Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելիս Արցախն արդեն անկախ էր. Ադրբեջանը 1991թ. չի վավերացրել. Շավարշ Քոչարյան
«Ալմա Աթայի հռչակագիրը, որին հղումներ են արվում, ամրապնդում է Արցախի ինքնորոշումը և անկախ կարգավիճակը»,- այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպման արդյունքում տարածված հայտարարությանը և դրանում նշված ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասվում էր.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ հայտարարությամբ փորձում են ժողովրդի շրջանում սին պատրանքներ ստեղծել.
«Ասում են՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է Ալմա Աթայի հռչակագիրը, որով անդամ պետությունները ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ եկեք ստորագրենք, գինը թող Արցախը լինի, բայց մենք արդեն երաշխավորված ենք մեր, ինչպես Նիկոլն էր ասում՝ 29.800 քառակուսի կիլոմետրով: Սա են փորձում մատուցել, ուստի եկեք հասկանանք, թե իրականում ինչ էր այդ հռչակագիրը:
Առաջինը, իհարկե, դա կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:
Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ:
Այդ ժամանակ, բնական է, քանի որ ես Գերագույն Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էի, առաջնային համակարգողը մենք էինք, բայց կարևորագույն դերակատարում ուներ նաև ձևավորված Արցախի հանձնաժողովը: Այդ քննարկումների ժամանակ, եթե չեմ սխալվում՝ դա դեկտեմբերի 26-ին էր, Սուրեն Զոլյանը, որը ներկայացնում էր համապատասխան հանձնաժողովը, ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ներկայացնում էինք այդ վերապահումները: Վերջիվերջո, ի՞նչ վերապահում ընդունվեց: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած սուբյեկտներ» ձևակերպումը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Սաթիկ Սեյրանյանի արձագանքին՝ այսինքն՝ նկատի ունեիք Արցա՞խը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Միանշանակ: Ու դա միայն Արցախն էր: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախը առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախը ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին Ալմա Աթայի հռչակագիրը ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը, ըստ էության, ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը:
Շավարշ Քոչարյանը կարևոր է համարում հիշեցնել անտեղյակ մարդկանց, որ 1991 թվականին Ադրբեջանը չի դարձել ԱՊՀ անդամ: Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանն ԱՊՀ անդամ է դարձել 1993 թվականի սեպտեմբերի 24-ին.
«Կասեն՝ բա ո՞նց, չէ՞ որ, երբ ստորագրում էին, ստորագրել են 11 պետություններ, չեն ստորագրել Բալթյան երեք երկրները և Վրաստանը, բայց Ադրբեջանը ստորագրել էր: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ստորագրել է, բայց չեն վավերացրել: Այսինքն՝ ինքը՝ Ադրբեջանը, Մութալիբովի ստորագրությունը համարել է առոչինչ: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ: Դա մի ֆանտաստիկ արագությամբ իրադարձություն էր: 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիևը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունենում իրենց Գերագույն Խորհրդի նիստը, որը վավերացնում է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Եվ այդ նույն օրը ԱՊՀ ղեկավարների խորհուրդը ընդունում է Ադրբեջանի անդամակցության մասին որոշում: Սա շատ էական է հասկանալը: Ո՞ր սահմաններով է Ադրբեջանը անդամակցել ԱՊՀ-ին. այն սահմաններով, որով 1993 թվականին է եղել: Այսինքն՝ այն սահմաններով, որոնք գրեթե կային մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը:
Ավելին, Շավարշ Քոչարյանի խոսքով, 1993 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի է ունենում ԱՊՀ նիստը, և հենց մյուս օրը Մոսկվայում Ալիևը հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մինչ այդ՝ սեպտեմբերի 3-ին, Հեյդար Ալիևն իր ձեռքով լիազորագիր է գրում, որով լիազորում է իրենց փոխխոսնակ Աֆիյադին Ջալիլովին բանակցություններ վարել Արցախի համապատասխան լիազոր ներկայացուցչի հետ բարձրագույն մակարդակի հանդիպում կազմակերպելու համար:
«Նմանատիպ լիազորագիր Արցախում ստանում է այն ժամանակ Արցախի արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, իրենք հանդիպում են Մոսկվայում, ընդ որում՝ ոչ գաղտնի, քննարկում են և դուրս են գալիս, ինչպես ռուսներն ասում են, выход к прессе՝ ներկայացնում են, որ, այո՛, հանդիպել ենք, պայմանավորվել ենք, որ պետք է հանդիպեն առաջին դեմքերը: Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, առաջին՝ Ալիևը երբ տալիս է այդ լիազորագիրը, ինչպես ինքն այնտեղ անվանում է Ղարաբաղը, ռուսերեն հապավումով НКР՝ Нагорно Карабахская Республика, ու տակը Հեյդար Ալիևի ստորագրությունը: Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում:
Նախ ԱՊՀ անդամակցելիս՝ Ադրբեջանի սահմանները լրիվ ուրիշ էին, երկրորդ՝ Ադրբեջանն Արցախն ընդունել է առնվազն որպես հակամարտության կողմ, չեմ ասում՝ ճանաչել է, առնվազն ընդունել է: Ավելին, սեպտեմբերի 25-ին, երբ հանդիպում են Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, պայմանավորվում են զինադադարի մասին, որից հետո տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ պաշտպանության նախարարների, այդ թվում՝ տարբեր մակարդակի հանդիպումներ, և այդ բոլորը պարարտ հող են ստեղծում, որպեսզի 1994 թվականի մայիսին ստորագրվի զինադադարի համաձայնագիրը: Շատ էական է հասկանալը, որ միայն երկկողմ շփումներով էր տեղի ունենում այդ ամենը, որտեղ Հայաստանը չէր մասնակցում, Արցախն էր մասնակցում: Վերջիվերջո, եկանք այդ համաձայնագրին, որն անժամկետ է, որն արդեն պետք է գործեր: 1995 թվականին նորից լինում է համաձայնագիր, այս անգամ եռակողմ՝ Արցախը և Ադրբեջանը բանակցել են, սակայն հետո միացել է Հայաստանը, որն ինքնին հարցական է՝ ինչո՞ւ էր միանում: Բայց ամեն դեպքում կար համաձայնագիր 1994 թվականին, 1995 թվականին կար ևս մեկ համաձայնագիր, որտեղ հստակ ֆիքսվում էր այդ զինադադարը (դա ոչ թե հրադադար էր, այլ զինադադար), նշված էր, որ դադարեցնում են ռազմական գործողությունները և կրակը՝ մինչև խնդրի ընդհանուր կարգավորումը: Ի դեպ, 1994 և 1995 թվականի այդ համաձայնագրերն Ադրբեջանը խախտել է 2016 թվականին և 2020 թվականին»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը չի վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը, Մութալիբովի ստորագրությունն իրենք առոչինչ են համարել, այն ստորագրել է 1993 թվականին Հեյդար Ալիևը, այդպես էլ այդ հռչակագիրը առ այսօր չի վավերացվել Ադրբեջանի կողմից: Ըստ նրա, հիմնադիր փաստաթղթերից Ադրբեջանը վավերացրել է միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը: «Այսինքն՝ ըստ այդ հռչակագրի՝ ինքը որևէ պարտավորություն չունի, իսկ Հայաստանն ունի»,- նկատեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայի հանդիպման ընթացքում հղում արվել Ալմա Աթայի փաստաթղթին, Շավարշ Քոչարյանը ենթադրում է՝ ՀՀ իշխանություններն այնքան փնթի են գործում, որ իրենց համար կարևոր չէ, խորամուխ չեն լինում, բայց սրանք իրողություններ են, փաստեր են, որոնց կարելի է նույնիսկ ինտերնետով ծանոթանալ: Նրա հստակեցմամբ, ամեն դեպքում Ալմա Աթայի հռչակագիրը, որին հղումներ են արվում, ամրապնդում է Արցախի ինքնորոշումը և անկախ կարգավիճակը և ոչ հակառակը: