Ռուսաստանը չի գործի կտրուկ, ամեն ինչ կարող է տեղի ունենալ սառնասրտորեն, հաշվարկված կերպով. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Այսպիսով ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ այնտեղ նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, կարող են վերանայվել գազի, նավթամթերքի և մի շարք ռազմավարական ապրանքների արտոնյալ պայմանները։
Սա դեռ որոշում չէ։ Բայց սա այլևս սովորական հայտարարություն էլ չէ։ Սա ազդակ է։ Եվ այստեղ, թերևս, մենք բոլորս սխալ հարցի շուրջ ենք վիճում։ Մեզ մղում են քննարկել՝ «Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան»։ Բայց իրական հարցը սա չէ։
Պետությունը կարող է ընտրել ցանկացած ուղղություն։ Կարող է խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, վերաիմաստավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ վերաձևակերպել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Բայց ցանկացած իշխանություն, նախքան այդ ճանապարհով գնալը, պարտավոր է պատասխանել մեկ հարցի՝ ինչքա՞ն է արժենալու այդ ուղին, և ո՞վ է վճարելու դրա գինը։ Որովհետև պետությունների աշխարհում արտաքին քաղաքականությունը չի չափվում դրոշներով, լուսանկարներով կամ գեղեցիկ ձևակերպումներով։
Այն չափվում է գներով։
Եթե ռուսական շուկան բարդանա՝ ի՞նչ կարժենա դա արտահանողին։ Եթե սահմանին բեռնատարները օրերով կանգնեն՝ ի՞նչ կարժենա դա գյուղացուն։ Եթե գազի արտոնյալ պայմանները փոխվեն՝ ի՞նչ ազդեցություն կունենա դա ընտանիքների կոմունալ ծախսերի վրա։ Եթե Ռուսաստանում աշխատող հայաստանցին բախվի վարչական խստացումների՝ ի՞նչ հետևանք կունենա դա նրա ընտանիքի եկամտի վրա։
Իշխանությունը նրա համար է, որ էդպիսի խդիրները լուծի, ոչ թե հարուցի էդպիսի խնդիրներ: Եվ հենց այստեղից է սկսվում իրական քաղաքականությունը։ Ոչ թե՝ ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն։
Ռուսաստանը, մեծ հավանականությամբ, չի գործի աղմկոտ կամ կտրուկ։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ աստիճանաբար՝ սառնասրտորեն, հաշվարկված կերպով։ Մի փոքր ավելի երկար մաքսային հերթեր, մի փոքր ավելի խիստ սանիտարական ստուգումներ, մի փոքր ավելի բարդ փաստաթղթային ընթացակարգեր, մի փոքր ավելի թանկ գազ, մի փոքր ավելի դժվար կյանք միգրանտի համար։
Այսինքն՝ այն, ինչ կարելի է անվանել «պատժամիջոց՝ առանց դա պատժամիջոց կոչելու»։ Մեր քաղաքական օրերում դա այդպես են կոչում:
Եվ վերջում այդ ամենը ծանրանում է ոչ թե մամուլի ասուլիսների, այլ մարդու առօրյա կյանքի վրա։
Գազի հաշվիչի տվյալ։
Սննդի գնի աճ։
Բեռնատարի հերթ։
Ընտանիքի եկամտի նվազում։
Ֆերմերի սննանկացում:
Արտադրության կանգնեցում
Այդ պատճառով խնդիրը «Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» ընտրությունը չէ։ Խնդիրը այդ ճանապարհի ընտրության գնի հաշվարկն է։ Եթե պետությունն ասում է՝ «գնում ենք», ապա պարտավոր է նաև հստակ ասել՝ ինչքա՞ն է արժենալու այդ քայլը, ի՞նչ ռիսկեր կան, ո՞վ է վճարելու դրա գինը, և ինչպե՞ս է պաշտպանվելու մարդը այդ ճանապարհին։
Եթե այս հարցերի պատասխանները չկան, ուրեմն մեզ ներկայացվում է ոչ թե ռազմավարություն, այլ ուղղության մասին գեղեցիկ պատմություն։ Իսկ գեղեցիկ պատմություններով տուն չեն ջեռուցում»:



