Կոնյակը Փարիզո՞ւմ եք ծախելու, ծիրանն էլ՝ Անկարայո՞ւմ. բորշը էփել ես, ջարմեն քաշելու է քաղաքացին. փասափուսեդ հավաքի՛՝ գնա՛. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կժամանի։ «Արմենպրես»-ին այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը ցանկացած երկիր չի կարող զուտ աջակցություն լինել: ԱՄՆ-ը աշխարհի թիվ 1 գերտերությունն է, ես չգիտեմ՝ ինչ օրակարգով է եկել, բայց այցը համընկնում է քարոզարշավի հետ, և ՔՊ-ն կփորձի այցը ներկայացնել՝ որպես Փաշինյանին աջակցություն: Վենսն էլ աջակցեց Օրբանին, ինչից հետո Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց: Տարոսը Նիկոլ Փաշինյանին: Որևէ նոր իշխանություն չի կարող անտեսել ԱՄՆ գործոնը, բայց մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի շահով: Դրա համար հունիսի 7-ին պետք է գնալ ընտրության, մերժել Փաշինյանին, դրանից հետո ձևավորված իշխանությունը կհամագործակցի և՛ Ռուբիոյի, և՛ Թրամփի, և՛ մյուսների հետ:

Հիշեցնենք. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում ունեցած ելույթի ժամանակ գովաբանել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ասելով, որ նա «լավ աշխատանք է կատարում, որովհետև իսկապես դա անում է» և «շատ, շատ կարևոր գործընկեր է խաղաղության համար պայքարում»: Վենսի խոսքով՝ «եվրոպական քաղաքական մայրաքաղաքների մեծ մասն այնքան էլ օգտակար չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործին, որքան Վիկտոր Օրբանը»։
- Այսօր Հայաստանում ամենացնցող լուրը 48 ժամ է ապրում: Ջեյ դի Վենսը եկավ, մոռացվեց, Հայաստանում ԵՄ մի քանի տասնյակ երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողով տեղի ունեցավ, դա էլ մոռացվեց: Մանավանդ հիմա, երբ քարոզարշավը թևակոխել է շատ սուր փուլ, Մարկո Ռուբիո՞ն կգա, թե՞ մեկ այլ մարդ, ազդեցություն չի ունենալու:
- Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասի՝ ինքը Պուտինի հետ ունի փայլուն հարաբերություններ, իսկ ԵԱՏՄ-ում էլ ինքն «ավտարիտետ» է, հյուսիսից հնչող հայտարարություններն այլ բանի մասին են խոսում: Ես Փաշինյանի կենացներով չեմ առաջնորդվում, այլ փաստերով: Փաշինյանն էր ասում՝ ձեռքերս կկտրեմ, Տավուշից մի սմ հող չեմ տա, ասում էր՝ անկլավների հարց չկա, հիմա ասում են՝ տալու ենք: Հիմա նա ասում է բաներ, որոնք ո՛չ իր խելքի, ո՛չ հնարավորությունների բանը չեն, առհասարակ Հայաստանի ոչ մի ղեկավարի լուծելու հարցեր չեն:
- Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է դարձել ՀՀԿ-ի ու անձամբ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով: Մենք ենք դա բանակցել: Ռուսաստանի տնտեսության համար՝ կլինի՞ Հայաստանը ԵԱՏՄ անդամ, թե՞ չէ, այդքան մեծ նշանակություն չունի, որքան Հայաստանի համար: Հայաստանի արտադրանքի 70%-ն իրացվում է ԵԱՏՄ տարածքում: ԵԱՏՄ անդամ դառնալը պատմական որոշում էր, ժամանակին և՛ Ալիևն էր խոչընդոտում դրան, և՛ Լուկաշենկոն ու Ղազախստանի ղեկավար Նազարբաևը: Մի բան ակնհայտ է, փաստ է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր շահերից էր բխում: Ես չեմ կարծում, որ այս փուլում կգնան հեղափոխական քայլերի ու կհեռացնեն Հայաստանին ԵԱՏՄ-ից, բայց որ հայ-ռուսական հարաբերություններում արշալույսները խաղաղ չեն, ակնհայտ է: Ասում է՝ 200 անգամ խոսել եմ Պուտինի հետ: : Մի՛ խոսիր, այ ընկեր, եթե ամեն խոսելուցդ հետո վիճակը վատանալու է… Հիմա որ ծաղիկները չեն թողնում տանեն, «Ջերմուկն» արգելել են, ո՞ւմ խնդիրն է, Փաշինյանինը չէ՞: Կամ, որ ասում են՝ ընդդիմությունն է անում, որ չթողնեն՝ տանեն Ռուսաստան: Մի կոպեկի խելք չունեն… եթե Ռուսաստանում ու ԵԱՏՄ-ում ընդդիմության խոսքին ավելի շատ են հավատում, քան Փաշինյանի, փասափուսեդ հավաքի՛ր՝ գնա՛, դու ի՞նչ գործ ունես էդ պոստին:

- Ծիծաղելի է, որ ատոմային պետության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալին՝ Դմիտրի Մեդվեդևին, որը նաև էդ երկրի վարչապետ ու նախագահ է եղել, ՀՀ ԱԳ նախարարն ասում է՝ իրավիճակին չի տիրապետում: Բա որ Մեդվեդևը չի տիրապետում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին, ո՞վ է տիրապետում: Բա եթե ամեն ինչ լավ է, պրոբլեմ չունեք, ինչո՞ւ են Ռուսաստանից այլ բան ասում, ինչո՞ւ են մեր ապրանքները մնում սահմանին, ինչո՞ւ եք մեր ընդդիմադիր գործիչներին ասում՝ Կրեմլի ագենտ:
- Պետք չի, որ մեզ Ռուսաստանից դասեր տան: 2018թ.-ից պայքարում ենք, ամեն ինչ շատ լավ գիտենք: Արցախ ուրացողը հայ-ռուսական հարաբերություններն ի՞նչ են, որ չուրանա: Ես չէի ասում, չէ՞, «Он не предатель»: ՀՀԿ-ն անկախական կուսակցություն է, մեզ ոչ մի տեղից թող չուղղորդեն:
- Ես որպես ՀՀ նախկին պաշտոնյա՝ ռուս պաշտոնյաներին կոչ եմ անում սանկցիաների, կտրուկ քայլերի չդիմել: Որովհետև բորշը եփել է Փաշինյանը, բայց ջարմեն քաշելու է շարքային քաղաքացին, ով դրանից տուժելու է: Նիկոլ Փաշինյանը սեփական գրպանի պես լափում է բյուջեն, ինքը հաց առնելու, մեքենան բենզին լցնելու, կոմունալները վճարելու, վարկերը փակելու խնդիր չունի: Տուժելու է շարքային քաղաքացին, և, բացի դրանից, դա կարող է Արևմուտքը կոնսոլիդացնել Փաշինյանի շուրջ:
- Եթե Փաշինյանը վերընտրվեց, և լինի այս իրավիճակը՝ ԵԱՏՄ շուկայի հետ կապված, աշնանն ու ձմռանը կանգնելու ենք տնտեսական կոլապսի առաջ: Մեզ սպասելու են շատ ծանր օրեր: Գազի գնի հետ թանկանալու է հացը, տրանսպորտը, ամեն ինչ: Եթե մարդիկ եվրասիական շուկա չկարողանան իրենց արտադրանքը հանել, հայկական կոնյակը որտե՞ղ եք վաճառելու՝ Փարիզո՞ւմ, ծիրանն էլ՝ Անկարայո՞ւմ:
- Արևմուտքի համար Հայաստանը пушечное мясо է, հակառուսաստան: Այն, ինչ չարեց Վրաստանը, անում են այստեղ: Հիշում եք, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրում խնդիրներ են սկսվել այն բանից հետո, երբ այն հրաժարվել է Արևմուտքի հրահանգով Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց։ Վրաստանը պահեց իր ազգային շահը, անցան Հայաստանին, իսկ թե դրանից հետո Հայաստանից ի՞նչ կմնա, իրենց չի հետաքրքրում: Դա նրանք չեն էլ թաքցնում: Իրենց նպատակը Հայաստանը հակառուսական պլացդարմ դարձնելն է: Չի կարելի որևէ պետության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետության հետ, ում հետ ունես դաշնակցային ու պատմական հարաբերություններ, թշնամացնել հարաբերությունները: Չի կարելի վատացնել հարաբերություններն անգամ Թուրքիայի հետ: Մեր խնդիրը եղածը պահելն է, իսկ դա հնարավոր է միայն, եթե հունիսի 7-ին ՔՊ-ն չվերընտրվի:
- Նիկոլ Փաշինյանի միջոցով Արևմուտքն ու Թուրքիան փորձում են Հայաստանից հեռացնել Ռուսաստանի դերակատարությունը ու Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս: Սա իրականություն կդառնա Փաշինյանի վերարտադրության պարագայում: Մենք այստեղ մեծ ընտրություն չունենք: Պիտի ընտրեն՝ դառնալ կա՛մ Ռուսաստանի դաշնակիցը, կա՛մ Թուրքիայի նոքյարը: Խաբում է, ժողովուրդ ջան. Ոչ մեկը ձեզ Եվրամիությունում չի սպասում: Սկի Ուկրաինային ու Թուրքիային չեն սպասում, ով 1999թ.-ից ասոցացված անդամ է, ձեզ ո՞նց սպասեն: Թուրքիային պետք է, որ իր ու Ռուսաստանի արանքում Կովկասում լինեն բուֆերային պետություններ: Մենք դա՞ ենք ուզում: Ես չեմ հասկանում այս հիստերիկ հակառուսականությունը:
