Ալիևի համար Ղարաբաղի անվտանգության հարցը պակաս կարևոր չէ, քան տարածաշրջանի տնտեսական վերականգնումը 

Ադրբեջանի նախագահ Ալիևն Արցախի օկուպացված տարածքներ այցերի ժամանակ հարկ է համարում հետ գնալ դեպի ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներ՝ ցույց տալու, որ այդ ժամանակ իրենց պարտությունը նաև ներքաղաքական պատճառներ ուներ, որոնք, ըստ էության, կարելի է պրոյեկտել ՀՀ գործող իշխանությունների վրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում, հատկապես այն մանրամասնությամբ, որն Ալիևը ներկայացրել էր մայիսի 10-ին օկուպացված Կովսական քաղաքում  (Զանգելան)՝ վերաբնակեցված ընտանիքների հետ հանդիպմանը:

Մայիսի 28-ին Ալիևն այցելել է Շուշիի շրջան, և այս թեման ևս չի շրջանցվել: Նա վերաբնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ 1991 թվականին անկախություն են ձեռք բերել, սակայն Ադրբեջանի այդ ժամանակվա իշխանությունը չի կարողացել պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:

«Իշխանության ձգտողները փաստացի Հայաստանին հանձնեցին Շուշին, Լաչինը, իշխանության համար պայքար էր մղվում։ Այն ժամանակվա ղեկավարությունը ցանկանում էր պահպանել իշխանությունը։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ-«Մուսավաթ» տանդեմը ձգտում էր իշխանություն ունենալ ցանկացած գնով: Հաջորդող ժամանակաշրջանը նույնպես հիշում եք՝ քաղաքացիական պատերազմ, հողերի կորուստ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ հայկական կողմից Շուշիի ազատագրումից հետո ազատագրվել է նաև Լաչինի շրջանը, որից հետո «աշխարհագրական կապ հաստատվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»:

Այս համատեքստում, իհարկե, Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ հիշեցրել է Քաշաթաղի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար), Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջեբրայիլ) բարդ ռելիեֆի մասին, և, որ հայկական կողմը «ստեղծել էր 7 պաշտպանական շրջան, տեղադրել ականներ»:

Կարդացեք նաև

«Մենք ճեղքեցինք այդ պաշտպանական գծերը, և 44 օրում ստիպեցինք Հայաստանին ստորագրել կապիտուլյացիոն ակտ»,- շեշտել է Ալիևը:

Այս անգամ, իհարկե, Ադրբեջանի նախագահը, թերևս, տեղին չի համարել նշել, որ 44-օրյայի ժամանակ բարդ է եղել իրենց ուժով վերցնել Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, ուստի դա արել են քաղաքական ճանապարհով: Ավելին, նա մի առիթով նույնիսկ խոստովանել է, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը մեծաթիվ զոհերից խուսափելն էր, քանի որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու գրավել,հատկապես՝ Քարվաճառինը:

44-օրյա պատերազմի համատեքստում Բաքվի բռնապետը, սակայն, հերթական անգամ շեշտել է, որ 30 տարի ուժեր են կուտակել, հավաքել հզորություն՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմական և միջազգային հարթություններում։

«Մենք եկանք, երբ պատրաստ էինք, և եկանք այնպես, որ մեր փառահեղ հաղթանակը մեծ ռեզոնանս առաջացրեց ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ վերականգնված են։ Ձեռք բերված խաղաղությունն էլ հաստատվել է մեր պայմաններով»,- հայտարարել է Ալիևը:

168.amգրել է, որ Ալիևը հետևողական նախապատրաստվել է 2020 թվականի պատերազմին, և դրա ընթացքում օպերացիայի պլաններ են փոխվել: Հարկ է հավելել, որ անգամ 44-օրյային ուղիղ մասնակցություն ունեցած Թուրքիայի ռազմական ղեկավարությունն է խոստովանել, որ պատերազմն իրենք են սկսել, Ադրբեջանի զինվորականությունից էլ լրացրել էին, որ պատերազմը սկսելու որոշումը կայացվել է ամենահարմար պահին: Եվ, թերևս, Ադրբեջանի համար հարմար հնարավորություն ստեղծելու առումով է երեկ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանին մեղադրել 44-օրյա պատերազմի սկսման համար: Իհարկե, գուցե պետք է, ամեն դեպքում, նրբանկատ լինել նման հարցերում, բայց հաստատ գործող իշխանությունը չէ, որ այս դեպքում պետք է լինի քննադատողի դերում, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր հայտարարություններում հայկական կողմին «օկուպանտ» է հռչակում և «հաղորդում» տալիս ՀՀ զինված ուժերի դեմ:

