Կռվելուց հետո ադրբեջանցի «գորգագետն» ասաց՝ տղա եք, դուք էլ արեք․ այդ պահին հասկացա՝ առաջնագծում եմ․ Աշխունջ Պողոսյան

Հարցազրույց՝ ազգագրագետ, գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանի հետ։

– Օրերս տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացնում է հայոց գորգագործության պատմությունը, արևելյան գորգարվեստի համակարգում հայոց գորգերի դերն ու նշանակությունը։ Սա նմանատիպ առաջի՞ն գիրքն է։

– Հայոց ազգագրության թանգարանի առումով՝ այո, դժբախտաբար առաջինն է։ Թանգարանն իր առաջին այցելուներին ընդունել է 1978 թվականին։ Ամեն բաժին ոլորտին վերաբերող կատալոգ ուներ ու, երբ հրատարակելու հարց լիներ՝ նախապատրաստական աշխատանքներն արված էին։ ԽՍՀՄ վերջին տարիներն Հայոց ազգագրության թանգարանը եղել է աշխարհի երևելի թանգարաններից մեկը։ Ցուցահանդեսներ էինք ընդունում արտերկրից, ինչպես նաև մենք էինք կազմակերպում։ Հիմնադրման օրվանից ի վեր (1968թ․) կուտակվել էր ավելի քան 2000 գորգ, մոտ 1000 կարպետ, բայց հանգամանքների բերումով չկարողացանք հրատարակել։ Կար գեղարվեստական գործվածքի բաժին, գորգինն առանձին էր, ունեի 7 գիտաշխատող։ 1990-ականներին մի շարք դժվարություններ կային՝ կապված տրանսպորտի, վառելիքի հետ և այն ժամանակները չէին, որ հնարավոր լիներ ինչ-որ բաներ հրատարակել։ 2005թ․-ից թանգարանում չեմ աշխատում, հետազոտական աշխատանքները տանն եմ անում, բայց, ի վերջո, հնարավորություն ունեցա մասնակցել թանգարանում պահվող իմ իսկ հավաքած գորգի հավաքածուի հրատարակման հետ կապված աշխատանքներին։

Կարդացեք նաև

– Գիրքը մի քանի լեզվով է, օտարները շա՞տ են հետաքրքրվում հայկական գորգագործությամբ։

– Ոգևորիչ է, որ սկսել է հրատարակչական գործը։ Դրանք դուրս են գալիս և դրվում հետազոտողների սեղանին։ Գորգի հավաքածու ունենալն ինքնանպատակ չի եղել։ 1981թ․ հրապարակվել է ՀՀ Կառավարության որոշումը՝ Վաղարշապատում գորգի թանգարան ստեղծելու մասին։ Որոշման արդյունքում է այդքան գորգ հավաքվել, ստեղծվել գորգի բաժին, որը պետք է դառնար ստեղծվելիք գորգի թանգարանի գիտական կորիզը։ Վիթխարի միջոցներ էին հատկացվել Խորհրդային կառավարության կողմից, որպեսզի այդքան գորգ հավաքվեր։ Գորգերի մի մասը ձեռք ենք բերել այն ժամանակ Երևանի Գայդարի փողոցում գտնվող միակ հնաոճ գորգերի խանութից, և ես, կարելի է ասել, իրենց «թշնամին» էի։ Ամեն երկուշաբթի այնտեղ էի և այն, ինչ կուտակվել էր մեկ շաբաթվա ընթացքում և ունի թանգարանային արժեք, առանձնացնում էի։ Այդ ճանապարհով մոտ 1000 գորգ տարվել է թանգարան։

– Բոլոր գորգերն ունեի՞ն անձնագրեր, թե՞ ստիպված եք եղել գնալ, փնտրել ու հասկանալ՝ որտեղի՞ց է բերվել։

Խնդիրն այն էր, որ գորգեր բերում էին ամբողջ Հարավային Կովկասից։ Անգամ թուրքերը՝ թուրքաբնակ տարածքներից գնած գորգերը բերում էին, և ընդունողներն էլ վերցնում էին այն։ Մարդիկ առևտուր էին անում։ Եվ այն գորգերը, որ այսօր ունենք թանգարանում՝ կարող է չունենայինք։ Մեկ անգամ Արցախ էինք գնացել՝ գիտարշավի, ինչի իրավունքը չունեինք։ Ես Ճարտար գյուղից եմ ու այդ հանգամանքն էլ եմ օգտագործել։ Հնագետ Համլետ Պետրոսյանի հետ, ով ևս Արցախից է, կարողացանք այնպես անել, որ ուշադրություն չգրավեինք, չնայած իմացել էին։ Այդ ժամանակ էլ շատ կարևոր բաներ բերվեցին, հատկապես գորգի ու գործվածքի հետ կապված։

Նախկինում թանգարաններին ֆինանսական առումով շատ հնարավորություններ էին տալիս և, գումար հատկացնելով հանդերձ, եթե մի առարկայի արժեքը 1500 ռուբլուց ավելի էր, դրա ձեռք բերելն արդեն դառնում էր պատմություն։ Նախարարությունը պետք է հանձնաժողով կազմեր, իսկ խանութը նման խնդիր չուներ։ Ունեին գնացուցակ, որը խտությամբ էր որոշվում, և մենք վերցնում էինք, Կառավարությունը փոխանցում էր գումարը՝ առանց որևէ հարց ու փորձի՝ 1500-ից ավելի՞ էր, թե՞ պակաս։ Մի բան ասեմ․ եթե հիմա սկսեինք գորգերի հավաքածու ստեղծել՝ ես լրիվ ուրիշ մոտեցում կունենայի։ Այդ տարիներին ինչ տեսնում էինք՝ մեզ թվում էր՝ ինչ հրաշք է, բայց տարիներ անց հասկանում ենք, որ առանձնակի կարևորություն չէր ներկայացնում։

1980-ականներին մեզ համար չափազանց հստակ էր, որ գորգի թանգարան լինելու է։ Մայր Տաճար չմտած՝ սպիտակ շենքի տարածքում, 1913-14թթ․ բարեգործ Մանթաշյանցի միջոցներով կառուցված շենք է եղել, աստղադիտարան։ Կազմվեց նախագիծ, սկսվեց շինարարություն, բայց դա բավականին ձգձգվեց և տուժեց 1988թ․ երկրաշարժից։ 1993թ․ այդ շենքը Մշակույթի նախարարության հաշվեկշռից հանվեց և տրվեց Մայր Աթոռին։

– 44-օրյա պատերազմից հետո Շուշիի գորգերն էլ տեղափոխվեցին Հայաստան՝ շենք չգտնվեց։ Հիմա կա՞ տարածք, որտեղ կարելի է գորգերի թանգարան բացել։

– Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանին հաջողվել էր գորգերի մեծ մասը տեղափոխել Հայաստան։ Այդ հավաքածուն առանձնահատուկ կարևորություն ունի։ Նա հավաքել ու գրի է առել գորգերի ծագման հետ կապված հնարավոր տեղեկությունները։ Շատ ենք ասել թանգարանի մասին, բայց պատասխանում են՝ տեղ չունենք։

– Ձեր կարծիքով՝ որտե՞ղ պետք է լինի գորգերի թանգարանը։

– Ամենացանկալին և ճիշտը Երևանն է։

Շենք կա՞։

– Լիքը շենքեր կարելի է գտնել։ Այս հարցի մասին այսօր չեմ հիշել՝ 90-ականների սկզբից եմ զբաղվում։ Երբ իմացա, որ շինությունը հանձնեցին Մայր Աթոռին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով թեմի առաջնորդ էր այն ժամանակ, ասաց, որ միևնույն է՝ գորգերի թանգարանը լինելու է Վաղարշապատում և Մայր Աթոռի տարածքում։ Հիմա էլ է ուժի մեջ, թանգարանի հետ կապված աշխատանքներ տարվում են, սակայն Մայր Աթոռի հնարավորությունները կախված են նվիրատվությունների, բարեգործների գործողություններից, իսկ այդ թանգարանը վերանորոգման ենթակա տարածք է։ Եթե մի հարկ էլ ավելանար՝ կարգին մի բան կդառնար։ 2008թ․-ից համագործակցում եմ Մայր Աթոռի հետ, կազմել եմ այնտեղի գորգերի կատալոգը։ Այնտեղ մոտ 200 գորգ կա, բայց հայոց գորգագործական մշակույթին վերաբերողները, ցուցադրվելիք գորգերը քիչ են։ Ես 2008թ․ բարձրացրել եմ գնումներ կատարելու անհրաժեշտության հարցը և դրանք արվել են։ Մոտ 10 գորգ գնվել է։ Մեկը ասեղնագործ է, որից Հայաստանի թանգարաններում չկա։ Բացառիկ մի բան է։

Որտեղի՞ց է գնվել։

Պատահականություններին հավատում եմ։ Ես հավատում եմ, որ ինձ էլի ինչ-որ մի բան պետք է հանդիպի, որից մեր թանգարաններում չկա։ Ինձ բերեցին, ցույց տվեցին, ու ասացի, որ սրա տեղը թանգարանում է։ Հիմա գնումներ անում են, իսկ 10 տարի առաջ միայն Մայր Աթոռն էր անում։ Այդ գործվածքը հիմա միայն Մայր Աթոռի Խրիմյան Հայրիկ թանգարանում է ցուցադրվում։ Թվագրվում է 17-րդ դարի վերջ, 18-րդ դարի առաջին կես և, իմ կարծիքով, գործել են Արցախի վանական համալիրներից մեկի մենաստանում։ Դա այնտեղի բնորոշ բան է։

Հետաքրքիր է, որ աշխարհի մի շարք արքունական պալատները զարդարել են հայերի գործած գորգերը։ Ո՞րն է հայկական գորգերի առանձնահատկությունը։

Մեր ժամանակներ հասած «Պազիրիկ» գորգը, որը մասնագետների կարծիքով՝ գործել են մ․թ․ա 5-4-րդ դարերում, և կարծում եմ, որ այն հայոց գորգագործական մշակույթին վերաբերող ամենավաղ նմուշն է, պահվում է Լենինգրադի Էրմիտաժում։ Տվյալներ ունենք, որ դրանից առաջ զբաղվել են գորգագործական մշակույթով։ Կարմիր բլուրի խեղումներից, օրինակ, գորգի մնացորդներ են հայտնաբերվել։ Գործվածքի պատառիկներ ևս շատ են հայտնաբերվել։ Ունենք Արթիկի դամբարանադաշտից հայտնաբերված մ․թ․ա 16-րդ դարին վերաբերող գործվածքի նմուշ։ Մի քիչ հանելուկային գործվածք է։ Եռաշերտ է, նախշեր կան։

Վաղ շրջանին վերաբերող մանրամասների մասին տեղյակ չենք, բայց հսկայական տեղեկություն ունենք 7-13-րդ դարերում պատմական Հայաստանի տարածքում ստեղծված գորգերի մասին և այս մասին մեզ հաղորդում են արաբ պատմիչները։ Այդ դարաշրջանում ամենաբարձր գնահատվողները եղել են թուքմենական, միջինասիական պարսկական և հայկական գորգերը։ Նշում են, որ պարսկական գորգերը (Սպահանի և Շիրազի) աշխարհում են բարձր գնահատվում, քանի որ զարդանախշերով նմանվում են հայկական ճոխ գորգերին։ Այսինքն, եթե աշխարհիս երեսին գործված գորգերն ինչ-որ կերպ նման են հայկական գորգերին, վե՛րջ, դրանք համարվում են լավ գորգեր։

Հայոց գորգերին բնորոշ է եղել կարմիր հիմնագույնը և այդ պատճառով արաբները հայկական գորգերին կարմիր գորգ են ասել։ Մեզ բնորոշ են եղել նաև ճոխ զարդանախշերը։ Ասել են՝ այսինչի պալատը զարդարված է հայկական գորգերով, և դա համարվել է, որ նա ամենաազդեցիկ մարդն է, որ ուներ հայկական գորգ, ու այս դեպքում ո՞նց կարող էիր նրա հետ համեմատվել։

Գորգը պատահական, հասարակ մի բան չէր, որից բոլորն ունենային, և այդպես եղել է մինչև 19-րդ դարի կեսերը։ Շատ է խոսվում՝ ամեն տանը եղել է, չկա՛ նման բան։ Սովորական կարպետներն են հասանելի եղել միջին խավին։

Օրինակներ են բերվում նաև, որ իրար հետ թշնամացած թագավորները, սուլթանները, խաները, երբ փորձել են հաշտության եզրեր գտնել, մեկը մյուսին նվեր է ուղարկել, և հատուկ շեշտվում է, որ նվերների մեջ կային 2-5 հայկական գորգ։ Եվ եթե նվերի մեջ կար հայկական գորգ ու ուղարկել էիր հակառակորդիդ՝ հաշտվելու համար, իմացիր, որ արդեն հաշտվել ես։

Հայկական գորգ ասվել է, քանի դեռ կար հայոց պետականությունը, կային նախարարական տները, իսկ երբ մեր քաղաքներում հայտնվեցին վաչկատուները (քոչվոր, թափառաշրջիկ) ու քաղաքները բնակեցվեցին դրանցով, բնակավայրերի հայեցի անունները փոխվեցին, վերացավ նաև հայկական գորգ հասկացությունը և շրջանառության մեջ մտավ թուրքական, սելջուկյան, մահմեդական գորգը։

– Վերջերս մի քանի ցուցահանդեսներ են կազմակերպվում Նիդերլանդներում, Լատվիայում, Լեհաստանում, Վատիկանում, որին մասնակցում է արհեստածին պետությունը՝ Ադրբեջանը, և հայկական նախշերով գորգերը ներկայացնում են՝ որպես ադրբեջանական։

– Բա ի՞նչ պետք է անեն, դա հո նորություն չէ՞։ Ինչքան գորգերի «հետազոտող» ունեն՝ պապ են ունեցել, ով Լաթիֆ Քարիմովն էր, ում հանդիպել եմ 1981թ․ իր աշխատասենյակում։ Ամբողջությամբ գորգեր, կարպետներ էին։ Ես էլ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչն էի, ու ամբողջ բաժնով էինք մեկ սենյակ զբաղեցնում։ Եղել էի իրենց գորգերի թանգարանում, տեսել էի, թե ինչ է կատարվում, ու մի 3-4 ժամ կռվում էինք։ Այս մարդն ինձ ի՞նչ ասի․ «Ինչքան ուզում ես՝ խոսիր. զրո է, ես չեմ հաշվում, որ բան եմ լսում, արել եմ և անելու եմ, կարո՞ղ եք, դուք էլ արեք»։ Այդ պահից իմ դուրն եկավ այդ մարդը։ Իրենք ոչինչ չունեն, թուրքերը՝ ևս։ 1870-ականններից վարձել են արևելագետների, գրքեր են գրել, ժամանակի ընթացքում բացել են թանգարաններ, գորգարվեստի ուսումնասիրման կենտրոններ, համալսարանական ամբիոններ․․․։

Հիմա այս ստի ու կեղծիքի դեմ պայքարի ձևը ո՞րն է։

– Չկա։ Մարդն ասաց՝ տղա եք, դուք էլ արեք։ Ինձ ասաց, շատ ես ուզում մի բան սովորես, արի ինձ ասպիրանտ (ծիծաղում է։- Ա․Կ.)։

Այն ժամանակ Արվեստի ինստիտուտում կիրառական արվեստի բաժնի վարիչ էր։ Ընդհանրապես անգրագետ մարդ էր։ Նկարիչ էր ընդամենը, ոչ պատմաբան։ Որպես գիտնական՝ հեչ բան էր, բայց դե, մարդը սարքել էր։

Այդ պահին հասկացա, որ կանգնած եմ մշակութային ճակատի առաջնագծում, ու այդ օրվանից առանձնակի ձևով եմ մոտեցել այս ամեն ինչին, բայց դա միայն անհատների գործը չէ։

Երբ ունեցել ենք պետականություն՝ հայկական գորգ ասվել է։ Ըստ երևույթին եղել է ազգային պետականություն, հակառակ դեպքում հայկական չէր էլ ասվի։ 1919թ․, երբ Հայաստանի Առաջին Հանրապետության ամբողջ տարածքում խոլերա, ժանտախտ էր, թուրքերն այստեղ-այնտեղ, մարդիկ մտածել էին Ալեքսանդրապոլում գեղարվեստական գործվածքի թանգարան, ուսումնասիրման կենտրոն ստեղծելու մասին։ Այս մասին կարդում եմ Վրացյանի գործերում։ 100 գորգ արդեն գնվել էր այդ պայմաններում։ Միայն պետականամետ, ազգային մշակույթին պահապան կանգնած իշխանությունը կարող է նման բան անել։

Ի դեպ, թույլ չեն տրվել երկրից հանել ոսկի, հացահատիկ և գորգ։ Երբ այս մասին կարդացի՝ ապշել էի։

– Ունե՞նք գորգերը հիմնանորոգողներ։

– Գորգերը վերականգնողներ եղել են, թանգարանն ուներ գորգերի վերականգնման արհեստանոց՝ լաբորատորիա։ Իմ ստեղծածն էր։ Իմ աճեցրած կադրերն էին, 2010թ․-ից նրանք չկան։

– Գորգագիտությամբ հետաքրքրվողներ կա՞ն։

– Ցավում եմ, բայց չեմ կարող այդ հարցին «այո» պատասխանել։ Ուր գնում, ասում եմ, որ զբաղվեն, խոստանում եմ, որ կօգնեմ, ասում են՝ փողը քիչ է։ 80․000-100․000 դրամով երկար չեն աշխատի, սա է խնդիրը։

– Հիմա շատերի տներում չկա գորգ, կամ արտասահմանյան կարպետներ են, դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

– Սովետի ժամանակ որ չէր լինում, մի քիչ էլ մենք էինք մեղավոր լինում, որովհետև գնում էինք, տանում թանգարան։ Բերում էին տանը եղած հնաոճ գորգը, խանութը տալիս էր նորաոճ սառնարան։ Գնահատում էին գորգն ու այդ գումարի չափով ապրանք տալիս, ու սա աշխույժ առևտրի հնարավորություն էր ստեղծել խանութների համար։ Սովետի վերջին տարիներին խանութները շատացան ու ամբողջ քաղաքը «գորգագետ» էր, հիմա պակասել են։ Մարդկանց տներում ի՞նչ պետք է մնացած լինի։ Բայց մեր մեջ ասած, մեկ էլ շատ բացառիկ բան ես գտնում ինչ-որ մեկի տնից։ Մնացել են մարդիկ, ովքեր հասկանում են իրենց ունեցածի արժեքը՝ իբրև մասունք, պատմամշակութային ժառանգություն։

Տեսանյութեր

Լրահոս