Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է. Արթուր Ղազինյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը գրել է.
«Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը ժողովրդի մեջ տարածում է Հայաստանի ԵՄ անդամակցության «ապագա»` տարրական գիտելիք չունենալով ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ:
ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունը պետք է լինի եվրոպական (ԵՄ պայմանագրի 49 հոդված) և ամբողջությամբ բավարարի 1993թ. Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի ընդունած չափանիշներին, որոնք ունեն 3 հիմնական բաղադրիչներ.
1. ՔԱՂԱՔԱԿԱՆ
– կայուն ժողովրդավարական համակարգ
– իրավունքի գերակայություն
– անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ
– մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ և երաշխավորված համակարգ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
– շուկայական տնտեսություն
– ազատ մրցակցային տնտեսություն
– մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիքներ
-մակրոտնտեսական կայունություն
-ներդրումների իրավական պաշտպանություն
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ
-գործող օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել ԵՄ իրավական համարգին
-ԵՄ իրավունքի ամբողջական և արդյունավետ կիրառում պետության տարածքում:
ԵՄ անդամակցության արագացված ժամկետը 7-ից 10 տարի է, միջին արագությամբ` 15 տարի:
Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ-ին, իսկ թեկնածու պետության կարգավիճակ ստացել է միայն 1999թ-ին: Մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ:
Եթե ինչ որ հրաշքով Հայաստանը բավարարի 1993թ. կոպենհագենյան չափանիշներին, համարվի եվրոպական պետություն և ունենա ԵՄ հետ ընդհանուր (ծովային կամ ցամաքային) սահման, ապա անդամակցության գործընթացը կտևի 15-ից 20 տարի:
ԵՄ հետ ընդհանուր սահման կարող է ունենալ միայն 2 ճանապարհով. Վրաստան և Թուրքիա: Այս 2 պետությունները տեսանելի ապագայում չեն կարող անդամակցել ԵՄ-ին, հետևաբար Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է:
Որպեսզի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան -Իրան-Թուրքիա) փաստացի սկսվի նման գործընթաց, Հայաստանը պետք է վաղը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դուրս բերի ռուսական 102-րդ ռազմական բազան, դադարեցնի տնտեսության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված բոլոր երկկողմ և բազմակողմ-պայմանագրերը, դիմում ներկայացնի ՆԱՏՕ-ին միանալու համար:
Միայն այս գործողությունները անելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության` առանց վերջնական անդամակցության երաշխիքների: Հիշեցնեմ՝ անդամակցության գործընթացի միջին ժամկետը 15-ից 20 տարի է:
Եթե ՀՀ գործող իշխանությունը իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ապա պետք է պատասխանի հետևալ 2 հարցին.
1. Ինչպե՞ս է պատրաստվում երաշխավորել ՀՀ անվտանգությունն առաջիկա 25 տարում` չլինելով որևէ անվտանգության համակարգի մաս` ունենալով բարդ և լարված հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ (որպես այս գործընթացի կանխատեսելի հետևանք) և խիստ վտանգավոր խաղաղություն Ադրբեջանի հետ
2. Ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի տնտեսության կայուն աճը` Ռուսաստանի և Իրանի հետ առևտրային սահմանափակումների պարագայում:
Հ.Գ. Այս իրողությունները պետք է հաշվի առնի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասին խոսող ցանկացած քաղաքական ուժ և անհատ, եթե իհարկե իրականում առաջնորդվում է Հայաստանի շահերով»։