«Եվ այսուհետ ոչ ոք չի կարող մեզ ստիպել հեռանալ այստեղից, մեր ուժը, մեր հնարավորություններն օրեցօր աճում են։ Մենք ազդեցություն ունենք տարածաշրջանում»,- ընդգծել է Ալիևը:

Այստեղ արդեն ադրբեջանական քարոզչամեքենան է «փակագծեր» բացում: Մասնավորապես, minval.az-ն իր խմբագրականում գրել է

«Բաքվի համար Ղարաբաղի անվտանգության հարցը պակաս կարևոր չէ, քան տարածաշրջանի տնտեսական վերականգնումը, քանի որ գլխավոր առաջնահերթությունը ազատագրված տարածքներ վերադարձող մարդկանց բնականոն և անվտանգ կյանքի ապահովումն է։ Այդ իսկ պատճառով քաղաքացիական ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ ձևավորվում է նաև անվտանգության ժամանակակից համակարգ։ Եվ տարածաշրջանի ամրությունը ստուգելու կամ ձևավորված իրողությունները կասկածի տակ դնելու հերթական փորձերը, ում կողմից էլ այն լինի, խստորեն կասեցվելու են»:

Դեռևս այս տարվա սկզբին հայտնել ենք, որ Ալիևը որոշել է օկուպացված Մարտակերտում ռազմական հատուկ օպերացիաների կենտրոն բացել, և հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ դրվել է օպերացիաների կենտրոնի հիմնաքարը, որին ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Կենտրոնի նպատակն է՝ տարբեր ռելիեֆներ ունեցող տեղանքներում և եղանակային պայմաններում ապահովել հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստությունը։ Բացի այս, կենտրոնում նախատեսված է միջազգային ռազմական համագործակցության շրջանակում դասընթացների և վարժանքների անցկացում։

Կառուցվելիք կենտրոնին պատկանող ընդարձակ տարածքում անցկացվելու են նաև մեծաքանակ անձնակազմով պարապմունքներ և զորավարժություններ։ Այստեղ ստեղծվելու են հրաձգային և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստության համար նախատեսված զորավարժարան, անօդաչու թռչող սարքերի, հարվածային դրոնների կիրառման, հատուկ նշանակության տարբեր օպերացիաների խաղարկման համար համապատասխան տարածքներ և այլն:

Օկուպացված Արցախի անվտանգության ապահովման համատեքստում է նաև, որ Ալիևը փորձում է շտապել ենթակառուցվածքների գյուղերում քաղաքին մոտ պայմաններ ստեղծելու հարցում, քանի որ վերաբնակիչներից շատերը Բաքվից են ուղարկվում, որտեղ ապրել են վերջին 30 տարում, և շատերը կարճ ժամանակ անց վերադառնում են այնտեղ: Այս պահի պաշտոնական տվյալներով, Ալիևին օկուպացված տարածքներում հաջողվել է բնակեցնել մոտ 8 տասնյակ մարդ, թեև ժամանակին խոսում էին մոտ 1 միլիոն փախստականի մասին:

Այսինքն, Ալիևը որքան էլ քաղաքական հայտարարություններում ասում է, որ ոչ ոք այլևս չի համարձակվի իրենց հեռացնել Ղարաբաղից, որ Հայաստանի հետ խաղաղություն է հաստատված, իսկ մեր երկրից պատերազմական հայտարարություններ չեն արվում, Ադրբեջանի նախագահը կարևորում է Արցախի ռազմական և գլոբալ անվտանգության ապահովումը: Իսկ բանակի շարունակվող հզորացումը նաև այլ պատճառներ ունի, թերևս:

«Մեր շուրջը պատերազմներ են գնում՝ և՛ հյուսիսում, և՛ հարավում, և՛ այլ վայրերում։ Վերջ կտրվի՞ այս պատերազմներին՝ ոչ ոք չգիտի։ Ինչո՞վ դրանք կավարտվեն՝ ոչ ոք չգիտի։ Ո՞վ է այս պատերազմների հաղթողը։ Սա նույնպես դժվար է ասել, ամեն մեկն ասում է՝ «հաղթողը ես եմ»»,- Շուշիի շրջանում վերաբնակիչների հետ հանդիպմանը նկատել է Ալիևը:

Ի դեպ, մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրը, Ալիևն այցելել էր 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակին նվիրված հուշահամալիր, ինչը, ըստ էության, մեսիջ է, որ աշխարհագրական առումով երկրի անվտանգության ուժեղացմամբ է, որ ամրանում է նաև երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031