ՀԾԿՀ-ի անգործություն հետևանքով՝ այսօր էլ քաղաքացիները բարձր գին են վճարում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ Մեսրոպյանը՝ վերջերս խոսելով հանրային ծառայությունների սակագների հնարավոր բարձրացման ու դրա հետևանքների մասին, հավաստիացնում էր, որ ՀԾԿՀ-ն թե՛ իր ղեկավարման, թե՛ իրեն նախորդած գործընկերների ղեկավարման տարիներին միշտ արել է հնարավորը, որ ժամանակից շուտ սակագների թանկացում տեղի չունենա, քանի որ սպառողի համար նույնիսկ կես դրամի փոփոխությունն արդեն իսկ ծանր է։

Իրականում սակագնի ցանկացած բարձրացում բեռ է սպառողների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ չափերի է հասնում Հայաստանում աղքատությունը։ Բայց ՀԾԿՀ նախագահը մոռանում է, որ իր ղեկավարած կառույցը միայն սակագները բարձրացնելու համար չէ։ Այն նաև սակագները նվազեցնելու պարտավորություն ունի։ Իսկ այդ առումով հանձնաժողովն, իր ղեկավարի հետ միասին, վերջին տարիներին բացառիկ անգործություն է դրսևորել, բարձր է պահել սակագները՝ նվազեցնելու փոխարեն։ Խոսքը մասնավորապես՝ գազի սակագների մասին է։

Վերջին անգամ գազի սակագները Հայաստանում վերանայվել են 2022թ.։ Սակայն դրանից հետո այս առումով շատ ջրեր են հոսել, որոնք պիտի հանգեցնեին գազի սակագների վերանայման։ Այնինչ՝ այդ ընթացքում հանձնաժողովը ոչ մի անգամ չի վերանայել ու նվազեցրել սակագները։ Դրանք շարունակել է բարձր պահել՝ դատարկելով սպառողների, մասնավորապես՝ քաղաքացիների գրպանները։

Անցած 4 տարիներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մնացել է անփոփոխ։ Այդ պայմաններում, սակայն ,կտրուկ նվազել է սպառողներին վաճառվող գազի սակագնի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն ունեցող առանցքային գործոններից մեկի՝ դոլարի փոխարժեքը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ փոխարժեքն այն 4 հիմնական պարամետրերից մեկն է, որը մտնում է սակագների հաշվարկի ու ձևավորմանն մեջ։

Անցած 4 տարիներին դոլարի փոխարժեքը Հայաստանում էապես նվազել է։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ հոսեցին Հայաստան։

Դոլարի փոխարժեքի անկումը եղավ գազի սակագների հաստատումից հետո։ Գազի այսօրվա սակագները գործում են 2022թ. ապրիլի 1-ից, իսկ հաստատվել են դրանից ավելի քան 1 ամիս առաջ, երբ դեռ չէր սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը և հայտնի չէր, թե ինչ կարող էր տեղի ունենալ դոլարի փոխարժեքի հետ։

2022թ. սկզբին դոլարի փոխարժեքը Հայաստանում տատանվում էր 490 դրամի սահմաններում։ Դրա հիման վրա էլ ՀԾԿՀ-ն հաստատեց գազի սակագները։

Այսօր գործող սակագները հանձնաժողովը հաշվարկել է դոլարի 480 դրամ փոխարժեքով։ Սակայն դրանից հետո դոլարի փոխարժեքը լրջորեն նվազել է։

Նվազումը շարունակվում է մինչև հիմա։ Վերջին օրերին դոլարի փոխարժեքն իջել է նույնիսկ 370 դրամից, մի պահ տատանվում էր անգամ 366 դրամի շրջակայքում։

Դատելով Կենտրոնական բանկի նախագահի վերջերս արած հայտարարությունից՝ դոլարի վրա ճնշումն այս տարի նույնիսկ մեծացել է։ ԿԲ նախագահը դրանով է պայմանավորվում վերջին շրջանում ամերիկյան արժույթի արժեզրկումն ու համարում է, որ շուկան ավելցուկային տարադրամից չմաքրելու պարագայում՝ դոլարի արժեզրկումն ավելի մեծ կլինի։

Կենտրոնական բանկի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ առայժմ դոլարի ամրապնդման մասին խոսք չի կարող լինել։ Ընդհակառակը՝ այն շարունակում է մնալ ճնշման տակ, ինչը կարող է ավելի մեծացնել դոլարի արժեզրկումը։

Այս պայմաններում, սակայն, ՀԾԿՀ-ն ոչ մի անգամ փորձ չի արել նվազեցնել գազի սակագինը, չնայած այս ընթացքում փոխարժեքի ազդեցությունը սակագներում էապես թուլացել է։ Եթե ժամանակին սակագները հաշվարկվել էին դոլարի 480 դրամ փոխարժեքով, այսօր փոխարժեքը 370 դրամից ցածր է։

Առնվազն 110 դրամի կամ գրեթե 25 տոկոսի տարբերություն կա սակագների հաշվարկում ներառված ու այսօր գործող փոխարժեքների մեջ։ Բայց հանձնաժողովն անգործություն է ցուցաբերում ու չի նվազեցնում սակագները, ինչպես չի նվազեցրել վերջին մի քանի տարիներին, երբ դոլարի փոխարժեքն էապես նվազել է։ Չի նվազեցնում ու դրանով պարտադրում է սպառողներին անհամեմատ բարձր գին վճարել գազի սպառման դիմաց, քան կարող էին վճարել, եթե հանձնաժողովն իր դերում լիներ ու սպառողներին ընդառաջ քայլ կատարեր։

Խոսքը վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, քանի որ բնակչությանը վաճառվող գազի սակագինն է, որ հաշվարկված է դրամով, ու երբ դոլարն արժեզրկվում է, այն էլ՝ այսպիսի չափերով, իսկ դրամն արժևորվում է, դա ուղղակիորեն պիտի հանգեցներ բնակչությանը վաճառվող գազի սակագների նվազեցման։ Այնինչ՝ հանձնաժողովը 4 տարում ոչ մի անգամ չի բարեհաճել վերանայել ու նվազեցնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ Փոխարենը՝ դրա արդյունքում, տարիների ընթացքում միլիարդների հասնող գումարներ է հանել քաղաքացիների գրպանից։

Այդ ամենը պատճառաբանել են նրանով, որ հանձնաժողովը նպատակահարմար չի համարում նվազեցնել գազի սակագները։ Հիմա էլ արդեն սկսել են խոսել սակագները բարձրացնելու մասին։

Մինչդեռ՝ ժամանակին, երբ դեռ նոր էր նկատվում դոլարի էժանացում, ՔՊ-ականները գլուխ էին ջարդում, թե դոլարի արժեզրկումն անխուսափելիորեն հանգեցնելու է սակագների նվազեցման, ու դրանում շուտով համոզվելու եք։ Չորս տարում այդպես էլ այդ առումով ոչ մի քայլ չարվեց, իսկ նման հայտարարություն անողները շուտով սսկվեցին ու մոռացան իրենց ասածները։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն էլ խոսում էր Հայաստանում գազի անհամաչափ բարձր սակագների մասին։ Հայտարարում էր, թե իշխանության գալուց հետո նվազեցնելու է սակագինը։ Ինչպես նրա բազմաթիվ այլ ասածներ, այս մեկն էլ սուտ դուրս եկավ։ Գազի սակագինը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ոչ մի անգամ այդպես էլ չնվազեցվեց։ Չնվազեցվեց նաև այն բանից հետո, երբ դա անխուսափելի էր։

Այն գինը, որը վերջին տարիներին վճարել են քաղաքացիները գազի դիմաց, եղել է անհամաչափ բարձր։ ՀԾԿՀ-ն, քաղաքական իշխանության հետ համագործակցված, անհամեմատ բարձր սակագին է դրել քաղաքացիների վրա, քան այն պիտի լիներ։ Այս մասին հանձնաժողովը տարիներ շարունակ լռում է, իսկ հանձնաժողովի նախագահն այնպես է խոսում սակագների թանկացում թույլ չտալու մասին, կարծես հերոսություն են արել։

Սակագները ոչ թե պետք է թանկացնեին, կամ թանկացումը զսպեին, այլ պիտի նվազեցնեին։ Բայց չեն արել ու գրպանել են քաղաքացիների փողերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031