Նավթի գինը կտրուկ բարձրացել է ավելի քան 26%-ով
Մարտի 9-ի սակարկություններում նավթի գինը բարձրացել է ավելի քան 26%-ով՝ հասնելով 2022 թ. կեսերից ի վեր առավելագույն մակարդակի։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն անկայունացրել են շուկան. տարածաշրջանից նավթի մատակարարումների զգալի մասն արգելափակվել է Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, և խոշոր արտադրողները հարկադրված են եղել կրճատել արտադրությունը պահեստարանների լցվելուն զուգընթաց։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 8:30-ի տվյալներով մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար, ինչը նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձր է 24,14 դոլարով (26,04%)։
Մարտի 6-ին այս պայմանագրերը թանկացել էին 7,28 դոլարով (8,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 92,69 դոլարի։WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում (NYMEX) բարձրացել են 24,91 դոլարով (27,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 115,81 դոլարի։
Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 9,89 դոլարով (12,2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,90 դոլարի։Ավելի վաղ սակարկությունների ընթացքում Brent մակնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց բարձրացել էր մինչև 119,5 դոլար, իսկ WTI-ի գինը՝ մեկ բարելի դիմաց մինչև 119,48 դոլար։Անցած շաբաթվա ընթացքում Brent մակնիշի նավթը թանկացել է 27%-ով, WTI-ը՝ գրեթե 36%-ով։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին գնի մեկշաբաթյա կտրուկ աճն առավելագույնն էր 2020 թ. գարնանից ի վեր։




