Կովկասում ԱՄՆ-ի ակտիվացման խորապատկերին Թուրքիան և Հայաստանը պայմանավորվում են ուղիղ առևտրի մասին
Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ուղիղ երկկողմ ցամաքային առևտուրը Վրաստանի տարածքով՝ հրաժարվելով տասնամյակներ շարունակ գործող քվազիէքսպորտի մեխանիզմից, գրում է Al-Monitor-ը: Այդ որոշումը հնարավոր է դարձել Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերի ակտիվացման խորապատկերին՝ ԱՄՆ-ի մատուցմամբ Հարավային Կովկասում ավելի ընդգրկուն «խաղաղարար» ջանքերի շրջանակներում: Ձևավորվում է բարենպաստ տեղեկատվական մթնոլորտ. այսպես, թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքն այցելել է Կարս և հարակից շրջան՝ պարզելու, թե ինչպես են թուրք-հայկական սահմանամերձ շրջանների բնակիչները (որոնցից շատերը, նկատենք, ադրբեջանցիներ են) վերաբերվում սահմանի հնարավոր բացմանը։ Նրանք անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը, իրենց նյութական վիճակի բարելավումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացման հետ։ Սահմանի բացման դեպքում քաղաքում կսկսվի զբոսաշրջային բում, կավելանա ապրանքաշրջանառությունը և կդադարի արտագաղթը, վստահ են տեղական խանութների տերերն ու տաքսու վարորդները։
2022 թվականին Անկարան և Երևանը բանակցություններ սկսեցին հարաբերությունների կարգավորման շուրջ՝ ձգտելով բացել 1993 թվականի գարնանը Ղարաբաղում հայկական ուժերի հաջողությունների խորապատկերին փակված սահմանը, որպեսզի վերջնական արդյունքում հաստատեն պաշտոնական դիվանագիտական կապեր։ Սեպտեմբերին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը և նրա հայ գործընկեր, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վեցերորդ հանդիպումն են անցկացրել հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ: Բանակցությունների արդյունքում Քըլըչը հանդիպել է Türkiye Odalar ve Borsalar Birliği-ի (Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատների և ապրանքային բորսաների միություն, TOBB) ղեկավար Ռիֆաթ Հիսարջիկլիօղլուի հետ՝ քննարկելու նոյեմբերին կնքված նոր համաձայնագրի տեխնիկական ասպեկտները, Al-Monitor-ին հայտնել է աղբյուրներից մեկը: TOBB-ն կազմակերպություն է, որը միավորում է Թուրքիայի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները և ապրանքային բորսաները։ Այն հանդես է գալիս որպես կապող օղակ կառավարության և մասնավոր հատվածի միջև մաքսային ձևակերպումների, լոգիստիկայի և անդրսահմանային առևտրի մեխանիզմների հարցերում: «Որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, և այժմ տեխնիկական աշխատանքներ են ընթանում»,- հայտնել է բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհրդի գործադիր փոխնախագահ Նոյան Սոյակը:
Մինչ այժմ հայ-թուրքական ցամաքային առևտուրն ընթանում էր վրացական միջնորդների միջոցով՝ քվազիէքսպորտի սխեմայով։ Հայաստան մեկնող թուրքական ապրանքները Վրաստանի սահմանը հատելիս պաշտոնապես վերաորակավորվել են՝ որպես առանձին արտահանման ապրանք։ Նոր կանոնների համաձայն՝ Վրաստանի տարածքով տարանցվող բեռներն այլևս չեն համարվի վերաարտահանում՝ պահպանելով արտահանման սկզբնական կարգավիճակը, ինչը կազատի վրացական միջնորդական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունից: Դա թույլ կտա ուղիղ երկկողմ առևտուր իրականացնել առանց փակ ցամաքային սահմանի բացման։ Վրաստանի տարածքով ցամաքային առևտուրն այժմ հնարավոր է, սակայն ընկերություններին ժամանակ կպահանջվի առկա մեխանիզմները հարմարեցնելու համար, հայտնել է ոլորտի աղբյուրը՝ չնշելով ժամկետները:
2022 թվականին երկու երկրներն արդեն հաստատել են օդային բեռների ուղղակի առևտուրը՝ հարաբերությունների կարգավորման նախորդ քայլերի շրջանակներում։ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 336 մլն դոլարը, ընդ որում, մատակարարումների մոտ 40%-ը ցամաքով անցել է Վրաստանի տարածքով։ Բիզնեսի ներկայացուցիչների գնահատականներով՝ 2025 թվականին առևտրի ծավալը կարող է հասնել 400 մլն դոլարի։ Սա նշանակում է՝ ուղիղ տարանցման անցումը մեծապես ձեռնտու է թուրք առևտրականներին։ Հայաստան թուրքական արտահանման հիմնական ապրանքներն են՝ մեքենաներ և մեխանիկական սարքավորումներ, երկաթից և պողպատից պատրաստված իրեր, այլ արդյունաբերական ապրանքներ և տեքստիլ։ 2025 թվականի պաշտոնական տվյալները դեռ պետք է հրապարակվեն, սակայն Սոյակը գնահատում է, որ ընդհանուր առևտուրը կազմել է մոտ 400 միլիոն դոլար: Ակնկալվում է՝ վերաարտահանման մեխանիզմի չեղարկումը կնվազեցնի թուրքական ընկերությունների ծախսերը ևս 10-15 տոկոսով, ընդ որում՝ «ակնկալվում է, որ այդ քայլի շնորհիվ Հայաստանից Թուրքիա արտահանումը նույնպես կավելանա»: Հայ առևտրականները նախկինում էլ կարող էին Վրաստանի տարածքով ապրանքներ ուղարկել Թուրքիա, սակայն ցամաքային մաքսատներում Հայաստանի ապրանքների հետ կապված անորոշությունը բարդացնում էր ընթացակարգերը և երբեմն հանգեցնում բեռների կորստի։
Ուղիղ ցամաքային միջանցքը Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացում հերթական քայլն է։ Հունվարին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց՝ Անկարան և Երևանը պայմանավորվել են պարզեցնել վիզային ընթացակարգերը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների, ինչպես նաև գործող և նախկին պետական ծառայողների համար: 2026 թվականի հունվարից նման անձնագրերի սեփականատերերը ստանում են անվճար էլեկտրոնային վիզաներ, ինչը կվերացնի երկարամյա բյուրոկրատական խոչընդոտը։ 2025 թվականի դեկտեմբերին Քըլըչը նաև հայտարարեց Մարտի 11-ից Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով ամենօրյա չվերթների մեկնարկի մասին, ինչը, ըստ Սոյակի, այսօրվա «ամենակարևոր գործնական քայլերից» մեկն է։
Բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման մասին, սակայն դրա իրագործումն առայժմ հետաձգվում է երկու կողմերի տեխնիկական պատրաստվածության պատճառով: 2023 թվականին սկսված Ալիջան-Մարգարա հսկիչ անցակետի շինարարությունն ավարտվել է մոտ 90 տոկոսով, հունվարին հայտնել է Anadolu պետական լրատվական գործակալությունը։
Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի ու ավելի ակտիվ քայլեր են ձեռնարկվում հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Անկարան վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում է Հարավային Կովկասում խաղաղ կարգավորման ուղղությամբ դինամիկայի պահպանման իր գլխավոր հույսը՝ ինչպես Բաքվի և Երևանի, այնպես էլ՝ Անկարայի և Երևանի միջև: «Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը պարոն Փաշինյանն ունեցել է (տարածաշրջանային խաղաղության) հասնելու գործում։ Այդ քաղաքական կամքը պետք է պահպանել»,- հունվարին ասել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ Սպիտակ տան ջանքերի ակտիվացման խորապատկերին: Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի անցումը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ուղիղ առևտրային կապեր հաստատել Վաշինգտոնում օգոստոսի խաղաղության գագաթնաժողովում, որը կազմակերպել էր Թրամփը: Ձգտելով խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ԱՄՆ նախագահն իրեն գովազդում է որպես խաղաղարարի, որն ունակ է կարգավորել անլուծելի թվացող հակամարտությունները:
Փետրվարի 9-11-ը ԱՄՆ փոխնախագահ Վենսն այցելել է Հայաստան և Ադրբեջան, որտեղ քննարկել է երկու վաղեմի մրցակիցների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը: Ենթադրելի էր և շատ է խոսվում, այսպես կոչված, «Թրամփի ճանապարհի»՝ Ադրբեջանի տարածքի հիմնական մասի, Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի միջև տրանսպորտային միջանցքի մասին՝ հայկական Սյունիքի մարզով։ Ի սկզբանե նման միջանցքի գաղափարը, որը սկիզբ է առնում «Գոբլի պլանից» և ավելի վաղ մտահղացումներից, մշակվել էր թուրքական հետախուզական համայնքի կողմից Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում «Բարձր դռան» ժառանգների էքսպանսիոնիստական ծրագրերի լայն համատեքստում։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



