ՔՊ-ի նորահայտ աստղը, պարելու ձիրքով նախարարը 2025թ. փակել է 38 միլիոնը` շուրջ 103.000 դոլարը գերազանցող եկամտով

ՔՊ քարոզարշավի նորահայտ աստղ, պարային ձիրքով օժտված Առողջապահության նախարար, ՔՊ-ական Անահիտ Ավանեսյանը, որն օրերս «առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար» պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, 2025 թվականը փակել է 38 միլիոն 245.752 դրամով տարեկան եկամտով։

Վերջինի մասին 168am-ը տեղեկանում է օրերս Անահիտ Ավանեսյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2025 թվականն ամփոփող այս հայտարարագրում ՔՊ-ական նախարարը նշել է Երևանում և Ղազարավանում համատեղությամբ տնօրինվող գույքերի մասին՝ բնակարան և ամառանոց, որոնք գնել են 2004 և 2015 թվականներին, ինչպես նաև՝ 2015 թվականին գնած «Ֆորդ» մակնիշի մեքենայի։

Հայտարարագրի՝ բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ աղյուսակից էլ տեղեկանում ենք, որ Ավանեսյանն իր հորից ու մորից 2011 թվականին ստացել է բաժնեմաս, որի արժեք է նշվել 1 միլիոն դրամը։

Կարդացեք նաև

Պաշտոնյայի՝ բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի՝ 2,576 դոլար, 67,000 դրամ և 14.26 եվրոն տարեվերջին կազմել է 6,28 դոլար, 6,975,296 դրամ և 0 եվրո։

Նրա հաշվետու տարվա՝ 38,245,752 դրամ եկամուտն էլ գոյացել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»-ից ստացած 26 միլիոն 362,659 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ապա նաև՝ «ԱԲՈՎՅԱՆ 39»-ից ստացած շահաբաժնի՝ 11 միլիոն 883,093 դրամի չափով։

Թե որ առևտրային կազմակերպություններում է ներկայացված նախարարն ու նրա ամուսինը․

«ԱԲՈՎՅԱՆ 39» ՍՊԸ․ Հայտարարատու/ընտանիքի անդամ՝ Անահիտ Ավանեսյան Թորգոմի (ՀՀ Առողջապահության նախարար), մասնակցության չափը՝ 50%, ձեռք բերելու ամսաթիվը՝ 21/11/2011,

«ԻԲԱՐԻ» ՍՊԸ․ Հայտարարատու/ընտանիքի անդամ՝ Ստեփան Ավանեսյան Յուրիի՝ Անահիտ Ավանեսյանի ամուսինը, մասնակցության չափը՝ 50%, ձեռք բերելու ամսաթիվը՝ 29/11/2017,

«ՀԵԼԹԻԿԱ» ՍՊԸ․ Հայտարարատու/ընտանիքի անդամ՝ Ստեփան Ավանեսյան Յուրիի, մասնակցության չափը՝ 19%, ձեռք բերելու ամսաթիվը՝ 27/03/2009,

«ՀՈԲԲԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ․ Հայտարարատու/ընտանիքի անդամ՝ Ստեփան Ավանեսյան Յուրիի, մասնակցության չափը՝ 100%, ձեռք բերելու ամսաթիվը՝ 27/11/2009։

Անահիտ Ավանեսյանը 2018 թվականից առևտրային կազմակերպությունում իր բաժնեմասի հավատարմագրային կառավարումը հանձնել է քրոջը՝ Շուշան Վարդանյանին․ պայմանագրի գործողության ժամկետ է նշվել 2026 թվականի դեկտեմբերը։

Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, դեռ չի ներկայացրել 2025 թվականի հայտարարագիրը։ Ամեն դեպքում, 168․am-ն առիթ ունեցել է գրելու, որ նախարարի ամուսնուն առնչվող «Իբարի» ՍՊԸ-ն կառավարության որոշմամբ՝ 2022 թվականին, օրինակ, ազատվել էր մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում էր 53.4 մլն դրամ:

Իսկ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող այլ հրապարակումներում էլ նշել էինք, Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիան» ու միջանկյալ մեկ այլ ընկերություն պետգնումներում շարունակում են մնալ ֆավորիտ մատակարար։

«Արֆարմացիա» ՓԲԸ-ի 31 տոկոս մասնաբաժինը 1997 թվականից պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, մյուս՝ 29.7 տոկոսը, 2015 թվականից՝ հայտնի գործարար Վաչե Մանուկյանին, իսկ որպես միջանկյալ ընկերություն է նշվում «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, որը տնօրինում է Վահան Առուշանյանը։ Հետաքրքրական է, որ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն էլ իր հերթին է առանձին ու ակտիվ մասնակցում պետական գնումներին։ Վարդանյան և Մանուկյան գործարար զույգին է պատկանում նաև «Արֆարմացիա» դեղատուն-ՍՊԸ-ն՝ նույն մասնաբաժիններով և մասնակցությամբ։

Ի դեպ, թե՛ «Արֆարմացիա», թե՛ «Ֆարմատեք» ՓԲԸ-ների ակտիվությունը պետգնումներում առավել ուշագրավ է հենց 2018-2019 թվականներից․ նրանց հիմնական պատվիրատուներն են եղել Գավառի, Գորիսի, Կապանի, Արթիկի, Գուգարքի, Վանաձորի, Վարդենիսի և այլ տարածաշրջանների բկ-ները, ՆԳ, ՊՆ և այլ նախարարությունները, Բժշկական համալսարանը, առողջության այլ կենտրոններ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031