- Մեր երեխաներին Արցախում ո՞վ է սպանել՝ թուրքական բայրաքթարնե՞րը չեն եղել: Նիկոլը, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայ ժողովրդի՞ց էր հարցրել, թե՞ դաշնակիցներից: Մակրոնն ու Շառլ Միշելն Արցախը հանձնելու թամադաներն են, քավորն Էրդողանն էր:

- Վիզաների ազատականացումը նախատեսված էր 2017թ. Սերժ Սարգսյանի իշխանության կողմից կնքված CEPA-ով, որը վավերացված է ԵՄ անդամ խորհրդարանների կողմից, և որը սրանք սկի չեն էլ իմպլեմենտացրել: Սկի դա չեն կարողանում անել, վիզաներն ե՞ն ազատականացնելու: Երեկ ասում էր՝ 2 տարուց վիզաներն ազատ կլինեն, 2021թ.-ին էլ ասում էր՝ գերիները 2 ամսից կվերադառնան, վերադարձա՞ն…
- Ինչի՞ չպետք է Ալիևն աջակցի Փաշինյանին, եթե նա ինչ ասում է, սա անում է: Փաշինյանն անգամ Ցեղասպանության հանցակցությունն է Թուրքիայի վրայից գցում՝ մեղքը՝ դնելով գերտերությունների վրա: Ապրիլի 24-ի ուղերձը կարդացե՛ք, խայտառակություն էր: Տպավորություն էր, որ այդ տեքստը գրել էր Էրդողանը: Ալիևը նվեր է գտել, պետք է իր նվերին օգնի:
- ՀԱՊԿ-ի դեմ որ Նիկոլը սենց արշավ է անում, պրոբլեմը ՀԱՊԿ-ը չէ: Որ պրոբլեմը ՀԱՊԿ-ը լիներ, Նիկոլը չէր գնա ՀԱՊԿ-ի անդամ երկրի ղեկավար Տոկաևից բարձրագույն պարգև ստանար: Ես չեմ տեսել, որ ՀԱՊԿ-ում մի հակաադրբեջանական բան լիներ, ու Ղազախստանը չխառնվեր: Բա ինչի՞ գնաց, Ղազախստանից պարգև ստացավ… Որովհետև խնդիրը ՀԱՊԿ-ը չէ իր համար, այլ Ռուսաստանը: Էդ մարդը եկել է Ռուսաստանին այստեղից հանելու համար: Այդ մեծ օպերայի մեջ Արցախը պետք է հանձնվեր: Հիշեք, որ Փաշինյանն էր ասել՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում սպառնալիք է:
- Էդ ո՞նց է՝ Լուկաշենկոյին քննադատում եք, որ Ադրբեջանին աջակցել է, ի դեպ, միգուցե արդարացի, բա Զելենսկուն ինչի՞ չեք քննադատում: Տասնապատիկ անգամ ավել Զելենսկին է աջակցել Ալիևին: Էդ օրերին Կիևի փողոցները ողողված էին Ադրբեջանի դրոշներով: Ի տարբերություն ՔՊ-ականների՝ ինձ համար տարբերություն չկա՝ ով է ոտնահարում իմ պետության շահը:
- Դեռևս ապրիլի 4-ին՝ ՀՀԿ համագումարի ժամանակ, մենք ասել ենք՝ ընտրությունները կեղծվում են, որովհետև ընտրությունները միայն քվեարկության օրը չէ, այլ նախընտրական ու հետընտրական շրջանը ևս: Նախ Փաշինյանը պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին, բազմաթիվ մարդիկ, ընդհուպ՝ հոգևորականներ, կալանավորվում են շինծու գործերով, ընդդիմադիր ամենալոկոմոտիվ ուժի, գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, տնից դուրս չի կարողանում գալ, նորմալ քարոզարշավ անել: Ինչքա՞ն էդ մարդն իր տանը պետք է մարդիկ ընդունի: Մեր իշխանության ժամանակ լիներ, հիմա եվրոպական կառույցները մեզ կուտեին: Մեզ էին ասում՝ տեսնո՞ւմ եք, ինչ սանձարձակ կերպով է չարաշահվում վարչական ռեսուրսը: Ժողովուրդ ջան, գիտեմ, չեք կարող չգնալ, գործից կհանեն, բայց հունիսի 7-ին գնացե՛ք, ազատ կամքով ընտրություն արեք: Իհարկե, ընտրություններն արդեն իսկ կեղծվում են: Բայց առնվազն 3-4 ուժ կա, որ ռեալ շանսեր ունեն Խորհրդարան անցնելու, ժողովուրդը պետք է ձայն տա նրանցից մեկին:

- Մոլդովայի ժողովուրդը Մայա Սանդուին ձայն չի տվել. նա ընտրվել է դրսի ձայներով: Հայաստանի ժողովուրդն ընտրելու է միայն Հայաստանում: Գնացե՛ք ու ձա՛յն տվեք այն ուժին, ով չի հանձնել Արցախը, ով չի կռացել Ալիևի ու Էրդողանի պահանջների ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում:



