Իրանի դիվանագիտական և բարեկամական քայլերն Արցախյան առաջին ազատամարտի տարիներին
Արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեր բարեկամ և հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է եկել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելություններով: Իրանի կողմից այդ քայլերը հատկապես շատ ակտիվ էին մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումը՝ 1992 թվականը: Այդ ընթացքում Իրանը հանդես եկավ բազմաթիվ գործնական քայլերով:
Թերթելով այդ ժամանակի մամուլը և հատկապես Իրանում տպագրվող «Ալիք» թերթը, կարդում ենք բազմաթիվ հոդվածներ մեր բարեկամ և հարևան Իրանի կատարած գործնական քայլերից: Մասնավորապես, թերթի 1992 թվականի համարներից մեկում կարդում ենք Իրանի արտգործնախարարության հանդիպումների մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղօրէն լուծելու ուղղութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան միջնորդութեան 3-րդ հանգրւանում, երէկ, արտգործնախարարի օգնական Մահմուդ Վաէզին Բաքու եւ Երեւան մեկնեց: Սոյն ճամբորդութեան ընթացքին նա նպատակ ունի հանդիպելու բախւող բոլոր կողմերին: Երէկ, Բաքւում, Վաէզին հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանր. նախագահի պաշտօնակատար Մահմեդովի եւ նոյն հանրապետութեան Գեր.խորհրդի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքին արծարծւել են Թեհրանում ձեռք բերւած համաձայնագրի գործադրման հետ կապւած խնդիրները: Սպասւում է, որ Վաէզին այսօր Երեւան մեկնի եւ հանդիպում ունենայ Հայաստանի պատասխանատու ների հետ»: («Ալիք», Թեհրան, 1992, N 59):

Հաջորդ համարներից արդեն տեղեկանում ենք, որ Իրանի ջանքերով և գործուն քայլերով Արցախում հրադադար է հաստատվում: Հատկանշական է, որ Իրանը բանակցություններ վարում էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի օգնական Մահմուղ Վաէզին Իրանի միջնորդութեամբ Ղարաբաղի խնդրի խաղաղօրէն կարգաւորման համար մարտի 17-ից մեկնել է տարածաշրջան, որտեղ Բաքւում, Երեւանում եւ Ստեփանակերտում անցնող մի քանի օրերի ընթացքում տարբեր հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի Ղարաբաղի պաշտօնատարների հետ՝ Թեհրանի յայտարարութիւնների գործադրման շուրջ: Սոյն բանակցութիւններից յետոյ, ուրբաթ, մարտի 20-ի կէսօրւայ ժամը 12-ի կողմերի համաձայնութեամբ մէկ շաբաթեայ հրադադար յայտարարւեց Ղարաբաղում: Հայաստանեան աղբիւրների հաղորդման համաձայն՝ Ադրբեջանը բազմաթիւ անգամներ խախտելով հրադադարը, յարձակումներ է զործել Արցախի տարբեր շրջանների վրայ»: ( «Ալիք», Թեհրան, 1992, N 60):

Հետաքրքրական է նաև, որ Իրանն իր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը նաև վերահսկում է, որպեսզի Ադրբեջանի իրականացրած խախտումներից հետո այն նորից կյանքի կոչվի:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի օգնական եւ միջնորդական պատւիրակութեան պատասխանատու Վաէզին, Ղարաբաղի կացութեան վրայ ուղղակի հսկողութիւն կատարելու նպատակով, երէկ Բաքւից այդ շրջանն է մեկնել Աղդամում եւ Ստեփանակերտում հաստատւած զինադադարի հսկիչ կոմիտէների հաղորդումների համաձայն՝ ուրբաթ գիշեր Ղարաբաղի շրջանի Ֆիզուլի առանցքում բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով զինադադարը խախտւել է: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ երէկ վաղ առաւոտ սկսւել է միջնորդական պատւիրակութեան ծաւալուն ջանքերը՝ կացութեան հսկողութեան համար եւ պրն. Վաէզիի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան շրջան ճամրորդութիւնը հէնց նոյն հարցի առընչութեամբ է կատարւել»: ( «Ալիք», Թեհրան, 1992, N 64):
Նույն շրջանում «Ալիք» թերթում կարդում ենք նաև, որ Ադրբեջանը կեղծ լուրեր էր տարածում, թե իբր Արցախում հայերի կողմից կռվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները: Իրանը պաշտոնապես հերքում է դա:
«Ապրիլի 2-ին Հայաստանի արտաքին գործոց Նախարարութիւնը տարածել է Հայաստանում Իրանի գործերի ժամանակաւոր հաւատարմատար Բ. Ղասեմի պաշտօնական յայտարաթութիւնը, որով հերքւել է ղարաբաղեան հակամարտութիւնում «Իսլամական յեղափոխութեան պահապաններ» կազմակերպութիւնից 300 վարձկանների մասնակռութեան վերաբերեալ հաղորդումը որպէս իրականութեանը չհամապատասխանող»: ( «Ալիք», Թեհրան, 1992, N 64):

Այս հրապարակումները վկայում են, որ Արցախյան հակամարտության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է գործուն դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Թեհրանի նախաձեռնած հանդիպումները, հրադադարի հաստատման փորձերը և դրա վերահսկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ Իրանը ձգտում էր կանխել պատերազմի հետագա սրացումը։ Սրանք պատմական փաստեր են ու հայ-իրանական բարեկամության մասին:
Զ. Շուշեցի




