
Երեք երկրներ կբաժանեն աշխարհը, Արամ կաթողիկոսի նամակը մտել է Սպիտակ տուն, Բաթումի նոր պայմանագիր չի լինի, քանի որ այսօր ունենք դաշնակից Ռուսաստան և 102-րդ ռազմաբազա. Ռուբեն Սաֆրաստյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Թրամփի գաղափարախոսության մեջ մեծ դեր ունի կրոնը։ Մինչթրամփյան ժամանակաշրջանում արևմտյան դաշտում կրոնի նկատմամբ հակվածություն չկար։ Կրոնական գործոնն ԱՄՆ-ի համար դառնում է որոշակի, ու արևմտյան աշխարհակարգում արդեն ականատես ենք լինում երկու ուղղության՝ ազատական և պահպանողական։ Եվ այս պառակտումը դեռ կխորանա։
- Հիմա ստեղծվող նոր աշխարհակարգը կունենա բազմաբևեռ բնույթ, բայց նաև հիերարխիկ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իրականությունն արտահայտող երևույթ է։ Աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի 90%-ը գտնվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ձեռքում, և նոր աշխարհակարգում հիերարխայի գլխին կլինեն հենց այս երկու պետությունները։ Այս երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնց երկուսի պատկերացումներում էլ կարող են միմյանց ոչնչացնել, մտածում են՝ ավելի լավ է համագործակցել, քան միմյանց ոչնչացնել։ Չպետք է մոռանալ նաև Չինաստանի գործոնի մասին, որը տնտեսապես հզոր երկիր է, թեև ռազմական առումով զիջում է ՌԴ-ին ու ԱՄՆ-ին։ Հենց այս երեքն էլ կբաժանեն աշխարհը։
- Նոր աշխարհակարգում Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ընդհանուր ազդեցության ոլորտում՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր ստատուս-քվոն, որը ստեղծվել է Արցախի կորստից ու հայաթափումից հետո։ Ու այդ ստատուս-քվոն թուրքական գործոնի ուժեղացումն է, և ես կարծում եմ՝ ԱՄՆ-ը կհամաձայնի դրան։
- Թուրքիան մեծ խաղ է սկսել Մերձավոր Արևելքում և Թուրքիան պիտի փորձի ավելի շատ օգուտ քաղել այդ խաղից։ Թուրքիան իր ռեսուրսների մեծ մասը կուղղի դեպի Մերձավոր Արևելք։ Թուրքիան կպահպանի ստեղծված իրավիճակը և այստեղ՝ Հարավային Կովկասում շատ ակտիվություն չի ցուցաբերի։ Իսկ սա նշանակում է, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը չի կարող գնալ կտրուկ գործողությունների։ Իհարկե, Թուրքիայի վերջնական նպատակը Հարավային Կովկասը թուրքական ազդեցության գոտի դարձնելն է, բայց դա չի լինի հիմա։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս պահին նա Հարավային Կովկասում ակտիվություն չի ցուցաբերի, որովհետև ունի լուրջ ներքին խնդիրներ։ Հենց դրանով էր պայմանավորված Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը։
- Իսրայելը շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած և լուծում է իր խնդիրները, իհարկե`ԱՄՆ-ի ահռելի աջակցությամբ։ Սա բացառիկ երևույթ է, երբ մի երկիր այլ երկրից այս կարգի օգնություն է ստանում։ Եվ հաշվի առնելով այդ խնդիրները՝ չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում Իսրայելը լուրջ ակտիվություն կցուցաբերի։ Ես չեմ բացառում, որ Իսրայելը հարվածներ կարող է հասցնել Իրանին, բայց չեմ կարծում, որ դա հիմա կանի, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Իրանն ու Իսրայելը գնան բախման։
Հիշեցնենք, որ Իրանի հեռուստատեսության հաղորդումներից մեկի ընթացքում հայտարարել են, որ Իսրայելը բազմաթիվ գործողություններ է կատարել Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից․ տեղեկանում ենք Farsnews գործակալությունից։ Փորձագետը նշել է, որ Իսրայելն ունի կայան Ադրբեջանում և այնտեղ շատ ներդրումներ է կատարել։ Նրա խոսքով՝ իսրայելցի փորձագետները խորհրդատվություն են իրականացնում ադրբեջանական նախարարություններում։ Նա վստահություն է հայտնել, որ Իսրայելը ձեռնարկել է բազմաթիվ գործողություններ Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից։
- Իսրայելում կա փորձագիտական կարծիք, որ Հարավային Կովկասում ամենակենսունակ տարրը հայերն են։ Եվ նրանք այդ համոզմանն են եկել՝ պատմության վրա հայացք նետելով։ Հայկական տարրին զսպելու համար Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին, որ թույլ չտա՝ հայկական տարրը դառնա գերիշխող։ Իսրայելի վերնախավի մոտ նման մոտեցումներ կան։
- Ալավիներով բնակեցված Լաթաքիայում ընդվզումներ սկսվեցին գործող իշխանության դեմ, որովհետև խիստ ճնշումների էին ենթարկվում։ Սիրիայի իշխանությունը դա ճնշեց չափազանց կոշտ միջոցներով։ Կարծում եմ՝ թուրքական զորախմբերն այդ իրավիճակում զսպող դեր էին կատարում։ Երկրորդ փուլում Լաթաքիա ուղարկեցին ջիհադիստական զորախմբերի, որոնք սկսեցին ոչ միայն ալավիների, այլև քրիստոնյաների կոտորած իրականացնել։ Ընդ որում, այդ ջիհադիստների մի խումբը թուրքախոս էր։ Սիրիական իշխանությունները սպասում էին, որ նման կոտորած, ջարդ կլինի։ Իհարկե, նրանք շահագրգռված չէին, որ աշխարհով մեկ արձագանք կլինի, բայց շահագրգիռ էին, որ կոտորածի միջոցով վախ տարածեն երկրի ներսում։ Սա թուրքական ձեռագիր է։ Թուրքերն էլ էին ժամանակին կոտորած անում՝ կանխելու համար հետագա ընդվզումները՝ վախեցնելով մարդկանց։ Երեկվա տվյալներով՝ կոտորածների ալիքը գնում է դեպի թուլացում։
- Էրդողանը մտադիր է արտահերթ ընտրությունների միջոցով կրկին մնալ իշխանության:
- Քրդական հարցն այս աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլում ստանում է արդիականություն: Թուրքիայի համար կարևոր է քրդական հարցում որոշակի փոփոխություն իրականացնել:
- Չեմ կարծում, որ Սիրիայում տեղի ունեցածն իշխանությունը զավթելու փորձ էր, ինչպես ներկայացնում են Սիրիայի գործող իշխանությունները. Սիրիայի իշխանությունը պետք է նման բան ասեր, որ արդարացներ իր գործողությունները։
- Սիրիայում իշխանության եկած ուժերը երկար ժամանակ գտնվել են Թուրքիայում, և թուրքերը, այդ թվում՝ հետախուզական ծառայությունները, 10 տարի աշխատել են նրանց հետ։ 10 խմբավորում էր միացել Սիրիայում Ասադի իշխանությունը զավթելու համար։ Դրանց մեջ կային նաև հետախուզական ուժեր, որոնք անմիջապես պատրաստվել էին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի անմիջական վերահսկողությամբ։
- Մենք պետք է ամեն ինչ անենք, որ փրկենք Սիրիայի մեր հայրենակիցներին Լաթաքիայում և շրջակա գյուղերում։ Եթե մեր հայրենակիցները ցանկանան դուրս գալ, ՀՀ իշխանությունը պատրաստ պետք է լինի նրանց ընդունել, բայց կարծես թե նման կոչ, խնդրանք Հայաստանին մեր եղբայրների կողմից դեռ չի եղել։ Բայց պետք է պատրաստ լինել, որ եթե հարկավոր լինի, ամեն ինչ անեն՝ մեր հայրենակիցներին փրկելու համար։
- Իսրայելը մտավախություն ունի, որ եթե Սիրիայի հարավում՝ կապված դրուզների հետ, իրադրությունը սրվի, կարող է վտանգ լինել Իսրայելի և Թուրքիայի զինված ուժերի բախման։ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, իհարկե, սուր են, բայց նույնիսկ այս պայմաններում երկու երկրների միջև առևտուրը շարունակվում է, խոսվում է 1 միլիարդի առևտրաշրջանառության մասին։
