Կճատվող աշխատատեղեր, նվազող աշխատավարձեր. Բարի գալուստ «Իրական Հայաստան»

Երկրորդ ամիսն անընդմեջ աշխատավարձերը Հայաստանում նվազում են։ Թվում է, թե սա պիտի անհանգստացներ իշխանություններին։ Բայց այս մասին չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ական քարոզիչները որևէ բան ասեն։ Պարզաբանեն, թե ինչո՞ւ են աշխատավարձերը նվազում, և դա ինչպե՞ս է ազդում մարդկանց կյանքի վրա։

Հատկապես որ, աշխատավարձերի նվազումն ուղեկցվում է գնաճի ակտիվացմամբ։ Առավել ևս՝ սննդամթերքի թանկացումներով։ Միայն սեպտեմբերին սննդամթերքի գնաճը գրեթե 1 տոկոսային կետով արագացել է, ընդ որում՝ դրա մեջ դեռ ներառված չեն կաթնամթերքի վերջին թանկացումները։

Հոկտեմբերի սկզբից կաթնամթերքի գները վերսկսեցին բարձրանալ՝ զուտ այն պատճառով, որ իշխանությունները որոշել են պարտադիր դրոշմավորման ենթարկել այդ ապրանքներն ու ֆինանսական բեռը դնել տնտեսվարողների վրա։ Տնտեսվարողներն էլ, ինչպես սովորաբար լինում է, այդ ծախսերը, մի բան էլ ավելին, ներառել են ապրանքների գների մեջ ու թողել սպառողների վրա։ Տուժողը, ինչպես միշտ, մնացել է քաղաքացին, ով ստիպված է անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էր նախկինում։

Դրոշմավորման հետևանքով հոկտեմբերի 1-ից կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից՝ 700 դրամ, թանկացել են նաև մյուս կաթնամթերքները, որոնց ազդեցությունը գնաճի վրա հաջորդ ամիս կերևա։

Կարդացեք նաև

Սննդամթերքի շուկայում վերջին շրջանում կրկին նկատվում է գնաճի ակտիվացում։ Սեպտեմբերին այն հասել է 5.8 տոկոսի։ Մեկ ամիս առաջ 4.9 տոկոս էր։

Այսօր արդեն սննդամթերքի գնաճը զգալիորեն առաջ է անցել միջին աշխատավարձի տարեկան աճից։ Դա տեղի է ունեցել մի կողմից՝ աշխատավարձերի աճի տեմպի դանդաղման, մյուս կողմից՝ գնաճի ակտիվացման հետևանքով։

Եթե հունիսին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 297.6 հազար դրամ էր, օգոստոսին եղել է 294.9 հազար դրամ։

Երկու ամսում նվազել է 2.6 հազար դրամով։

Նվազումն ավելի մեծ է եղել՝ հատկապես հուլիսի նկատմամբ։ Տարբերությունը հասնում է գրեթե 10 հազար դրամի։

Երկրորդ ամիսն անընդմեջ միջին աշխատավարձը նվազել է, չնայած առաջին հայացքից թվում է, թե քաղաքացիները Հայաստանում բավական բարձր աշխատավարձեր են ստանում։ Իրականում միջին աշխատավարձի ցուցանիշները վերաբերում են չհարկված աշխատավարձերին։ Հարկումից հետո այն անհամեմատ ավելի փոքր կլինի։

Վերջին տվյալներով, իրական միջին աշխատավարձը, այսինքն՝ այն աշխատավարձը, որն առձեռն ստանում են քաղաքացիները, Հայաստանում կազմում է 236 հազար դրամ։

Բազմաթիվ ոլորտներում աշխատավարձերը, ինչպես անվանական, այնպես էլ իրական, անհամեմատ ցածր են միջինից, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի ցածր։

Միջին աշխատավարձերը ցածր են հատկապես կացության և հանրային սննդի, սպասարկման, մշակույթի, ինչպես նաև կրթության ոլորտներում։ Այս ոլորտներում գրեթե 200 հազար մարդ է զբաղված, ու այդ մարդկանց իրական ամսական աշխատավարձերը 120-125 հազար դրամի սահմաններում են։ Հիմա թող իշխանավորները մեկ ամբողջ ամիս ապրեն այս աշխատավարձով, վճարեն կոմունալներն ու կատարեն իրենց հարկային պարտավորությունները, որոնք վերջին տարիներին կտրուկ ավելացել են։

Կան 2-3 ոլորտներ, որտեղ աշխատավարձերն իսկապես բարձր են, ու դրանք էական ազդեցություն են թողնում միջին աշխատավարձի ցուցանիշների վրա։ Բայց դրանցով չի որոշվում, թե ինչքանով են քաղաքացիները սկսել ավելի լավ ապրել։

Հայաստանում բարձր վարձատրվող ոլորտներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական համակարգն ու հանքարդյունաբերությունը։ ՏՏ-ում միջին անվանական աշխատավարձը վերջին տվյալներով, գերազանցում է 1 մլն 57 հազար դրամը, ֆինանսական հատվածում՝ 750 հազարի, իսկ հանքարդյունաբերության մեջ՝ 550 հազարի սահմաններում է։ Խոսքը, այսպես կոչված, կեղտոտ աշխատավարձերի մասին է։ Իրական միջին աշխատավարձերը ՏՏ-ում՝ 836 հազարի, ֆինանսական ոլորտում՝ 600 հազարի, իսկ հանքարդյունաբերության մեջ՝ 440 հազար դրամի կարգի են։

Պատկերացրեք, թե իրական աշխատավարձերը որքան ցածր են մյուս ոլորտներում, որտեղ անվանական աշխատավարձերի չափերը տատանվում են հազիվ 150-250 հազար դրամի սահմաններում։ Ու դա ուղեկցվում է աշխատավարձի նկատմամբ գնաճի ավելի բարձր ակտիվությամբ։

Այս տարվա օգոստոսին միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 4.39 տոկոս, մինչդեռ սեպտեմբերին սննդամթերքի գնաճը հասել է 5.8 տոկոսի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ սննդամթերքի գնաճի ակտիվացումը տեղի է ունեցել հատկապես առաջնային կարևորության մթերքների թանկացումների ու գների բարձրացումների հաշվին, որոնք երբեմն երկնիշ են։

Մասնավորապես՝ արևածաղկի բուսական յուղի գինը վերջին 1 տարում բարձրացել է գրեթե 16 տոկոսով, կարագինը՝ 12.5 տոկոսով, մրգերի գնաճն անցնում է 12 տոկոսից, ձուկը թանկացել է ավելի քանի 19 տոկոսով, սուրճը՝ 14.2 տոկոսով, կակաոն՝ գրեթե 22 տոկոսով։ Շոկոլադի գնաճը գերազանցել է 10 տոկոսը։ Հացամթերքն էլ ոչ պակաս բարձր տեմպերով է թանկացել։ Հացի գինը 1 տարում աճել է 5 տոկոսով, ալյուրինը՝ 7.2 տոկոսով։

Բազմաթիվ են այն առաջնային ապրանքները, որոնց գնաճն անհամեմատ գերազանցում է միջին աշխատավարձի աճը։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հասարակության սոցիալական վիճակի վատացում, ինչքան էլ իշխանությունները փորձեն հակառակում համոզել։

Պատահաբար թե օրինաչափորեն՝ աշխատավարձերի նվազումը վերջին ամիսներին ուղեկցվել է նաև աշխատատեղերի կրճատումով։ Աշխատատեղերը կրճատվել են՝ ինչպես հուլիսին, այնպես էլ՝ օգոստոսին։ Եթե հունիսին Հայաստանում գրանցված էր 796.5 հազար աշխատող, օգոստոսին նրանց թիվը եղել է 794 հազարից մի փոքր ավելի։ Գրեթե 2.5 հազար աշխատատեղեր են փակվել։ Ընկերությունների փակման մասին էլ չենք խոսում։

Մեկ տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանում գործող ընկերությունների քանակը գրեթե 4.2 հազարով կրճատվել է։ Անցած տարվա օգոստոսին 69.661 ընկերություն կար, այս տարվա օգոստոսին մնացել է 65.481-ը։

Տարեսկզբից սկսած ընկերությունների քանակն անխափան կրճատվում է։ Հազարավոր ընկերություններ փակվում են ու դադարեցնում իրենց գործունեությունը։ Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ՝ աշխատելու հնարավորություններ չեն տալիս։ Չեն դիմանում հարկային բեռի ճնշմանը՝ ստիպված դուրս են գալիս բիզնեսից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս