Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց գերեվարվել է.

Free Armenian Hostages էջում այս անգամ տեղ է գտել Մելիքսեթ Փաշայանի մասին պատմող դրվագը. «Մելիքսեթ Փաշայանը (ծնվ. 1971), ով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ադրբեջանի կողմից մեղադրվել է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո:

Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:
Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախներ, բայց իր հետ մեծահասակներ էին», – ասաց հարազատներից մեկը:

Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին (Սկզբնաղբյուրը մեկնաբանության դաշտում է):

2026 թ. փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը հրապարակեց դատավճիռներ՝ մի շարք մեղադրյալների նկատմամբ՝ ներառյալ Փաշայանին, ով դատապարտվեց 19 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Մենք շարունակում ենք պահանջել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումը»:

Տեսանյութեր

Լրահոս