Ի՞նչ զենք է արտահանվել. գործարքի մանրամասները գաղտնազերծելու կոնսենսուս չկա.  Հայրապետյանը գաղտնի է պահում նաև՝ ինչ գերժամանակակից զենքի մասին էր 2020թ. խոսում Փաշինյանը

Մայիսի 18-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել:

Մայիսի 19-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ պարզելու, թե  կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը, և ո՞ր երկիր է արտահանվել:

Եվ փոխարենը մայիսի 26-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ Մխիթար Հայրապետյանը մեր հարցադրումներին հստակ պատասխան տա, որոշել է մայիսի 20-ին կայացած ասուլիսի հղումն ուղարկել, որպեսզի այդտեղ գտնենք մեր հարցի պատասխանը: Այսինքն, այն, ինչի համար իրենք կամ համապատասխան վարչությունում աշխատավարձ են ստանում, մենք պետք է անենք:

Ինչևէ, ի տարբերություն ԲՏԱ նախարարության, մենք չենք  զլացել, և մեզ առաջարկված ասուլիսից գտել ենք այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենքի արտահանմանը:

Կարդացեք նաև

«Առաջին անգամ Հայաստանում մշակված, արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացիկ ամսում: Պատահական չէ, որ իմ հայտարարության ժամանակ ես կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե, զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չեմ հնչեցրել, որովհետև որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային, հանրային այդ տվյալները ներկայացնելու:

Այս պահին այդ կոնսենսուսը չկա: Եվ սրանով է պայմանավորված, որ մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար: Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել: Բայց շատ կարևոր է ապագան, սրանք միայն առաջին քայլերն են: Այսինքն՝ շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե՛ իբրև պետություն, և թե՛ հայաստանյան ընկերությունները՝ որպես բիզնես գործընկերներ, լինեն վստահելի և հուսալի։

Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների, իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են: Այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն ավելի շատ երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են, քան որ ես հայտարարեցի, որ 2 երկրներ արտահանվել են, բայց թե՛ կառավարությունը, և թե՛ մասնավոր հատվածը պիտի շատ զգուշորեն հետևի և իրեն դրսևորի իբրև պրոֆեսիոնալ՝ չվտանգելու ապագայի հնարավոր որևէ գործարք՝ այլ ընկերությունների հաշվին։ Երբ բոլոր կողմերը որոշում կկայացնեն, որ դրանք պիտի հանրային և հրապարակային լինեն, այդ պարագայում թե՛ մենք, թե՛ ընկերությունները և՛ ուղղությունները, և՛ զինատեսակները, և՛, ինչո՞ւ ոչ, նաև գործարքի ծավալները կոնկրետ մանրամասներով կհնչեցվեն, թեև ես որոշակի իմաստով հուշումներ արել եմ, որ դրանք հասնում են միլիոնավոր դոլարների»,- օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, թե գաղտնի տեղեկություններին հասանելիությունը գործիչներն ու պատգամավորները նշվածի իրական-ոչ իրական լինելը կարող են ստուգել:

Եթե կա հրապարակայնության և գործարքներին չխանգարելու խնդիր, այս դեպքում գուցե իշխանությունները շտապողականություն չդրսևորեին և հայտարարություն չանեի՞ն, թե միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Սա՝ առաջին:

Երկրորդ, երբ դեռ նոր էր Հայաստանը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ զենքի մատակարարման պայմանագրեր կնքում և դեռ ոչ մի սպառազինություն չէր մատակարարվել, ֆրանսիական և հնդկական աղբյուրներն արտահոսքեր էին անում, և մենք ամեն անգամ գրում էինք, որ Հայաստանը պետք է պայման դնի, որպեսզի ժամանակից շուտ գաղտնազերծումներ չարվեն, այն, ինչի մասին ԲՏԱ նախարարն է վերևում նշում, որ գործարքի կողմ երկրներից թույլտվություն չունեն մանրամասն տվյալներ հրապարակելու:

Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանը վերևում հիշատակած ասուլիսին չի անտեսել այն հարցը, թե արդյո՞ք սա Հայաստանից զենքի արտահանման առաջին դեպքն է, քանի որ կան տեղեկություններ, որ 10 տարի առաջ Իտալիա, Լեհաստան արտահանում ունեցել ենք:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Պաշտպանության նախարարությունների բազաներում, համենայնդեպս, այս պահի դրությամբ նմանատիպ տեղեկատվություն չկա։ Ես կարող եմ ասել այն տեղեկատությունը, որին ինքս տիրապետում եմ՝ այո, արտահանում եղել է, բայց դա եղել է կամ քաղաքացիական, կամ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել է, օրինակ, ռազմական արտադրանքի իքս համակարգի բաղադրիչների արտահանում։

Օրինակ, պայմանական դա կարող է լինել ՀՕՊ համակարգերի բջիջների կամ ինչ-որ կոմպոնենտների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը, որոնք մշակվել, արտադրվել են և իբրև վերջնական զենք՝ արտահանվել են Հայաստանից։ Եթե նմանատիպ քննադատություններ կան, ապա, բնականաբար, ես նաև կակնկալեմ, որ եթե կցանկանան, հրապարակային կերպով առնվազն գոնե մեզ կարող են տեղեկացնել, թե այդ ինչ զենքեր են 10 տարի առաջ Հայաստանում արտադրվել՝ իբրև վերջնական ռազմական պրոդուկտ, և Հայաստանից արտահանվել։ Եթե նմանատիպ փաստեր չներկայացնենք, կներեք, բայց ես կունենամ լեգիտիմ իրավունք՝ կարծելու, որ դրանք ուղղակի հերթական մերկապարանոց հայտարարություններն են»,- նշել է ԲՏԱ նախարարը:

Մխիթար Հայրապետյանը գաղտնի է պահում՝ ինչ զենք-զինամթերք է բանակին մատակարարվում, և ինչ գերժամանակակից զենքի մասին էր 2020-ին խոսում Փաշինյանը

Մենք մեր գրավոր հարցման միջոցով նաև ԲՏԱ նախարարությունից փորձել էինք պարզել, թե ո՞ր երկրների հետ կան համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկություն հիմնելու պայմանագրեր կամ գուցե արդեն իսկ ձեռնարկություններ, և այսօր ի՞նչ զինամթերք և զենք է ՀՀ-ում արտադրվում, որը մատակարարվում է բանակին:

«Հայտնում ենք, որ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հիմնման և ուղղությունների ընդլայնման շուրջ առկա են որոշակի պայմանավորվածություններ։

Այդուհանդերձ, հաշվի առնելով գործընթացների զգայունությունն ու ռազմավարական բնույթը, այս փուլում մանրամասներ հրապարակելը նպատակահարմար չէ։

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին մատակարարելուն, ապա ՀՀ զինված ուժերին մատակարարվող սպառազինության, զինամթերքի տեսակների և դրանց կոնկրետ քանակների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի, պետական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ: Ուստի, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի է-րդ կետով, նշված տեղեկատվության տրամադրումը մերժվում է»,- պատասխանել են գերատեսչությունից:

Նշենք, որ ամիսներ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր կամ գուցե գաղտնազերծել, որ՝ «ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է դա մատակարարվում է ՀՀ բանակին»: Նմանատիպ այլ գաղտնազերծումներ ևս եղել են: Ավելին, վաղը զորահանդես է և ցուցադրվելու է ՀՀ ԶՈւ զինանոցը, որտեղ նաև հայրենական արտադրության սպառազինություն կա:

Բացի այս, ԲՏԱ նախարարությանը հիշեցրել ենք 2020-ի ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արված հետևյալ հայտարարությունը.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Մենք 6 տարի անց Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվել ենք՝ ինչի՞ մասին էր խոսքը, արդյո՞ք այն վերջնագծին հասցվեց, բայց նա խուսափել է կոնկրետ պատասխանից:

«Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի, այդ թվում՝ նորագույն մշակումների և նմուշների հնարավորություններին ու ձեռքբերումներին հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու մայիսի 28-ին տոնական զորահանդեսի, ինչպես նաև RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,- սահմանափակվել է ԲՏԱ նախարարը:

«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը նախ վերանվանվել է, հետո ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը

Ամեն դեպքում, մենք կփորձենք նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից և նշված միջոցառումների շրջանակում ստանալ մեր հարցի պատասխանը, եթե, իհարկե, դարձյալ չխուսափեն կոնկրետ պատասխանից:

Իսկ մենք ԲՏԱ նախարարությանը նաև այլ հարցեր ենք ուղղել մեր գրավոր հարցման միջոցով, օրինակ, «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասը գործո՞ւմ է, ինչպես նաև՝ ներկայում ի՞նչ փուլում է Դավիթ Գալստյանի ընկերությանը պատկանող փամփուշտի արտադրությունը, և ինչո՞ւ փակվեց հայ-լեհական «ԼյուբավաԱրմենիա» ձեռնարկությունը:

«Նախ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված ընկերությունները գրանցված չեն  ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակում (ռեեստր), ուստի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի տիրապետում վերջիններիս գործունեության, արտադրամասերի կամ կոնտակտային տվյալների վերաբերյալ
տեղեկատվությանը։ Ինչ վերաբերում է հարցադրման մյուս հատվածին, ապա հարցման մեջ նշված ընկերությունը չի փակվել, այլ վերանվանվել է։ Ներկայում ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը՝ պատվերների բացակայության պատճառով»:

Նշենք, որ տեղեկություն եղավ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իր գործունեությունը դադարեցրել է «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը: 2019 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, թե «ՀՀ-ում «Լյուբավա-Արմենիայի» գործունեության դադարեցման որոշումը պայմանավորված է բացառապես տնտեսական հանգամանքներով»:

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Նովակովսկին լեհական Lubawa SA ընկերության հայաստանյան ձեռնարկության լուծարման այլ պատճառներ էր ներկայացրել:

«2018 թվականի հայկական հեղափոխությունը «Լյուբավա»-ի ակտիվացման և գործարար համագործակցության ամրապնդման հույս էր ներշնչել։

Ի վերջո, «Լյուբավան» Հայաստանը լքելու որոշում կայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա ընկերությանը մեղադրել էր նախկին կառավարության հետ համագործակցության համար և ասել, որ ընկերությունը չի կարող ակնկալել նոր՝ «հեղափոխական» թիմի վստահությունը»,- լրատվամիջոցին պատմել էր Յեժի Նովակովսկին։

Իսկ թե ավելի ուշ ինչ անուն է ստացել «Լյուբավա-Արմենիան», թե ինչ ընկերության մասին է խոսքը, երբ ասում են՝ վերանվանվել է, ԲՏԱ նախարարությունը խուսափել է տեղեկություններ հայտնել, բայց փաստ է՝ վերանվանված ընկերությունը ևս այս պահին գոնե չի աշխատում:

Հավելենք, որ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը 2014 թվականից էր Հայաստանում գործում և զբաղվում էր բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են՝ կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն, ու այս ամենը՝ ՆԱՏՕ-ական ստանդարտներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031