Ստեփան Ասատրյանին չի հաջողվել հոկտեմբերի 19-ին հարամել պսակի կարգը. ամուսնացող զույգն ավելի համառ է գտնվել
Հովհաննավանքում նախկին քահանա Տեր Արամի, այսօր արդեն՝ կարգալույծ արված, աշխարհիկ Ստեփան Ասատրյանի դրսևորած երեկվա սանձարձակ վարքի մասին շատ ասելիք չկա: Ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում: Ուղիղ եթերում էլ երեկ տեսանք՝ ինչպես զույգը հրաժարվեց կարգալույծ արվածի պսակի արարողությունից, երբ տեղեկացավ, որ նա արդեն ոչ թե Տեր Արամ է, այլ Ստեփան Ասատրյան:
168.am-ը, սակայն, տեղեկացավ, որ դա ամենևին միակ դեպքը չէ, երբ Ստեփան Ասատրյանից հրաժարվում են ամուսնացողները, որովհետև զույգի համար անընդունելի է արդեն իսկ նախկին քահանայի վարքագիծը:
Նման մի դեպքի մասին պատմեց հոկտեմբերի 19-ին եկեղեցական պսակի արարողության հյուրերից մեկը:
Այսպես՝ դեռևս Տեր Արամ կոչվածի՝ արդարության, Եկեղեցում տիրող անընդունելի բարքերի, իր ճնշվածության մասին առաջին «թոթովանքներից» հետո զույգը, ով նախապես պայմանավորված է եղել նրա հետ, վերջինիս տեղեկացնում է, որ հրաժարվում է պսակվել նրա տնօրինությամբ արվող պսակի կարգով, որովհետև իր համար անընդունելի է այն վարքն ու խոսույթը, որը նա որդեգրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ու առհասարակ Եկեղեցու վերաբերյալ:
Փորձում են մեկ այլ քահանայի հետ պայմանավորվել, որ պսակն իրականացնի, սակայն համընդհանուր տեռորի պայմաններում մինչև պսակի արարողության նախընթաց երեկոն չեն կարողանում հստակ պայմանավորվել այլ քահանայի վերաբերյալ: Ի վերջո, իմանում են, որ իրենց պսակի կարգը կատարելու է այլ քահանա, գալիս են եկեղեցի, ուր զույգին է մոտենում արդեն կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը:
Զույգը վերահաստատում է իր որոշումը. պսակի կարգը կկատարի այլ քահանա: Ստեփան Ասատրյանը դժգոհ ինչ-որ բան է քրթմնջում քթի տակ ու հեռանում զույգի մոտից:
Քահանան, ով հանձն է առնում կատարել պսակի կարգը, մինչ արարողությունը զույգից շարունակ ներողություն է խնդրում, ասում, որ ինչ էլ լինի, ոչ մի բանի ուշադրություն չդարձնեն, վայելեն իրենց օրը: Այդ պահին ամուսնացողները չեն հասկանում՝ ինչ են նշանակում այդ խոսքերը, դրանց իմաստը հասկանում են հետո…
Սկսվում է Տերունական աղոթքը, որից հետո ամուսնացողները պետք է փոխանակվեն մատանիներով: Այդ պահին պսակի կարգը կատարող քահանայի կողքին է հայտնվում կարգալույծ Ստեփան Ասատրյանը ու սկսում ինքնամոռաց «աշխատել»: Ամուսնացող զույգն անհարմար դրության մեջ է հայտնվում, սակայն չցանկանալով սկանդալ սարքել Եկեղեցում՝ մի կերպ Ստեփան Ասատրյանին հասկացնում են, պնդում են, որ վերջինս պետք է հեռանա, ինչը նա, ի վերջո, անում է՝ ցուցադրաբար վրայից հանելով կարգը կատարելու համար հագած եկեղեցական զգեստը, ապա կանգնում հյուրերի մեջ ու մտնում «Ֆեյսբուք» և «Ինստագրամ»:
Այս օրերին շատերն են պատմում Ստեփան Ասատրյանի հետ շփման անհաջող փորձի մասին. սա հերթական օրինակն էր, թե ինչպիսին չպիտի լինի եկեղեցու սպասավորը:

