Ամերիկացիները շտապում են… Փաշինյանի տապալման ռիսկը դարձել է միջազգային գործոն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման ռիսկը դարձել է միջազգային հաշվարկների գործոն. սրանով էր պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հապճեպ այցը Երևան։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով իշխանությունից հեռացնելու պատմական հնարավորություն կա, քանի որ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ամերիկյան ինստիտուտները շատ լավ տիրապետում են սոցհարցումների իրական պատկերին, ուստի ամերիկացիները մինչև հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանում ստանալ իրենց ուզածը։
«Ինձ համար այստեղ կարևորն այն է, որ Փաշինյանի տապալման ռիսկն արդեն դարձել է միջազգային հաշվարկների գործոն, այսինքն՝ ամերիկացիներն այլևս այդքան վստահ չեն, որ Փաշինյանը կընտրվի։ Նրանք շտապում են, և այս շտապողականությունը կարևոր մեսիջ է, որը մեր ժողովուրդը և հատկապես մեր ընդիմությունը պետք է ընկալեն, և իսկապես կանգնած ենք լուրջ հաջողություն ունենալու պատմական շանսի առջև այս պահին։ Երբ նայում եմ քարոզարշավը, երբ նայում եմ հանրային տրամադրությունների փոփոխությունը, ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է Նիկոլին։ Նա չունի ժողովրդի աջակցությունը։ Ժողովուրդը դեռ մինչև վերջ չի ընդունում ընդդիմությանը, բայց ես կարծում եմ, որ ճիշտ աշխատելու պարագայում այդ հարցը կլուծվի, այսինքն՝ եթե մարդիկ գան ընտրության, Նիկոլի հարցերը լուծված են լինելու, և ամերիկյան կողմն այդ ռիսկը տեսնում է, վստահ եմ՝ նաև եվրոպական կողմն է տեսնում։ Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ մոտ ենք հաջողությանը»,- կարծում է քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ «Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Ծառուկյանի ԲՀԿ-ն շատ լավ են աշխատում վերջին շրջանում, և պետք է առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ գնան ընտրության։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթերն, իհարկե, շատ կարևոր են Միացյալ Նահանգների համար՝ տարածաշրջանում իր շահերը սպասարկելու առումով, սակայն այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը և փաստաթղթերի ստորագրումը տեղի ունեցավ այսպես հապճեպ կարգով՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախօրեին, տպավորություն է ստեղծում, որ կարող է՝ ամերիկացիները ռիսկեր են տեսել, որ ԱԺ ընտրություններից հետո Փաշինյանի իշխանությունը կարող է այլևս չլինել, և քանի դեռ նա իշխանության ղեկին է, ուզում են արագ թղթի տեսք տալ իրենց պայմանավորվածություններին և կորզել հանքանյութերի ու հանածոների մասին համաձայնությունը։

«Ես չգիտեմ՝ հաջորդ կառավարություններն ինչպես են սրա տակից դուրս գալու։ Ես գիտեմ մեկ բան, որ ուժեղ պետությունները քեզ հայտարարում են ռազմավարական դաշնակից, ասում են. «Դու միակն ես, քո նման տղա չկա», կյանքի օրենքն էլ է այդպես, և սկսում են կեղեքել, թալանել և օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները։ Հիմա էդ մի փաստաթուղթը տալիս են, ասում են.
«Ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրում, դու մեր ռազմավարական գործընկերն ես, դե վճարի՛ր դրա համար քո հանածոներով, կոմունիկացիաներով և աշխարհաքաղաքական պոտենցիալով»։
Ամերիկացիները մաքսիմումն են փորձում պոկել, և եթե դա իրենց քաղաքականությունն է ամբողջ աշխարհում, ինչո՞ւ պիտի ենթադրենք, որ Հայաստանից հանածոներ տանելու հարցում իրենք մաքսիմալիստ չեն լինելու։ Լինելու են, դա նրանց շահն է, ես վստահեցնում եմ՝ Վաշինգտոնում ոչ մեկի աչքերը չի ցավում հայ ժողովրդի համար։ Էդպես էլ դիտարկում են Հայաստանը՝ որպես թալանելու սուբյեկտ, ինչպես և դիտարկում են ամբողջ աշխարհը։ Դա նորություն չէ»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկ հստակ կանխատեսում է անում. «Եթե ընտրություններին մասնակիցների թիվը մեծ եղավ, եթե եղավ մեծ մասնակցություն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալվելու է և ուղարկվելու է գրողի ծոցը։ Եթե չեղավ մեծ մասնակցություն, ապա Փաշինյանը վերարտադրվելու է և շարունակելու է հանձնել երկիրը՝ ինչպես անում է այս վերջին պահերին՝ օգտակար հանածոներն անհասկանալի պայմաններով օտար պետությանը հանձնելով»։
Հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «ծնգլահան» չլինի գերիների մասին հարցից և ավելի շատ զբաղվի գերիների հարցով, քաղաքագետը պատասխանում է.
«Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ ինքը երբեք չզբաղվի գերիների հարցով, ոչ էլ դա իր պարտականությունների մեջ լինի գոնե հունիսի 7-ից հետո։ Էս մարդկանց, որոնք ամբողջ ազգին են «ծնգլահան արել» բառիս բուն իմաստով, պետք ուղարկել այնտեղ, որտեղ իրենց ճիշտ տեղն է։ Դա արդարադատությունը կորոշի, երբ նաև արդարադատությունը վերականգնվի Հայաստանում, բայց նրանք իրավունք չունեն զբաղվելու պետության հարցերով, որովհետև իրենք պետությունը դիտարկում են որպես իշխանությունը պահելու ռեսուրս. պետությունից զիջումներ են անում և խնդիրներից էլ «ծնգլահան» եղած են»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 26-ին, կարճատև այցով Երևան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկու Ռուբիոն։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը տեղում՝«Զվարթնոց» օդանավակայանում ունեցած հանդիպումից հետո ստորագրել էին երեք փաստաթուղթ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ նախագծի մասին շրջանակային համաձայնագիրը, Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման մասին շրջանակային հուշագիրը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



