Բաժիններ՝

Բահրեյնում իրանական հարվածներից 32 մարդ է վիրավորվել, իսկ պետական նավթային  ընկերությունը ֆորս մաժոր է հայտարարել

Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ Այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։

Ֆորս մաժորի հայտարարումն ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ արտակարգ հանգամանքներով պայմանավորված։

Նշվում է, որ նավթային ընկերության գործունեությունը խաթարվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և նավթավերամշակման համալիրին հասցված վերջին հարվածների հետևանքով։

Ընկերությունը հայտնել է, որ տեղական պահանջարկը կբավարարվի։

Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մաամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Ըստ The Associated Press-ի՝ պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս