Ճնշումներ Պուտինից, խաղադրույքներ՝ Թրամփից․ տարբեր նպատակնե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մեծ բլեֆ
Հայ-ռուսական հարաբերություններն այս օրերին անցնում են աննախադեպ արագ ու դրամատիկ տրանսֆորմացիայի միջով։ Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը թե հայտարարություններով է զգուշացնում, թե պաշտոնական նամակով հաղորդել է էներգակիրների գնի հնարավոր հետագա փոփոխության մասին, խնդիրներ են առաջացել դեպի Ռուսաստան հայաստանյան ապրանքի արտահանման հարցում, մի շարք արտադրանքներ՝ մինչև անգամ՝արգելվել, նախօրեին ՀՀ-ի ԵԱՏՄ ապագայի վերաբերյալ միասնական դիրքորոշում հայտնեց նաև ԵԱՏՄ-ն, այսօր էլ հայտնի դարձավ՝ խորհրդակցությունների նպատակով ՌԴ է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ըստ էության, ԵԱՏՄ-ն վերջնագիր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին։
ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները, Հայաստանի եվրաինտեգրման օրակարգի ու ԵԱՏՄ անհամատեղելիության վերաբերյալ միևնույն դիրքորոշումն ունենալով, Հայաստանին ուղիղ տեղեկացրին՝ գալիք դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևն ու Ժափարովը պնդում են, թե Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական անվտանգության «էական ռիսկեր են պարունակում» և առաջարկում հանրաքվե անցկացնել։ Ուշագրավն այն է, որ չնայած ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսով են որոշում, ԵԱՏՄ անդամ հեռացնելու որևէ իրավական գործիք չկա, սակայն ԵԱՏՄ ղեկավարներն անվարանել խոսեցին Հայաստանի համար ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավորության մասին։ Ընդ որում, հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ չնայած ԵԱՏՄ ընդլայնված կազմով հրապարակային նիստին ԵԱՏՄ որևէ ղեկավար Հայաստանի հարցը չքննարկեց, այն քննարկվել է փակ դռների ետևում և բավականին կոշտ բառապաշարով՝ ներկայացնելով ԵԱՏՄ դիրքորոշումը նիստին ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, հասկացնելով, որ այլևս չեն հանդուրժելու ՀՀ-ի ԵՄ անդամակցության քաղաքականությունը, պետք է լինի «կամ այս կողմ, կամ՝ այն»։
Նիկոլ Փաշինյանն, ով օրերս հայտարարում էր, թե թույլ չի տա Լուկաշենկոյին ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ, դեռևս չի մեկնաբանել ԵԱՏՄ վերջնագիրը։ Փաշինյանի երբեմն-երբեմն հղումները Լուկաշենկոյին շատ հետաքրքրական են հատկապես այն համատեքստում, երբ Հայաստանի դեմ միջոցներ է կիրառում ոչ թե Բելառուսը, այլ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով։ Ակնհայտ է նաև, որ ԵԱՏՄ միասնական հայտարարությունը ռուսական կողմի նախաձեռնությունն է, սակայն Ռուսաստանի ղեկավարի մասին խոսելիս նշում է, որ ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ։
Մինչ Ռուսաստանն էական ճնշումներ է բանեցնում ՀՀ իշխանությունների նկատմամբ, արևմտյան ԶԼՄ-ները, տարատեսակ աղբյուրները Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի օրակարգի թեման են զարգացնում՝ գրելով ռուսական լրտեսների, ՌԴ-ից միջամտությունների և այլնի մասին։ Ռոյթերս լրատվական գործակալությունն էլ օրերս նյութ էր պատրաստել այն մասին, որ Մոսկվան ձգտում է ազդել հայաստանյան ընտրության արդյունքի վրա: Ըստ գործակալության, իրենց մի քանի աղբյուրից հայտնել են, որ Կրեմլն ամեն գնով փորձում է կանխել Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում:
Արտաքին ուժերի կողմից հայաստանյան ընտրական գործընթացների հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը դուրս է եկել ավանդական դրսևորումների շրջանակից։ Խոշոր աշխարհաքաղաքական դերակատարներն այսօր կիրառում են հստակ ինստիտուցիոնալ գործիքակազմեր՝ իրենց քաղաքականությունն ու շահերն առաջ մղելու համար։ Մոսկվան օգտագործում է տնտեսական ու նյութական անմիջական լծակներ՝ էներգակիրների գնի վերանայման ազդակներից՝ մինչև հայկական ապրանքների արգելքը։ Հակակշիռ բևեռում գործի է դրվում քաղաքական-դիվանագիտական «փափուկ ուժը»։
Գործող իշխանությանն աջակցությունն այսօր ունի եվրոպական և ամերիկյան մակարդակ, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ուղղակի քաղաքական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Արևմտյան մեդիահարթակների անդրադարձները ևս լրացնում են այս ֆոնը՝ ձևավորելով արտաքին հովանավորչության պատկեր։
Սակայն ամենաուշագրավն այն է, որի վրա ուշադրություն են հրավիրում նաև քաղաքական վերլուծաբանները Ռուսաստանում, թե ինչու է նման հրապարակային վերջնագրերով ու քայլերով Ռուսաստանը հարստացնում հենց Արևմուտքի և Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզերն ու օրակարգը։ Կրեմլի ցանկացած կտրուկ գործողություն գործող իշխանության և հատկապես Փաշինյանի ձեռքին, հաշվի առնելով նրա ոճը, վերածվում է փաստարկի, որ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։ Ստացվում է մի իրավիճակ, որտեղ Մոսկվան իր քայլերով լեգիտիմացնում է Երևանի հակառուսական հռետորաբանությունը և արդարացնում դեպի արևմտյան բևեռ գնալու քաղաքականությունը։
Սա տրամաբանական հարց է առաջացնում՝ ինչո՞ւ է ռուսական կողմը հենց հիմա և նման ծավալով գնում ճնշումների, որոնք երբեմն հակառակ արդյունքն են տալիս։ Ռուսաստանցի վերլուծաբանները հիշեցնում են Ռուսաստանի գազային տեռորը նաև այլ երկրների դեպքում և պնդում, որ ունենալով մի շարք երկրների փորձը, Ռուսաստանը պետք է այլ ճանապարհով ընթանար Հայաստանի դեպքում։
Ուղղակի արտաքին հարվածները ոչ միշտ են հասարակությանը մղում իշխանության քննադատության, այլ սովորաբար մոբիլիզացնում են հասարակությանը՝ ստիպելով համախմբվել սեփական իշխանության շուրջ՝ հանուն ինքնիշխանության։ Նման բացահայտ ու կոպիտ քայլերը հաճախ ստեղծում են հակադարձ էֆեկտ՝ Փաշինյանին հնարավորություն տալով ընտրություններում ուժեղացնել սուվերենությունը պաշտպանելու անհրաժեշտության խոսույթը։
Ավելին՝ չի բացառվում, որ Վաշինգտոնն ու Մոսկվան, իրենց հակադիր գործիքակազմերով, Փաշինյանի մասով ստանան աշխարհաքաղաքական միևնույն արդյունքը։