- Թրամփի դիրքորոշումն Իրանի վերաբերյալ կոշտ է՝ կսկսենք բանակցությունները, եթե ընդունեք մեր նախապայմանները։ Սա ուժեղի պայման է թույլին, բայց Իրանը դեռ այս պայմանները չի ընդունել։ Հնարավոր է, որ դրա համար է Թրամփը դիմել Պուտինին՝ Իրանի հետ բանակցություններում միջնորդի դեր ստանձնելու համար։ Եթե ռուսներն իրենց վրա վերցնեն խաղաղ միջուկային ատոմի հետ կապված Իրան-ԱՄՆ բանակցությունների աշխատանքները, դա կլինի ամերիկացիների համար ընդունելի որոշակի կոմպրոմիս, որովհետև ամերիկացիները մտավախություն ունեն, որ միջուկային հետազոտությունների ժամանակ Իրանը հնարավորություն կունենա լուրջ միջուկային զենք ունենալ։ Պարսիկները կփորձեն պարսկական դիվանագիտությամբ մոտենալ այս հարցի լուծմանը։
- Աթաթուրքը մեծապես կարևորում էր, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան անմիջական կապի տարածք։ Նրանք հիմա էլ են մտածում, որ թուլացած Հայաստանի պարագայում ճիշտ ժամանակն է ստանալ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Բայց Թուրքիան չունի հնարավորություն այդ միջանցքից օգտվելու, որովհետև չունի երկաթգիծ։ Նոր են սկսել կառուցել, ավարտը կլինի 2029թ.։ 240 կմ-անոց երկաթգիծ պետք է կառուցեն բավական բարդ տեղանքում։ Ես տեսնում եմ, որ այդ երկաթգծի կառուցման աշխատանքներն ինտենսիվությամբ չեն ընթանում։ Ավելին, այդ երկաթգծի կառուցումը ադրբեջանցիներն են կարծես թե համաձայնել ֆինանսավորել, որովհետև թուրքերն այդ հնարավորությունը չունեին։ Ադրբեջանն ունի ավտոմոբիլային ճանապարհի խնդիր, որն ուզում է անպայման ստանալ։ Այլ հարց է՝ Ադրբեջանը կգնա՞ Միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու ճանապարհով, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ առանց Թուրքիայի՝ չի գնա այդ քայլին, իսկ Թուրքիան հիմա այլ խնդիրներով է զբաղված՝ Մերձավոր Արևելքում։ Հաջորդը՝ Եվրոպա-Չինաստան կապն է, այսինքն՝ միջազգային շահագրգռվածությունը։ Ամերիկացիները շահագրգռված չեն, որ Եվրոպա-Չինաստան առևտրաշրջանառության կապը լինի Ռուսաստանի տարածքով, նրանք ուզում են՝ դա լինի Միջին միջանցքով, այսինքն՝ Հարավային Կովկասով։ Զանգեզուրի միջանցքն ավելի կարճ է, հետևապես՝ ավելի հարմարավետ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են առանց հսկողության երթևեկելու համար ստանալ Զանգեզուրի միջանցքը. մի բան, որ նման պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող անել Վրաստանի նկատմամբ, այսինքն՝ երթևեկել առանց հսկողության։
- Ես չեմ կարող պնդել, որ Հարավային Կովկասը նոր աշխարհակարգում կպահպանի իր նշանակությունը նույնիսկ այդ Միջին միջանցքով, որովհետև ցամաքային ճանապարհները խոցելի կլինեն, և Չինաստանը շահագրգռված չի լինի դրանում։ Չեմ կարծում նաև, որ Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանի համար ներկա փուլում ունենա կարևոր նշանակություն։ Դա ավելի շատ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար է։
- Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ուղղված է մեր նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումները մեղմելուն։ Հայտարարություններն էլ են այդ նպատակով արվում։ Հայաստանն ավելի շատ հակված է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Թուրքիան սահմանը չի բացի, քանի դեռ ադրբեջանցիների բոլոր նախապայմանները կատարված չեն։ Ավելին, ես վստահ եմ, որ եթե անգամ այդ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ադրբեջանի հետ, Թուրքիան լիովին սահմանը չի բացի՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
- Թուրքիային պետք չէ հայ-թուրքական սահմանի բացումը, որովհետև այդտեղ նա տնտեսական շահ չունի։ Հայկական կողմը շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Իհարկե, ավելի լավ է ունենալ Թուրքիայի հետ բաց սահման, բայց մենք պետք է կարողանանք այդ սահմանը կառավարելի դարձնել, որ այն չսպառնա մեր ազգային ու պետական անվտանգությանը։ Իսկ այդ վտանգը կա:
- Իմ ընկալմամբ՝ թուրքական վերնախավի գլխում կա Բաթումի պայմանագրի մոդելը, երբ Հայաստանն իր գոյությամբ պետք է պարտական լիներ Թուրքիային։ Ներկա աշխարհակարգում դա հնարավոր չի լինի անել։ Եվ նրանք մտածում են, որ Հարավային Կովկասում ազդեցություն ունենալով, Ռուսաստանին դուրս մղելով՝ Հայաստանին դնեն իրենց ազդեցության տակ։ Այս առումով Հայաստանը պետք է դիմակայի սրան։ Դիմակայել կարող է, եթե կարողանան ոչ միայն տարածաշրջանում մեր երկրի դերը բարձրացնել, այլև ունենալ հուսալի դաշնակիցներ։
- Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ռուսաստանի կողմից միմյանց հասցեին ասվածը հռետորաբանություն է։ Տնտեսական հարաբերությունները շատ լավ զարգանում են թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ ԵԱՏՄ շրջանակում։ ՀԱՊԿ-ից մեզ ոչ ոք դուրս չի հանի։ Ես դժվարանում եմ ասել՝ Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ է Ռուսաստանի դեմ նման հայտարարություններ անում։ Կարծում եմ՝ Եվրաքվեի նախաձեռնությունը մեր քաղաքակրթական պատկանելության հարցի մասին է, բայց որևէ քայլ չի արվում։ Եվրոպայից որևէ պաշտոնական մակարդակով հայտարարություն չի եղել, չկա ոչ մի արձագանք՝ Հայաստանին ԵՄ ընդունելու մասին։ Չեմ կարծում, որ այդ գործընթացը կշարունակվի, որովհետև նոր աշխարհակարգում Եվրոպայի դերը թուլանալու է։ Որքան հասկանում եմ, Կրեմլում դա հասկանում են։
- Մենք տեսնում ենք Բաքվում գտնվող գերիների տառապանքները։ Ադրբեջանի վրա պետք է դրսից ճնշում լինի, որ Ալիևը դադարեցնի այս խայտառակությունը։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու Եվրամիության կողմից շատ կոշտ հայտարարություն լինի, միայն դա կարող է ազդել Ալիևի վրա, ինչը բարդ խնդիր է, որովհետև նրանք էլ իրենց շահերն ունեն Ադրբեջանի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները պետք է հայտարարությամբ հանդես գան: Հայաստանի պես երկիրը ոչինչ չի կարող անել։ Եթե Հայաստանը դուրս գա բանակցություններից, դա միայն ձեռնտու է Ադրբեջանին։ Նրա ինչի՞ն է պետք խաղաղության պայմանագիր կնքելը։
- Ես գիտեմ, որ Արամ կաթողիկոսը գերիների հարցով դիմել է Թրամփին, ու ես գիտեմ, որ այդ նամակը մտել է Սպիտակ տուն։ Կդրվի՞ այն Թրամփի սեղանին, թե՞ չէ, դժվար է ասել։ Խնդիրը մեր պատանդներին, ռազմագերիներին բերելն է։ Սա է հրատապը։
- ՀՀ Սահմանադրության փոփոխության նախադրյալները չեմ հասկանում։ Եթե կառավարման ձևը չի փոխվում, Սահմանադրությունն ինչո՞ւ է փոխվում։ Անկախության հռչակագրին ձեռք տալ չեն կարող։ Չեմ կարծում, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է կպչել ժողովրդի որոշմանը։ Իշխանությունները Սահմանադրություն չեն կարող փոխել։ Հանրաքվե պիտի լինի, ու որոշի ժողովուրդը։ Ինձ համար կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը, Անկախության հռչակագրի տեքստի փոփոխությունը, միջազգային հայցերը միակողմանի հետ կանչելը։
- Բաթումի պայմանագրի կնքման ժամանակ իրադրությունն այլ էր։ Հիմա մենք ունենք ռազմավարական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի։ Հայաստանի անվտանգության երաշխավորը 102-րդ ռուսական ռազմաբազան է։ Ես համոզված եմ, որ ոչ մի իշխանություն չի կարող շրջանցել աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունները։ Հայաստանը չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից, դուրս չի գալու ԵԱՏՄ-ից։ Մնացածը հռետորաբանություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։