Ի՞նչ էր փնտրում ամերիկյան հետախուզությունը Խորհրդային Հայաստանի քիմիական գործարաններում. ՄԱՍ 2-րդ
ԱՄՆ Կետրոնական հետախուզության վարչությունը 1948 թվականի զեկույց է ներկայացնում, որում մանրամասն ներկայացնում էր Երևանում գործող և կառուցվող քիմիական գործարանների մասին:

Այդ լայնածավալ զեկույցի երկրորդ մասում ներկայացվում է Երևանի ներկերի և լաքերի, «Պոլիվինիլացետատ» քիմիական և փոքր հիդրոտուրբինների գործարանները: Երևանի լաքերի և ներկերի գործարանը հիմնադրվել է 1948 թվականին և խորհրդային տարիներին եղել է Հայաստանի ներկանյութերի արտադրության կարևոր ձեռնարկություններից մեկը։
Գործարանում արտադրվում էին տարբեր բաղադրության լաքեր և ներկեր, որոնց արտադրանքը մատակարարվում էր ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության այլ շրջաններ: Երևանի «Պոլիվինիլացետատ» քիմիական գործարանի արտադրական գործունեությունը սկսվել է 1949 թվականին։ Այն Հայաստանի քիմիական արդյունաբերության կարևոր ձեռնարկություններից էր և մասնագիտացած էր քիմիական մի շարք նյութերի արտադրության մեջ։

Գործարանը սերտորեն կապված էր Երևանի քիմիական կոմբինատի հետ՝ որպես արտադրական հումք օգտագործելով վերջինիս ացետիլենային գազը։ Երևանի Փոքր հիդրոտուրբինների գործարանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1946-1950 թվականներին՝ Հայաստանի խորհրդային արդյունաբերական զարգացման և էներգետիկ մեքենաշինության ընդլայնման ծրագրի շրջանակում։
Այն մասնագիտացած էր փոքր հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված հիդրոտուրբինների և հարակից սարքավորումների արտադրության մեջ։

Ուսումնասիրելով պատմական այս փաստերն ու դրանք համադրելով ամերիկյան գաղտնի զեկույցում առկա տեղեկությունների հետ՝ նկատում ենք, որ այդ շրջանի ամերիկյան գործակալական ցանցը մանրամասն տիրապետում էր այս երեք արտադրամասերի գրեթե բոլոր ներքին անցքերին: Այդ ամենում կարելի է համոզվել՝ կարդալով ստորև ներկայացված զեկույցը.
«Գաղտնի: Կենտրոնական հետախուզական գործակալություն, տեղեկատվական հաշվետվություն: 1948 թվականի հունիսի 7: ԽՍՀՄ (Հայաստան):

Երևանի ներկերի և լաքերի գործարան
Երևանի ներկերի և լաքերի գործարանը լիովին նոր ձեռնարկություն է և դեռևս գտնվում է շինարարության փուլում։ Առաջին արդյունաբերական շենքերն ավարտվել են 1947 թվականի կեսերին, երբ սկսել են հասնել գործարանային արտադրամասերի սարքավորումները։
Ակնկալվում է, որ գործարանը կկառուցվի ևս երկու տարի։ Արդեն կառուցված են երկու արտադրամաս՝ չոր ներկերի և էմալապատ ներկերի, իսկ երկուսն էլ գտնվում են շինարարության փուլում՝ չորացման յուղի և լաքի արտադրամաս և բաղադրյալ ներկերի արտադրամաս: Չոր ներկերի արտադրամասը սկսել է մասնակի արտադրություն։ Հումքը ստացվում է Հայաստանի Հրազդանի շրջանից, որտեղ գտնվում են տուֆի հանքավայրերը։ Էմալապատ ներկերի արտադրամասը պետք է սկսի գործել 1948 թվականին, չորացման յուղի և լաքի արտադրամասը՝ 1949 թվականին, իսկ բաղադրյալ ներկերի արտադրամասը՝ 1950 թվականին։

Այս վերջին արտադրամասը նախատեսված է գործելու Հայկական ԽՍՀ այլ խոշոր քիմիական գործարանների՝ Ալավերդու քիմիական գործարանի, Կիրովականի քիմիական գործարանի և Երևանի խրոմպիկի գործարանի հետ համագործակցությամբ, որոնք բոլորն էլ մատակարարելու են բաղադրյալ ներկերի արտադրության համար անհրաժեշտ տարբեր քիմիկատներ։ Գործարանի տարեկան թողարկումը, երբ ամբողջ շինարարությունն ավարտվի և բոլոր արտադրամասերն աշխատեն, պետք է կազմի մոտ 2,500-3,000 տոննա տարբեր ներկեր և լաքեր:
Երևանի «Պոլիվինիլացետատ» քիմիական գործարան
Սա լիովին նոր գործարան է ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, որը դեռևս գտնվում է շինարարության փուլում։ Շինարարությունը սկսվել է երկու տարի առաջ, և 1947 թվականի սկզբին ավարտվել են երկու հիմնական արդյունաբերական շենքեր և մի քանի օժանդակ շինություններ։ Գործարանային որոշ արտադրամասերի սարքավորումները սկսել են ժամանել 1947 թվականի մարտին, ներառյալ հորատման մեքենաներ, խառատային հաստոցներ, հիդրավլիկ մամլիչներ, մանրացնող մեքենաներ, մամլման կաղապարներ, գործիքներ և լաբորատորիայի սարքավորումներ։ Տարբեր տեսակի մեկուսիչ սարքավորումների համար մամլման կաղապարները ժամանել են Էլեկտրակայանների նախարարության պատվերով:

Գործարանը պետք է արտադրի պոլիվինիլացետատային պլաստմասսայե իրեր էլեկտրական արդյունաբերության համար, հիմնականում մեկուսիչ սարքավորումներ։ 1947 թվականի կեսերից պլաստմասսայի արտադրամասը մասնակիորեն գործում է փոքր թվով մասնագիտացված աշխատողներով, սակայն դրա արտադրանքը մինչ այժմ սահմանափակված է սպառողական ապրանքներով, ինչպիսիք են մոխրամանները, սիգարետի տուփերը, սիգարետի պահարանները (մնացորդային խողովակները) և թանաքամանները: Մինչև 1948 թվականի կեսերը որակավորված աշխատողների թիվը բավարար կլինի էլեկտրական արդյունաբերության համար որոշ իրերի արտադրությունը սկսելու համար, սկզբում՝ փոքր մասշտաբով։

Փոքր հիդրոտուրբինների գործարան
Այս գործարանը, որը գտնվում է ԽՍՀՄ Մեքենաշինության և սարքաշինության նախարարության (Минмашприбор) ենթակայության տակ, գտնվում է Երևանի Ստալինի շրջանում՝ Երևանի կոմպրեսորային գործարանի հարևանությամբ: Սա նոր գործարան է, որը դեռևս կառուցվում է։
Շինարարությունը սկսվել է 1946 թվականին, և մինչև 1947 թվականի դեկտեմբերն ավարտվել է հիմնական արդյունաբերական շենքը։ Այս շենքում պետք է տեղակայվեն մեխանիկական արտադրամասը, գործիքային արտադրամասը և ջերմային արտադրամասը, ինչպես նաև փոքր պահեստ։ Երկրորդ մեծ շենքը, որը դեռևս կառուցվում է, պետք է ավարտվի մինչև 1948 թվականի ամառ։ Այնտեղ պետք է տեղակայվեն ձուլարանը և երկու օժանդակ արտադրամասեր։
Բացի այս երկու մեծ շենքերից, կառուցվում են նաև մի քանի փոքր շենքեր։ Արդեն ավարտված են գործարանի վարչական շենքը, ավտոմեքենաների ավտոտնակը և պատրաստի արտադրանքի ու նյութերի պահեստը: 1947 թվականի սեպտեմբերից գործարանը Մոսկվայից ստացել է հաստոցներ, ագրեգատներ և տարբեր սարքավորումներ Մեքենաշինության և սարքաշինության նախարարության պատվերով։ Մինչև 1947 թվականի դեկտեմբերը մեխանիկական արտադրամասում արդեն տեղադրվել էր տասնվեց հաստոց և խոշոր չափերի շատ բարդ հատուկ ագրեգատ: Գործարանի կողմից արտադրվող հիդրոտուրբինի նմուշներն ուղարկվել են Մոսկվայից։
Տուրբինը պետք է լինի ավելի հզոր, քան Երևանի գյուղմեքենաշինական գործարանում արտադրվողը։ Տուրբինի մասնակի արտադրությունը գործարանում սկսվել է նոյեմբերին, և առաջին տուրբինը հավաքվել է 1947 թվականի դեկտեմբերին։ Այս հիդրոտուրբինի մասերն արտադրվել են Երևանի կոմպրեսորային գործարանի կողմից, որը նույնպես գտնվում է Մեքենաշինության և սարքաշինության նախարարության ենթակայության տակ։ Ըստ պլանների՝ գործարանը պետք է կարողանա 1950 թվականին հասնել տարեկան 300 հիդրոտուրբինի արտադրության: 1947 թվականի ամռանը շինարարությամբ զբաղված աշխատողների ամսական միջին թիվը կազմել է մոտ 350 մարդ, սակայն այս թիվը հաճախ փոփոխվել է։ Հիդրոտուրբինների արտադրության համար արդյունաբերական բանվորների հավաքագրումը սկսվել է 1947 թվականի նոյեմբերին։ 1947 թվականի դեկտեմբերին գործարանն ուներ շուրջ 90 արդյունաբերական բանվոր, որոնցից 30-ը հայրենադարձ հայեր էին։ Նրանք հիմնականում մետալուրգներ և մետաղագործներ էին, որոնք ժամանել էին 1947 թվականի ընթացքում տարբեր երկրներից»: (Տես՝ CIA-RDP82-00457R001500930006-1.pdf):

1948 թվականի ամերիկյան հետախուզության հետաքրքրությունը պայմանավորված էր պատկերացում կազմելու խորհրդային արդյունաբերական համակարգի կազմակերպման և զարգացման հեռանկարների մասին։ Սառը պատերազմի սկզբնական շրջանում նման տվյալները կարևոր հետախուզական նշանակություն ունեին ԱՄՆ-ի համար՝ ԽՍՀՄ տնտեսական, տեխնոլոգիական և ռազմավարական կարողությունները գնահատելու տեսանկյունից։
Զ. Շուշեցի

