Պատանեկան թաթալոշի բացակայության քաղաքական հետևանքները

Հայաստանի լինելիությունը Ալմաթիի մոռացված հռչակագրի մոռացված սահմաններով պայմանավորող իշխանությունը երկրի ներսում վաղուց անցել է բոլոր սահմանները: Ներքին ու արտաքին սահմանների անտեսանելի հարաբերակցությունը տեսանելիորեն խախտվել է:

Ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի մի շարք սահմաններից ներս, հայ ուժայինները՝ Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի վանքերի մատույցներում: Ադրբեջանի ղեկավարը օրումեջ սպառնում է ազատագրել «Արևմտյան Ադրբեջանը», Հայաստանի ղեկավարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վեհարանը:

Ընդ որում, Փաշինյանը դա անում է Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ միաժամանակ:

Հայաստանի ֆիզիկական, հայ ժողովրդի հոգևոր սահմաններից ներս խուժելու այս սինխրոն գործողությունը ներկայացվում է՝ որպես «ինքնիշխանության ու անկախության ամրապնդում»: Այնպես, ինչպես պատերազմում կրած պարտությունը՝ հաղթանակ, Արցախի կորուստը՝ Հայաստանի անկախության ձեռքբերում, համայնքապետերի կալանավորումը՝ ժողովրդավարության խորացում, և այդպես շարունակ:

Կարդացեք նաև

Իշխանության այս գործողությունները հանրության ընկալման իմաստով մարդկանց բաժանել են երկու խմբերի, որոնք օբյեկտիվորեն թշնամացել են միմյանց հետ:

Քաղաքացիների փոքր, բայց ագրեսիվ խումբը իշխանության քարոզչությունն ընկալում է ուղիղ իմաստով՝ ընկալածը տեղավորելով բոլոր հնարավոր օրգաններում, բացի ուղեղից: Մարդկանց շատ ավելի ստվար, բայց պասիվ զանգված, իշխանության գործողություններին ու քարոզչությանը վերաբերվում է ուղղակի նողկանքով՝ համապատասխան կերպով վերաբերվելով նաև բոլոր նրանց, ովքեր, նողկանքից բացի, այլ կերպ են ընկալում կատարվողը: Դրա հիմնական պատճառներից մեկը իշխանության լպիրշությունն է: Բառի ամենաուղիղ ու բուն իմաստով լպիրշությունը:

Որևէ իշխանություն առաքինի չի լինում այդ հասկացության գոնե էսթետիկ ընկալմամբ: Բայց քիչ թե շատ նորմալ իշխանությունը օբյեկտիվորեն առաքինի լինելու անկարողությունը փոխհատուցում է չափավոր ցինիզմով՝ հավասարակշռելու համար հանրության տարբեր շերտերի վրա իր կողմից իրականացվող քայլերի տարբեր ազդեցությունները:

Բայց ցինիզմի համար անհրաժեշտ է նվազագույն միտք, գոնե մի փոքր ինտելեկտ, որը նաև, դաստիարակության դեպքում, մնում է չափավորության սահմաններում ու չի հասնում անպատկառության:

Այլ է պատահականորեն իշխանության մեջ հայտնվածների պարագան, որոնց միավորում է անհատական ու հավաքական ինտելեկտի բացակայությունը: Իսկ անխելք իշխանությունը ցինիկ լինել չի կարող, հետևաբար՝ մնում է լպիրշությունը:

Հենց դա է հարաբերականորեն նորմալ ու հանրային նորմերին հետևող մարդկանց մոտ նողկանք առաջացնում, որովհետև ցինիզմը կարող է լինել տհաճ, բայց գոնե վիճելի, քննարկելի՝ առնվազն դրանում ինտելեկտի չափաբաժնին համապատասխան: Իսկ լպիրշության նկատմամբ դաստիարակվածների համարժեք վերաբերմունքը արհամարհանքն է, նյարդերից թույլերինը՝ փողոցային խուժանին արժանի պատասխանը և ոչ միայն՝ հոգեբանական:

Նորմալ հասարակություններում խուժանին պատժում է պետությունը՝ համապատասխան կառուցակարգերով: Բայց Հայաստանում պետությունը գրավվել է լպիրշության ու դրա կրող խուժանի կողմից, որը պաշտպանվում է այն նույն կառուցակարգերով, որոնցով այլ երկրներում խուժանը արևի լույսի հետ հարաբերվում է շատ որոշակի գրաֆիկով:

Լպիրշության դեմ պայքարն այդպես էլ չի հաջողվում, որովհետև պայքարողների մի մասը դրան փորձում է հակադրել ցինիզմը, այն դեպքում, երբ ինտելեկտով բթությանը հնարավոր չէ հաղթել, մյուս մասն էլ թաքուն փորձում է գտնել լպիրշությամբ գործողներին գերազանցող խուժանի:

Դա ևս դատապարտված է, քանի որ բոլոր հնարավոր խուժանները համախմբվել են և որպես լպիրշության գերագույն արտահայտություն՝ այդ համախմբման անունը դրել են «չորրորդ հանրապետություն»:   

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս