
«Հայաստանը գոյաբանական սպառնալիքի տակ է. «Թուրանի» իրականացմամբ կավարտվի ցեղասպանության դահիճների սկսածը». Պիետրո Շաքարյան
Պատմական գիտությունների դոկտոր, Ս.Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնի հետդոկտորական գիտայցելու Պիետրո Շաքարյանը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ գործող իշխանությունների հարձակումն ավելի լայն համատեքստում է դիտարկում:
«Նախ՝ հետսովետական տարածքում «գունավոր հեղափոխության» առաջնորդները պայքարում են կրոնական իշխանությունների դեմ: Մեր դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու դեմ է պայքարում՝ բավականին կոշտ և անհարգալից ձևով, անգամ փորձում է համոզել հայերին, որ՝ ես Եկեղեցու դեմ չեմ պայքարում, այլ որոշ հոգևորականների, որոնք շեղվել են Քրիստոսի ճանապարհից, բայց իրականությունն այն է, որ նա պայքարում է ինստիտուտի դեմ: Եթե անգամ դու չես հավանում որոշ բարձրաստիճան հոգևորականների, չպետք է նման բառապաշար օգտագործես ինստիտուտի դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հիշեցնելով եկեղեցու պատմական կարևոր առաքելությունն ու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում:
«Ինչպե՞ս կարող էր որևէ հայ առաջնորդ ասել այն, ինչ Փաշինյանն է ասում Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ: Եկեղեցին միակ անկախ հաստատությունն է, որն իսկապես կարող է դեմ գնալ կառավարությանը. նա ունի այդ բարոյական հեղինակությունը, հայ ժողովրդի մոտ ամբողջական վստահություն է վայելում»,-շեշտեց նա:
Պիետրո Շաքարյանը բացատրեց ՀՀ իշխանությունների վերջին շրջանի գործողությունների աշխարհաքաղաքական համատեքստը՝ նշելով, որ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը կենտրոնացել է Հարավային Կովկասի վրա. «Փաշինյանն ավելի շատ արևմտյան շահերի պաշտպանությունից ելնելով է գործում: Իրանը ԲՐԻԿՍ-ի կարևորագույն անդամ է, ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նաև Չինաստանի: Մտածեք աշխարհագրության մասին: Պատմական Իրանի ռազմավարական նշանակությունը մեծ առիթ է, թե ինչու է այս ամենը կատարվում: Մրցակցությունն Արևմուտքի և ԲՐԻԿՍ-ի միջև մեծ է… Իհարկե, այս ամենում կա Թուրքիայի գործոնը, բայց Փաշինյանի գործողությունների հիմքում ավելի շատ արևմտյան գործոնն է»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը «խնդիր» չի տեսնում, որ Թուրքիայի նպատակը կարող է լինել Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը, պատմաբանը հիշեցրեց պատմական իրադարձությունները՝ ընդգծելով, որ «Թուրան» նախագծի գաղափարը սկիզբ է առնում հայ ժողովրդին իրենց պատմական հայրենիքից մեկընդմիշտ ոչնչացնելու գաղափարից. «Միակ բանը, որ իրականում փրկեց Հայաստանը, Արևելյան Հայաստանի պահպանումն էր՝ որպես Խորհրդային Հայաստան։ Եթե այս նախագիծը լիարժեքորեն իրականացվի, երկարաժամկետ հեռանկարում, ցավոք, այն կավարտի այն, ինչ սկսել էին ցեղասպանության դահիճները, քանի որ այդ դեպքում Արևելյան Հայաստանն է հայտնվում սպառնալիքի տակ: Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, սպառնալիքի տակ է Սյունիքը, «Զանգեզուրի միջանցք»-ի սպառնալիքը կա: Սա բավականին լուրջ հարց է»:
Մյուս կողմից, ըստ նրա՝ «Թուրանի» իրականացման համար Թուրքիայի ռեսուրսները սահմանափակ են. «Կենտրոնական Ասիայի ներկայիս առաջնորդներն ու էլիտաներն այդքան էլ խանդավառված չեն այդ գաղափարով, նրանք դեռևս քիչ թե շատ պրոռուսական են: Սա է պատճառը, որ եթե անգամ ռուսները «Մեծ թուրանը» սպառնալիք են համարում, նրանք մտածում են՝ կկարողանանք կառավարել, որովհետև Կենտրոնական Ասիայում մենք դեռևս դոմինանտ դիրքերում ենք»:
Հարցին՝ բայց արդյո՞ք իրապես նրանք կարող են կառավարել այդ ռիսկը, նա պատասխանեց՝ հենց դա է հարցը. «Ռուսները մեր տարածաշրջանում շատ հանդարտ դիրքավորում էին որդեգրել, և մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ: Սա ուղղակիորեն կապված է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետ, որովհետև դա սանձարձակ դարձրեց Ալիևին, նա ավելին է ուզում: Նա խոսում է ոչ միայն «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի մասին, այլև «Իրանական Ադրբեջանի» մասին, որը նրանք անվանում են «Հարավային Ադրբեջան»: Հատկապես, Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին Իրանի տարբեր էթնիկ բնակչությամբ ռեգիոններում անջատողականություն հրահրելու ռիսկ կա»:
Շարունակելով հարցի պատասխանը՝ նա մատնանշեց ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, ընդգծելով, որ Ռուսաստանում արդեն շատ են խոսակցությունները, որ դա Կովկասում Ռուսաստանի պասիվացման հետևանքն է, և պետք է Ռուսաստանը տարածաշրջանային պրոցեսներում ակտիվ դերակատարություն ունենա. «Դրա համար եմ ասում, որ հատկապես Իրանի պատերազմի ֆոնին, Իրանում ազգայնականությունը շատ մեծ է, Իրանն ավելի կոնսոլիդացված է, բայց դա չի նշանակում, որ Իրանի վրա ազդեցության փորձերն ավարտված են: Բացի այդ, Ադրբեջանն ու Իսրայելը շատ սերտ հարաբերություններ ունեն: Այս պատերազմից հետո Ռուսաստանում հասկանում են, որ պետք է ավելի ակտիվ դիրքավորում ունենան Կովկասի տարածաշրջանում: Ես կարծում եմ՝ այդ ակտիվացումը կտեսնենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում