Ո՞վ է փակելու այս պարտքը․ Հայաստանի բյուջեն ու ժողովուրդը, իսկ դիվերսիֆիկացիայի մասին հայտարարությունները քարոզչական բնույթ ունեն․ Հրանտ Միքայելյան
Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար. համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում: Նշվում է, որ 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռվեն ներդրողներին, կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:
Ըստ էության, այս վարկն էլ հերթական պարտքն է, որը նոր բեռ է դառնալու նաև քաղաքացիների համար՝ հատկապես վերջին տարիներին գրեթե 8 միլիարդով ավելացած պետական պարտքի համատեքստում։
168․am-ի հետ զրույցում պարտքային քաղաքականության մասին իր դիտարկումներում քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց․ «Մենք տեսնում ենք, որ օրվա իշխանությունը նախընտրական փուլում շատ մեծ խոստումներ է տալիս կամ ինչ֊-որ ծախսեր է կատարում, որոնք նույնիսկ բյուջեով նախատեսված չեն եղել․ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իշխանությունը ծախսում է այնպիսի ռեսուրսներ, որոնք հետագայում բերելու են ավելի մեծ պարտքերի:
Իսկ թե ո՞վ է փակելու այս պարտքը․ Հայաստանի բյուջեն ու Հայաստանի ժողովուրդը, որի հաշվին բյուջեն գոյանում է»։
Ի դեպ, վերջին մեկ-երկու տարում ՀԲ կողմից, օրինակ, 102 միլիոն եվրո վարկ է տրամադրվել՝ ուղղվելով համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման նախապատրաստմանը և պոլիկլինիկաների նորոգմանը, 70.4 միլիոն եվրո՝ ոռոգման և խմելու ջրի կորուստների կրճատման ու համակարգերի կլիմայակայունության բարձրացման ծրագրի համար, 2023 թ.-ին հաստատված $100 միլիոն և 2026 թ. մարտին հաստատված $200 միլիոնի վարկերը (Տնտեսական վերափոխման ծրագիր), որոնք միտված են բիզնես միջավայրի թվայնացմանը, փոքր բիզնեսի խթանմանը և ներդրումների ներգրավմանը և այլն։
Անդրադառնալով այս օրերին առավել սրված մեկ այլ քաղաքատնտեսական հարցի՝ ՌԴ-ից հնչող ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մասին կոշտացող հայտարարություններին և այդ համատեքստում Հայաստանի հնարավոր դիրքավորմանը՝ մասնագետը նախ նկատեց, թե ինչո՞ւ այս երկու միավորումներն օբյեկտիվորեն հնարավոր չէ համատեղել։
«Կա երկու պատճառ՝ տնտեսական և քաղաքական։ Տնտեսական պատճառը հետևյալն է՝ 2 գոտիներն էլ՝ թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ ԵՄ-ն փակ գոտիներ են, և եթե որևէ երկիր անդամակցում է 2-ին էլ, ապա այդ 2-ի միջև բացվում է գիծը, որով խախտվում է դրանց մաքսային սահմանը ու հնարավոր է վերարտահանել անթիվ ապրանքներ և առանց տուրքերի։ Այսպիսով, մաքսային միությունների իմաստը կորչում է, և հատկապես մտավախություն ունի Ռուսաստանը, քանի որ իր շուկան ավելի փոքր է և ավելի քիչ պաշտպանված։
Ինչ վերաբերում է քաղաքական պատճառին․ քանի որ Եվրամիությունը վերջին 2 տարվա ընթացքում սկսեց Ռուսաստանը հռչակել որպես թշնամի, հավանական ռազմական հակառակորդ, վերջերս էլ, օրինակ, Ուկրաինային տրամադրեց 90 միլիարդ դոլարի ռազմական վարկ, հետևաբար, ցանկացած հարաբերություն, զարգացում ՌԴ ուղղությամբ դիտարկում է որպես թշնամական»։
Ըստ Հրանտ Միքայելյանի՝ իշխանական շրջանակներից հնչող տեսակետը, թե վարվող քաղաքականությունը Հայաստանի դիվերսիֆիկացիան ապահովելու, ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու միտում ունի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս քայլերով Հայաստանը որևէ դիվերսիֆիկացիայի չի հասնելու, միայն խախտելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Ես պնդում եմ, որ հենց սա էլ նպատակն է եղել, որը դրդված է հենց Արևմուտքի քաղաքականությունից։ Այսինքն`նպատակ չկա դիվերսիֆիկացիայի․ դա ուղղակի քարոզչական հայտարարություն է։ Իրականությունն այն է, որ ցանկություն կա ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի նվազեցման»,- հավելեց նա։



