Իշխանությունները հատուկ ծրագրով են եկել, բոլորս ենք վտանգված, դելիմիտացիա տերմինն օգտագործում են մեր տարածքներն օտարելու համար. փրկության ծրագիր է պետք. Շավարշ Քոչարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
- Փորձում են ժողովրդին բթացնել Ալմա Աթայի հռչակագրով. ասում են՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, գինը թող Արցախը լինի, բայց մենք կունենանք 29.800 քառակուսի կիլոմետր Հայաստան:
- Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Արցախն անկախ էր. (Հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին):
- ԱՊՀ հռչակագրում կա ինքնորոշման իրավունքի մասին դրույթ:
ՀՀ Գերագույն խորհուրդը (ԳԽ) հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ, ինչպես նաև հանրաքվեով առանձնացած սուբյեկտներ: Ալմա Աթայի հռչակագիրը վերապահումով վավերացնելիս ՀՀ ԳԽ-ն ճանապարհ է բացել…
(Հռչակագիրը վերապահումներով ՀՀ ԳԽ-ն վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին, որի 3-րդ կետում նշված է՝ 3. Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»):
- Թեև 1991 թվականին հռչակագիրն Ադրբեջանի կողմից ստորագրել էր Այազ Մութալիբովը, հետագայում՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, վերաստորագրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևը: Այդ ժամանակ միայն Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Բաքվում արագացրած ընթացակարգով երկրի խորհրդարանը վավերացնում է ԱՊՀ կանոնադրությունը, այսինքն՝ Ադրբեջանն անդամակցել է ԱՊՀ-ին 1993 թվականին: Հաջորդ օրը Հեյդար Ալիևը հանդիպել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և ԼՂՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ, հետագայում լիազորում է իր ներկայացուցչին նախապատրաստական աշխատանքներ սկսել առաջին դեմքերի բանակցությունների համար, լիազորագրում էլ նշված է՝ НКР: Այսինքն՝ այդպիսով Ադրբեջանն ընդունել է Արցախը՝ որպես հակամարտող կողմ:
- 1993 թվականի սեպտեմբերի 25-ին պայմանավորվում են հրադադարի մասին: Արցախի հետ շփումները շարունակվում են:
- 1994 թվականին ստորագրվում է զինադադարի և ոչ հրադադարի պայմանագիրը, որով պայմանավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները:
- Ադրբեջանը, սակայն, վավերացրել է ոչ թե Ալմա Աթայի հռչակագիրը, այլ կանոնադրությունը:
- Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ Պրահյան հայտարարության մեջ հղում անելով ԱՊՀ հռչակագրին՝ ամրապնդում են Արցախի ինքնորոշումը:
- Պրահայի հայտարարության մեջ հղում են արել նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հստակ նշված է, որ ինքնորոշումն ավելի վեր է: Դրան չի կարելի հակադրել տարածքային ամբողջականությունը:
- ՀՀ գործող իշխանությունները եկել են իշխանության շատ հստակ ծրագրով՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, գնալ դեպի Արևմուտք, այսինքն՝ Թուրքիա:
- Իրենք համարում են, որ Արցախը բեռ է. մնում է ֆիքսել դա ստորագրությամբ և Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից:
- Եթե այս հակամարտության հիմքում ինքնորոշումն է՝ ագրեսորը Ադրբեջանն է, որ փորձել է զանգվածային ջարդերով, տեղահանումներով ուժով ջարդել ժողովրդի կամքը: Իսկ եթե հիմքում ինքնորոշումը չէ, եղել են զոհեր, ավերածություններ, ուրեմն Հայաստանն է ագրեսորը. դրա հիմքը դրեց Նիկոլ Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ նա Ադրբեջանին վերադարձնում է Արցախի տարածքները:
- Միջազգային իրավունքի սկզբունքներով, եթե դու ագրեսոր ես, ապա պետք է փոխհատուցես տարածքներով: Փաշինյանի այս քաղաքականության պատճառով Հայաստանը ներկայացվում է՝ որպես ագրեսոր, որը պետք է պատասխան տա ավերածությունների, զոհերի համար… Հետևանքները շատ ծանր են լինելու:
Երկիրն այնպիսի պարտքերի առաջ է հայտնվելու, որ մեր արտաքին պարտքը դրա համեմատությամբ զրո է… Կլինեն նաև պահանջներ ռազմական ոլորտում սահմանափակումներ կատարելու:
Կլինի ներքին կյանքի նկատմամբ վերահսկողություն, որպեսզի ռևանշիստները գլուխ չբարձրացնեն…
Պահանջներ ռազմական հանցագործություն իրականացնող անձանց հայտնաբերելու և դատի տալու, և ոչ մեկը երաշխավորված չէ սրանից, որովհետև ծառայել են բանակում, և վերջ:
Հայության տեղահանում, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո Արևելյան Եվրոպայից տեղահանվեցին գերմանացիները…
- Եթե ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ֆիքսվի Հայաստանի ագրեսոր լինելը, ապա ադրբեջանցիները կարող են բռնի տեղահանել մարդկանց…
- Եթե պետությունն ագրեսոր է, ապա խաղաղությունը պարտադրվում է նրան:
- Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ կա Արցախի խնդիրը, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը, հիմա էլ վախի մթնոլորտ են սերմանում, եթե խաղաղություն չլինի՝ վատ եք ապրելու, ասում են՝ եկեք Արցախից պրծնենք…
- Եթե կամավոր վերցրել ես ագրեսորի պիտակը՝ դժվար է դրանից ձերբազատվել:
- 90-ականներին Հայաստանի իշխանությունները զիջողական դիրքորոշում էին որդեգրել. 1991 թվականի ամռանը կամ աշնանը տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ Արցախի ժողովուրդը մասնակցի այդ ընտրություններին և պատվիրակություն ուղարկի Ադրբեջան. Հայաստանի ԳԽ-ն դեմ էր, նույնիսկ Հրանտ Խաչատրյանը խոսափողով նրան պատասխանեց՝ «Էդքանից հետո գետինը չե՞ս մտնում, Լևոն»:
- Եթե ՀՀ առաջին իշխանությունը չլիներ զիջողական, երևի մենք արդեն կունենայինք անկախ Արցախ:
- Դիվանագիտությունը տարիների ընթացքում հաղթահարելով պատը, ի վերջո, հասավ Մադրիդյան սկզբունքներին:
- Մադրիդյան փաստաթղթում սաղմնային ձևով արձանագրվել է, որ Ադրբեջանն ագրեսոր է:
- Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը միաձուլված էին:
- Մադրիդյան փաստաթուղթը ֆիքսել էր նաև Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը, իսկ Արցախի անվտանգության երաշխավորն էր ոչ միայն Հայաստանը, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները:
- Այսօր Հայաստանի իշխանությունները տարբեր հարցերով անընդհատ շեղում են հանրության ուշադրությունը՝ բուհերի միավորում և այլ կենցաղային ու սոցիալական հարցեր… Հասարակության մոտ սերմանում են վախ և տեսակետ, որ «դուք սովորական մարդկանց հավաքածո եք»…
- Իշխանությունների նպատակն է՝ ժողովրդին դարձնել արմատներից, պատմությունից զուրկ, վախեցած հավաքածո:
- Այս իշխանությունները հստակ ծրագրով են եկել՝ ձերբազատվել Արցախից, ռուսներին դուրս մղել, սիրաշահել թուրքերին և ժողովրդին էլ այնպես ներկայացնել խնդիրն ու իրենց լուծումները, որ ոտքի չկանգնեն:
- Թուրքիան մեր առջև հիմա ոչ թե նախապայման, այլ պահանջ է դրել:
- Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է կատարել՝ Արևելյան Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին. եթե ասում է՝ Արևելյան Ադրբեջան, նշանակում է՝ կա նաև Արևմտյան Ադրբեջան: Օրինականացնելով Արևելյան Ադրբեջանը, նշանակում է արդյոք, որ Արևմտյան Ադրբեջանն էլ Հայաստա՞նն է, որը միայն ադրբեջանցիներն են օգտագործում:
- Իշխանությունները դելիմիտացիա տերմինն օգտագործում են մեր տարածքներն օտարելու համար:
- Քարտեզն արդեն կա, սահմանները գծել են, տվել են… հիմա այս բոլորն անում են տեսք տալու համար:
- Բոլորս ենք վտանգված, պետք է առաջնորդվենք փրկության ծրագրով:
- Իշխանությունը փորձում է ձևավորել տոտալիտար համակարգ, տոտալ վերահսկողություն՝ ժողովրդավարության անվան տակ:
- Մեր փրկությունն ամբողջ պետական կառույցի պաշտպանական համակարգն է:
- Պետք է լինի ազգային փրկության կոմիտե, որտեղ պետք է ներգրավվեն բոլոր մտահոգ ուժերը, լավագույն մասնագետները: