Տավուշի գյուղերը մտնում են 86.600 քկմ-ի մեջ. Ալիևը Փաշինյանից պահանջել է կատարել «Բ» կետը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց է տվել China Media Group-ին, որը հուլիսի 22-ին եթեր է հեռարձակել China Global Television Network-ը:

Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին՝ կարծիք հայտնելով, որ այն կարող է ստորագրվել մոտ ապագայում, այնուհետև պարզաբանել է, թե ինչու է այդպես կարծում:

«Որովհետև Հայաստանը ստիպված եղավ շատ կարևոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև նրանք դա պաշտոնապես հաստատեցին նախորդ տարի հոկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին ՀՀ իշխանությունները հստակեցում մտցրեցին այդ հարցում, քանի որ մենք պահանջել էինք հստակ ասել, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս: Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»,- շեշտել է Ալիևը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»:

Գրեթե նույն ժամանակահատվածում Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի կոնկրետ էր անդրադարձել  Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ ինքը պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը:

«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:

Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Փաշինյանն այստեղ խոսում է զորքի հայելային հետքաշումից և դրա իրականացումից, և, որ պատրաստ են ստորագրել, նոր միայն տեղի ունենա ադրբեջանական զորքի հետքաշումը, ինչը խիստ կասկածելի է և վտանգավոր: Սրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Մյուս կողմից, Հայաստանն արդեն համաձայնել է հանձնել Տավուշի գյուղերը, և մնում է դրան փաստաթղթային ուժ հաղորդել, որին խոչընդոտող ցանկացած բան և ցանկացած մեկի իշխանությունները հեռացնում են իրենց ճանապարհից և մեկուսացնում:

Հենց դրա համար էլ Փաշինյանի հրահանգով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարաձգվեց՝ մինչև նոյեմբերի 15-ը:

Վերադառնանք Արցախի ինքնորոշման իրավունքի ճակատագրին և մի քանի փաստ հիշենք:

Առաջին, 2020-ի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին:

«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը։- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները։- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ դաժան մարտեր են ընթանում, և դա դժվար է անել:

«Եթե հանկարծ մենք դադարեցնենք գործողությունները, իսկ իրենք չդադարեցնե՞ն… Ամեն դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատել: Թե չէ սպասեք, ժամանակ տվեք: Ինչի՞ համար ժամանակ տանք: Տանք ժամանակ, որ վերականգնեք ուժե՞րը: Տանք ժամանակ, որ մարդ հավաքեք և հարձակվեք մեզ վրա՞: Նրանք մեզ միամիտի տեղ են դրել: Տանք ժամանակ, որ բանակցությունների գնա՞նք: Ես ասացի ինչ պետք է, և վերջ»,- շարունակել էր Ալիևը:

Ի դեպ, Ալիևը նաև որոշ գաղտնազերծումներ էր արել:

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե, թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- եզրափակել էր Ալիևը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր կատարել, որտեղ նշել էր՝ պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար էր:

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,- մանրամասնել էր նա:

2020 թվականի հոկտեմբերի 16-ին շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին՝ «պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար», Փաշինյանը պատասխանել էր.

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ., կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը, կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011 թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի»:

2020-ի հոկտեմբերի 25-ին էլ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որտեղ նշել էր, որ երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում որևէ փոխզիջման, «այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ»:

Իսկ 2020-ի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա», և խոսեց ՀՀ-ի՝ ցավոտ փոխզիջումներին պատրաստ լինելու մասին:

Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո, պատրաստ է, նույնիսկ՝ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»:

Պատերազմից հետո 2021-ի հունվարի 4-ին հրապարակված «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը շոշափելով Արցախի կարգավիճակի հարցը՝ գրել էր.

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկներն ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերն ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին՝ շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «Ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար և պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին և դրանից հետո: Սա ընդհանրապես ցինիզմի գագաթնակետն է:

Այսինքն՝ Ռուսաստանը և մյուս համանախագահներն իրենց առաջարկած պլանից հրաժարվելո՞ւ էին, համանախագահներն էլ համաձայնելու էին ի հեճուկս Ադրբեջանի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչե՞լ: Եվ կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր և սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչև 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համա՞ր: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 20 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին, երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին»:

Թե ինչի էր պատրաստ Ռուսաստանը, ինչի էին պատրաստ ՄԽ համանախագահող երկրները, և ինչ է ժառանգել Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, 168.am-ն արդեն անդրադարձել է։

Ավելին, Ալիևն ինքն է ընդունել, որ չի կարողացել Ադրբեջանն իր պահանջներն անցկացնել միջազգային հանրության մոտ: Այսինքն, Փաշինյանը ստել է՝ հակառակը պնդելով, և այն, ինչ ունենք, ի սկզբանե հայտնի էր Փաշինյանին:

Հետաքրքիր է, որ պատերազմի օրերին Ալիևը Փաշինյանից պահանջել է հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ, այն ժամանակ, երբ ըստ ռազմական փորձագետների և պատերազմի որոշ մասնակիցների, հայկական կողմը կարող էր կազմակերպել Հադրութի պաշտպանությունը, և պատերազմը բոլորովին այլ ելք կունենար, ինչը չի արվել, արդյունքում կորցրել ենք և՛ Հադրութը, և՛ Շուշին:

Դիտավորությո՞ւն, թե՞ պատահականություն, սխալ հաշվարկնե՞ր, թե՞ հստակ հաշվարկված քայլեր, ժամանակը ցույց կտա, թեպետ շատ բան արդեն վաղուց պարզ է:

Տեսանյութեր

Լրահոս