Վարկերի աճը մտահոգիչ է դառնում

ՔՊ-ականների իշխանությունը ոչ միայն երկիրն է ներքաշել ահռելի պարտքերի մեջ, այլև քաղաքացուն է դրել վարկային ծանր բեռի տակ։ Վարկերի շարունակվող աճը գնալով ավելի մտահոգիչ է դառնում՝ մեծացնելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բանկային համակարգի ռիսկերը։

Տնտեսական ակտիվությունը դանդաղում է, մարդկանց եկամուտների աճի տեմպը նվազում է, իսկ վարկերն առաջանցիկ տեմպերով ավելանում են՝ ծանրանալով քաղաքացիների վրա։ Չնայած հարյուր-հազարավոր քաղաքացիներ հայտնվել են վարկերը վերադարձնելու խնդիրների առաջ, գտնվում են անհուսալի վարկերի բեռի տակ, բանկերը չեն դադարում ակտիվորեն ավելացնել քաղաքացու վարկային բեռը, որին օժանդակում են կառավարությունն ու Կենտրոնական բանկը։

Պաշտոնական տվյալներով, վերջին մեկ տարում բանկերի կողմից Հայաստանի ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են գրեթե 29 տոկոսով։

Ոչ մի այլ ոլորտ այսպիսի տեմպերով չի աճել, ինչպես վարկային բեռն է ավելացել։

Կարդացեք նաև

Վարկերի աճն անգամներով գերազանցում է տնտեսական ակտիվությանը, միջին աշխատավարձի աճին։ Տնտեսական ակտիվության, քաղաքացիների եկամուտների ու վարկերի աճի միջև հսկայական ճեղք է գոյացել։

Վարկային բեռն ավելացել է հիմնականում քաղաքացիներին տրամադրվող վարկերի հաշվին։

Հիփոթեքային վարկերը վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 35 տոկոսով` 4.2 անգամով ավելի արագ, քան քաղաքացիների եկամուտները։

Մեկ տարում քաղաքացիները միայն այս վարկերի գծով ավելի քան 388 մլրդ դրամի կամ գրեթե 1 մլրդ դոլարին մոտ վարկային բեռ են վերցրել։

Սպառողական վարկերի աճն էլ նախորդ մեկ տարում գերազանցել է 27 տոկոսը՝ 3.2 անգամ ավելի շատ, քան քաղաքացիների եկամուտների աճը։

Բանկերի կողմից Հայաստանի քաղաքացիներին տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելը վերջին տվյալներով հասել է գրեթե 1.5 տրիլիոն դրամի։ Վերածենք դոլարի՝ կստացվի, որ միայն այս վարկի գծով քաղաքացիները բանկերին պարտք են 3.8 մլրդ դոլարին համարժեք գումար։

Գրեթե նույնքան էլ կազմում են սպառողական վարկերը։

Այս երկու վարկերի գծով քաղաքացիները բանկերին շուրջ 7.6 մլրդ դոլարի պարտք ունեն կուտակած։

Սրանք գումարներ են, որոնք գրեթե եկամուտ չեն ստեղծում քաղաքացիների համար։ Ու այդ առումով դրանց սպասարկումը ծանր բեռ է դառնում շատերի համար։ Այդ պատճառով էլ բազմաթիվ քաղաքացիներ շատ հաճախ հայտնվում են վարկերը վերադարձնելու դժվարությունների առաջ։ Վերջին շրջանում դա տեսնում ենք հատկապես սպառողական վարկերի պարագայում, բայց տնտեսական իրավիճակի վատացման ու քաղաքացիների ցածր եկամուտների պարագայում այն սպառնում է աստիճանաբար տեղափոխվել նաև հիփոթեքային վարկերի շուկա։

Ինչ-որ պահից հետո դա գրեթե անխուսափելի է, որքան էլ վերջին շրջանում նկատվում է հիփոթեքային վարկերի աճի տեմպի դանդաղում։ Խնդիրը ոչ թե վերջին շրջանի, այլ վերջին տարիների վարկային բեռի կուտակման մեջ է։

Քաղաքացիների հիփոթեքային վարկերի բեռը նախորդ 7 տարիներին 7.1 անգամով ավելացել է. 210 մլրդ դրամից հասել է 1.5 տրիլիոնի։

Գրեթե 3 անգամով էլ սպառողական վարկերի բեռն է աճել ու վերջին շրջանում, ի տարբերություն հիփոթեքի՝ ավելի է ակտիվացել։ Այս տարվա առաջին եռամսյակում սպառողական վարկերը գրեթե 87 մլրդ դրամով ավելացել են։

Սպառողական վարկերի ակտիվացումը նոր ռիսկեր ու բեռ է քաղաքացիների համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սրանք ամենաթանկ վարկերն են շուկայում՝ իրական տոկոսները հասնում են 18-20-ի, երբեմն նույնիսկ ավելի բարձր են։ Չնայած նման ծանրության, բազմաթիվ քաղաքացիներ իրենց կենցաղային խնդիրները լուծելու այլ տարբերակ չգտնելով, մտնում են նման բեռի տակ ու շատ հաճախ չեն կարողանում դուրս գալ։ Սպառողական վարկերը թանկ հաճույք են, բայց ինչպես տեսնում ենք, բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են օգտվել այդ վարկերից։

Բանկային համակարգի վարկերի 24-25 տոկոսը սպառողական վարկերն են։ Նույնքան էլ կազմում է հիփոթեքը։ Սրանք ոչ միայն քաղաքացիներին եկամուտ չբերող գումարներ են, այլև հետագայի համար տնտեսական արդյունք չեն ստեղծում։

Տնտեսության վրա այս հսկայական գումարներն ընդամենը կարճաժամկետ ազդեցություն ունեն։ Դրանք կայուն աճի համար հիմքեր չեն ստեղծում։

Կայուն աճի հիմքեր կարող են ստեղծել տնտեսության իրական հատվածին ուղղված վարկերը, բայց դրանք գրեթե չկան։ Վերջին տարիներին բանկերը բացարձակ հետաքրքրություն չեն ցուցաբերել արդյունաբերության նկատմամբ։ Եվ դա՝ այդքան փառաբանվող հեղափոխական ու համաշխարհային մակարդակի աճերի պայմաններում։

Վերջին 7 տարիներին բանկերի վարկերն արդյունաբերության մեջ ավելացել են ընդամենը 86 մլրդ դրամով։

2018թ. եղել է 486 մլրդ դրամ՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 572 մլրդ դրամ։

Աճն ընդամենը 17.6 տոկոս է։ Այն դեպքում, երբ այդ ընթացքում հիփոթեքային վարկերն ավելացել են 7.1 անգամով, սպառողական վարկերը՝ գրեթե 3 անգամով։

Սա խոսում է Հայաստանի տնտեսության իրական հատվածի նկատմամբ բանկերի անտարբերության մասին, որն ուղիղ կապ ունի քաղաքական իշխանության վերաբերմունքի հետ։ Տնտեսությունն անտեսված է՝ ինչպես կառավարության, այնպես էլ՝ բանկերի կողմից։

Բանկային կապիտալի տեսքով իրական տնտեսության մեջ ներդրումներ գրեթե չեն արվել, դրան չի օժանդակել նաև կառավարությունը։ Փոխարենը՝ խթանել է հիփոթեքային ու սպառողական վարկերը՝ քաղաքացիներին համատարած ներքաշելով վարկային բեռի տակ ու կանգնեցնելով խնդիրների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս