Րոպե անգամ չկասկածեք՝ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի՛ լինելու․ Սամվել Կարապետյանը բացահայտորեն հաղթում է. Հրանտ Բագրատյան
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Քաղաքական գործիչը հարցազրույցի ընթացքում դիտարկումներ է կատարել նախընտրական շրջանի, հետընտրական հնարավոր հեռանկարների շուրջ, խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հնարավորությունների մասին։ Հարցազրույցի մի քանի թեզեր՝ ստորև․

- Արևմուտքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին, փորձում են Հայաստանին հանել հունից, իսկ Հայաստանի հունը, այնուամենայնիվ, տնտեսական որոշակի տարածքում գտնվելն է՝ ԵԱՏՄ-ն, լավ հարաբերություններն էին Ռուսաստանի և Իրանի հետ (Հայաստանը փչացրեց դա), հարաբերությունները Չինաստանի հետ, միևնույն ժամանակ` բավականին լավ հարաբերություններ Եվրոպայի հետ: Ռուսաստանն ասում է՝ ինչքան ուզում ես՝ ինտեգրվի Եվրոպայի հետ, ինչ ուզում ես՝ արա, գործ չունեմ։ Արևմուտքը՝ հակառակը․ ասում է՝ թուրքերի հետ պիտի սերտանաս, իսկ Ռուսաստանից, Չինաստանից ու Իրանից ձեռք պիտի քաշես։
- Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ․-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընդունվելուց հետո, այստեղ եկավ Բոլթոնը (այն ժամանակ Թրամփն էր նախագահը) և ասեց՝ փակե՛ք Իրանի ճանապարհը։
- Եկեք մի բան հասկանանք․ Եվրոպայում դեմոկրատիան և դիկտատուրան արդեն վաղուց փոխել են իրենց տեղերը։ Դա 20-25 տարի առաջվա Եվրոպան չէ:

- Ամերիկացիները TRIPP-ը փրկելու մի ձև ունեն՝ համագործակցել ռուսների հետ, Հայաստանն էլ մի ձև ունի՝ ասի, որ՝ եկեք ռուսների հետ համագործակցենք։ Փաշինյանը հասկանում է, որ հունիսի 7-ից հետո ինքը չլինի, նոր իշխանությունները, որպեսզի խայտառակ չլինեն օգոստոսի 8-ին ստորագրված թղթի կապակցությամբ, պիտի մտածեն ձև, որ ներգրավեն ռուսներին։
- Այսօրվա վիճակով Սամվել Կարապետյանը բացահայտորեն հաղթում է Նիկոլ Փաշինյանին, և ընդդիմության խնդիրն այն է, որ ամսի 7-ին իրենք ձեռք ձեռքի տան՝ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, որպեսզի իրենց ձայները չփախցնեն։ Ընդդիմությունը կհաղթի մոտավորապես այսպիսի հարաբերակցությամբ՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ՝ 60- 65 տոկոս, առնվազն, Նիկոլ Փաշինյանի բլոկը՝ 35-40։ Սա՝ քաղաքացիների 60 տոկոս և ավել մասնակցությամբ։
- Ամսի 8-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի՛ լինելու․ րոպե՛ անգամ չկասկածեք, րոպե անգամ չկասկածեք, կամ էլ՝ ամսի 7-ին իրենք մասսայաբար սկսելու են տեղամասերում ծեծկռտուք սարքել՝ մեղադրելով ընդդիմությանը։ Սրանից ընդդիմությունը պիտի զգուշանա։ Ասենք, որևէ տեղամասում հարձակվում են, ենթադրենք, Ծառուկյանի ներկայացուցիչների վրա, մյուս 2-ը պիտի պաշտպանեն նրան։ Լույսեր են անջատվելու, կտեսնեք․․․։
- Ադրբեջանը Հայաստանի տարածքը, լավագույն դեպքում, պատկերացնում է, 27000 կմ2, վատագույն դեպքում՝ 12 000։ Այդ 27-ից՝ 15-ը՝ Սյունիքը և Վարդենիսը, մտադիր է բնակեցնել ադրբեջանցիների, և մտածում է՝ հետո դրանք կինքնորոշվեն, ռեֆերենդում կանեն, կմիանան Ադրբեջանին, որովհետև աշխարհաքաղաքական այս պայմաններում հարձակվել, օկուպացիաներ չի ստացվի։ Համենայն դեպս, առայժմ ռուսական բազա կա, որ մեզ կպաշտպանի։

- Թող վեր կենա, ասի՝ ադրբեջանցիներ չեն գալու, և եթե Ադրբեջանն ուզում է, որ 300000 (չնայած էդ թիվն անհասկանալի է․ 1979 թվին եղել է 165000), ապա այդ դեպքում 530 000 հայեր պիտի վերադառնան Բաքու, Ղարաբաղ։ Թող վեր կենա ասի։
- ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում մենք գազ չենք ունենալու, ոչ թե թանկ է լինելու գազը, այլ չենք ունենալու ընդհանրապես։ Այսինքն՝ մի փոքր գազ է լինելու 20 տոկոսի չափով, այն էլ՝ Իրանից է գալու։ Այդ գազամուղով մենք չենք կարող 3 միլիարդ խմ գազ մղել Հայաստան։ Եթե մենք ամբողջությամբ հրաժարվենք ռուսական հեղուկ նավթամթերքից, որ այսօր շուկայի 97 %-ն է, Ադրբեջանը, դա փոխարինելու ռեզերվ չունի, չկա պարզապես, ինչ գին ուզում ես՝ տուր։ Ցորենը որտեղի՞ց ենք բերելու։ Բացի այդ՝ անցյալ տարի, օրինակ, Ռուսաստանից մենք ստացել ենք 5 միլիարդ 900 միլիոն դոլար տրանսֆերտ։ Սա չի լինելու։
- Թուրքիան մեզ համար լավ առևտրական պարտնյոր չէ, որովհետև մեր տնտեսությունները սիմետրիկ են։ Տեղի կունենա էքսպանսիա։
- Խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն, ի դեմս Հայաստանի, տեսնի ուժեղ կազմակերպված պետություն։ Հասկանա, որ չի կարող հենց այնպես մտնել՝ գյուղ գրավել, քաղաք գրավել։
- Իրենց իշխանության 8 տարում 23,5 % աղքատությունն իջել է 21,7 %։ Վրաստանում, օրինակ, աղքատությունը 11 % է, Ադրբեջանում՝ 6 տոկոս։ Բոլոր առումներով, մինչև իր իշխանության գալը, ցուցանիշների մեծ մասով Հայաստանն ավելի բարվոք վիճակում էր, քան Վրաստանը կամ Ադրբեջանը։
- Թոշակներն իրականում պակասել են։

- Սրա տնտեսական հաջողությունները խայտառակություն են, ամո՛թ է, ժողովո՛ւրդ, ամո՛թ է, դուք եք ինքներդ ձեզ հասցրել այս վիճակին, ամո՛թ է, այսպիսի ղեկավարությունը՝ այսպիսի «աննախադեպ» ստերով։
Մանրամասները՝ տեսանյութում



