ Ադրբեջանի այդ հատվածում՝ Նախիջևանի համազորային բանակ է տեղակայված, որն այս պահին էլ զորավարժություններ է անում: Ո՞ւմ դեմ է գործելու այդ բանակը: Երասխից Երևան 60 կմ է. մի ժամ հետո որ Նորագավիթում կանգնեցին, ի՞նչ ես անելու: Դա թույլ չտալու համար բանակ ու դաշնակից պիտի ունենաս, չէ՞: 1992թ. Թուրքիան ուզում էր Հայաստանի վրա հարձակվել, հարձակվե՞ց… է, որովհետև այնտեղ ռուսական դրոշ կար, ու ռուսներն ասացին՝ հարձակվելուց առաջ լավ մտածեք, նայեք էս դրոշին, նոր հարձակվեք: Հիմա եթե դու բոլոր դրոշները հանել ես, թողել ես քո խաղաղության սրտիկը, դրա վրա հարձակվելը հեշտ է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սրտիկ ցույց տալով ման է գալիս: Ալիևի ու Զաքիր Հասանովի համար սա երազանք է: 
  • Ալեն, երկու օրը մեկ մարդ սկի իր կնգա հետ չի խոսում, դու Հաջիևի հետ երկու օրը մեկ ի՞նչ ես խոսում: Ի՞նչ եք անում, բացի այս կեղծ խաղաղությունը գուրգուրելուց:
  • Հայաստանին վերաբերող որոշումները վերջին շրջանում կայացնում է Իլհամ Ալիևը, և նա է Փաշինյանին պարտադրում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ալիևն է պարտադրել ՀԱՊԿ-ից դուրս գալ, որ հետագա ռազմաքաղաքական գործողություններն անելիս Հայաստանը դաշնակիցներ չունենա, Ալիևն է խնդիր դնում ԵԱՏՄ-ից դուրս գալ, որ տնտեսապես թույլ լինենք, Ալիևն է հանել Հայաստանից ռուս սահմանապահներին: Հիմա Ալիևն ասում է՝ երկաթգիծը պետք է ռուսական կողմից վերցնել, որ մեր վերահսկողության տակ լինի, էլցանցերը Սամվել Կարապետյանից պիտի խլես, որ հետո օֆշորում գրանցված ընկերությունն այն առնի, գազդ Ռուսաստանից մի առ, SOCAR-ը կտա, ատոմակայանդ էլ փակի:

  • ՔՊ-ի պատկերացրած «Իրական Հայաստանն» Ալիևի պատկերացրած «Արևմտյան Ադրբեջանն» է: Մեր միջից պետք է հանել հայկականությունը, որ մենք դադարենք էթնոս լինելուց ու դառնանք կենսաբանական միավորներ՝ Նիկոլ Փաշինյանի «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևումը որպես ուղենիշ վերցրած: Կուտենք, կգնանք Թաթայի համերգին ու վե՛րջ. հերիք է: Նայե՛ք՝ ովքեր են հիմա դատվում՝ նախկին նախագահներ, զինվորականներ, Արցախի նախագահները Բաքվում են՝ աշխատանքի բաժանում է արված, հոգևորականներ, գործարարներ՝ Գագիկ Ծառուկյանը, այլք… Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը բիզնեսի ուրիշ մակարդակ են: Այսօր Բաքվում և Երևանում ազատազրկված են: Հրահանգ է իջեցված, անում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930