
Հետին թվով խելոք պետք չէ լինել. 2018-ին ՀՀԿ-ի կողքը կանգնեիք, ոչ թե Նիկոլի. միայն մեզնով չի լինի և առանց մեզ էլ չի լինի. Արտակ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայաստանի առաջ զենք ձեռք բերելիս երբեք որևէ պահանջ չի դրվել, բացի նրանից, որ մենք այդ զենքը երրորդ երկրներին չպետք է վաճառենք։ Այսինքն՝ մեզ հավաստագիր են տվել, որ այդ զենքը մեր պաշտպանության համար է։ Ես չեմ հավատում, որ Հնդկաստանը կամ Ռուսաստանը, Ֆրանսիան Նիկոլի առաջ պայման են դրել Արարատ սարի անունը փոխել, որ զենք վաճառեն մեզ: Դա անհնար է, չի կարող լինել նման բան: Դա Նիկոլ Փաշինյանի թուլամորթ բնույթն է։ Փորձում են մեր բիբլիական լեռան մասին հիշողությունը վերացնել, վերացնել ինքնության հետ կապված բոլոր էլեմենտները՝ սպառողական հասարակություն ձևավորելու համար։ Դրանով իսկ նրանք վերացնում են հայ ժողովրդի պահանջատիրությունը։
Եթե Փաշինյանը որոշել է Թուրքիայից զենք բերել, ապա Արարատի անունը չտալու տրամաբանությունը կարող էր տեղ ունենար։ Բայց քանի որ Թուրքիան մեզ երբեք զենք չի վաճառի, նման անհեթեթություններ հայտարարում է՝ իր կապիտուլյացիոն բնույթն առաջ մղելու համար։
- Ես չեմ զարմանում, որ Մակրոնի ու Շառլ Միշելի խաթր Արցախից հրաժարվողը հիմա հրաժարվում է մեր ազգային սիմվոլներից։ Վաղն էլ Սահմանադրությունից կհանեն Հայ Առաքելական եկեղեցու՝ առանցքային դերի մասին դրույթը։
- Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում 4 լայնածավալ ռազմական ագրեսիա է եղել։ Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել մեր ժողովրդի առաջ ծառացած անվտանգային խնդիրներն ու այդ բեռը դնում են ժողովրդի վրա՝ բանակը թուլացնել, Ադրբեջանին թույլ տալ վերահսկել մեր զենքերի ձեռքբերումը, ինչ ուզում են՝ տանք, Սահմանադրությունը փոխենք, միայն թե Ադրբեջանը չհարձակվի… Պատերազմով սեփական ժողովրդին վախեցնող իշխանությունն ասում է մի բան՝ ես չեմ ուզում կամ չեմ կարողանում պաշտպանել ձեր իրավունքները ձեր իսկ սուվերեն տարածքի վրա։
- Մարդը պետք է մի պահ կանգ առնի ու թացը չորից ջոկի։
- 5 տարի երկիրը կառավարվել է Նիկոլ Փաշինյանի ճաշակով ու պատկերացումներով։ Չի եղել մի փաստաթուղթ, որով կառաջնորդվեն պետության առաջ դրված խնդիրները լուծելիս։ Խոսքը ռազմավարական փաստաթղթի մասին է։
- Հայ ժողովուրդը պետք է հետևություն անի՝ իրեն իր երեխայի ապագա՞ն է հետաքրքիր, թե՞ տարբեր տրանսազգային կազմակերպություններին ծառայելը։
- Թրամփի՝ Կոնգրեսում ունեցած ելույթն ուղերձ էր նաև մեզ նման պետություններին։ Մենք Հայաստանի բոլոր 3 նախագահների կառավարման տարիներին միշտ եղել ենք խոշոր տերությունների հակասությունների միջանկյալ տիրույթում։ Միշտ կար այդ տիրույթը, որտեղ տեղավորվում էին մեր տիպի երկրները՝ սպասարկելով ազգային շահեր այդ հակասությունների արանքում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե օգտվել է դրանից, այլ կատարել այն, ինչ իրեն պարտադրել են։ Բայց պարադոքսն այն է, որ ժողովուրդն էլ չի ասում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում, որովհետև մեր ժողովրդի մեջ էլ էին սերմանել՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ը։ Տվեցին, բայց հանգիստ չենք ապրում։
- Ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը կարևոր է Թրամփի համար։ Ակնհայտ է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու հնարավորություն, և ակնհայտ է, որ կա սպառնալիք՝ Իրանի դեմ հարձակման։ Կան սպառնալիքներ մեզ համար, բայց նաև կան հնարավորություններ։ Եվ այս պարագայում արդյո՞ք Նիկոլի իշխանությունն այն իշխանությունն է, որը պետք է օգտվի դրանից՝ հանուն մեր պետական, ազգային շահի։ Իհարկե ոչ։ Արդյո՞ք Թրամփի կառավարության համար Նիկոլը կարող է վստահելի լինել։ Իհարկե ոչ: Արդյո՞ք Մակրոնի Ֆրանսիան այս իրավիճակում կարողանալու է որևէ բան անել մեզ համար։ Իհարկե ոչ: Արդյո՞ք նոր իրավիճակում Մեծ Բրիտանիայի կողմից ավելի չեն անտեսվելու Հայաստանի շահերը։ Իհարկե անտեսվելու են: Արդյո՞ք ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից հետո Պուտինի կառավարությունը շարունակելու է հանդուրժել հակառուսականության քարոզիչ, եվրաքվե իրականացնող Նիկոլի գործողությունները։ Իհարկե ոչ:
- Հիմա էլ Հայաստանի համար ուշ չէ… Ուշացած է, բայց ուշ չէ։ Կարող ենք շատ հարցեր լուծել ազգային իշխանություն ունենալու պարագայում, այդ թվում՝ արցախցիների վերադարձի հարցը։
- Թուրքիայում փորձագիտական շրջանակներում անցկացված հարցման ժամանակ Թուրքիան իր համար որպես սպառնալիք է դիտարկում ԱՄՆ-ին՝ 53%, 19%-ը՝ Իսրայելին, 3%-ը՝ Ռուսաստանին։ Այս թվերը, կախված իրադարձությունների զարգացումից, կարող են փոխվել։ Բայց ինչո՞ւ աշխարհը չի կարող Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգ բերել՝ Թուրքիային զսպելու համար։
- Իսրայելի դեսպանություն մենք կարող էինք բացել մի դեպքում, եթե Իսրայելն էլ այստեղ բացեր դեսպանություն։ Հիմա այնտեղ կա մեր դեսպանությունը, բայց ինչո՞վ է զբաղվում։
- Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է լաստանավի՝ ալիքների վրա այս ու այն կողմ շպրտվող։ Չկա որևէ խարիսխ, ու սրա պատճառը Նիկոլն է։ Ի՞նչ արեցին Եվրաքվեի նախագծի հետ․ աղմուկ արեցին, ստորագրահավաք արեցին, բերեցին Խորհրդարան, առաջին ընթերցումն անցավ, երկրորդից առաջ հանեցին։
- Քանի որ Եվրաքվեի հարցն առանցքային հարց է, ձեռնպահ քվեարկելը դիրքորոշում չէ։ Դեմ-ը և կողմ-ը դիրքորոշումներ են։ ՀՀԿ-ն խնդիր չունի Եվրոպային դուր գալ։ Սա Հայաստանի համար արխիկարևոր խնդիրներից է, որտեղից հետևություններ են անում։ Վրաստանը, որ հստակ դեպի Եվրոպա էր գնում, ի՞նչ ասաց՝ մի բախեք մեր անվտանգությունն ու եվրոպական ճանապարհը։ Եթե Եվրոպա մտնելու գինը մեր անվտանգությունը պետք է լինի, մեզ պետք չէ նման Եվրոպան։
- Հետին թվով խելոք պետք չէ լինել։ Էն մարդիկ, ովքեր ասում էին՝ կրակեիք, սրանք չգային իշխանության, թող էն ժամանակ գային, մեր կողքը կանգնեին, ասեին՝ 3 միլիոնը սխալ է, 55-ն են ճիշտ։ 2018-ին տեղի ունեցածը մեր դեմ շարժում չէր, Հայաստանի ու մեր անվտանգության դեմ շարժում էր՝ պայմանավորված մարդկանց մերկանտիլ շահերով։ Հիմա բոլորը հասկացել են, որ սխալվել են, եկել է սխալներն ընդունելու ժամանակը։ Չեն ուզում ընդունել։ Ու դա հասկանալի է։ Ցավոք, ՀՀԿ-ն ճիշտ դուրս եկավ։ Մենք չենք ուրախանում, ու մեր քաղաքական կապիտալն այն չէ, որ մարդկանց աչքը մտցնենք՝ ասելով՝ դուք սխալ էիք։ Մենք ասում ենք՝ հետևություն արեք։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը։ Մարդն ասում էր՝ այս իրավիճակն ունի մի քանի լուծում, որոնցից ոչ մեկին ես չեմ գնա։ Այսինքն՝ ասում էր՝ կարող եմ կրակել, բայց չեմ անի։ Ինչո՞ւ… Որովհետև ամեն ինչ շուռ կգար մեր երկրի դեմ։ Հրաժարականի խոսքը Սերժ Սարգսյանն ավարտեց հետևյալ մտքով՝ ես կատարում եմ ձեր բոլորի պահանջը, որովհետև բոլորն էին պահանջում, բո-լո-րը…
- Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր ընդդիմադիրներին ու հավատում եմ՝ բոլորն ունեն մեկ խնդիր՝ Նիկոլի հեռացումը։ Անխտիր բոլոր ընդդիմադիրները պետք է ստեղծեն համագործակցային միջավայր՝ մեր ինքնության, անվտանգության դեմ կանգնած խնդիրները լուծելու համար։ Մեր ժողովուրդը շատ ավելի արագ է ճիշտ ճանապարհի որոնման աշխատանքներում, քան որոշ քաղաքական ուժեր։ Հարցեր են բարձրացվել, էդ հարցերին պետք է ոչ թե սվիններով մոտենալ, այլ աշխատել առկա խնդիրներն ի մի բերելու ուղղությամբ։ Հիմա կոլեկտիվ պատասխանատվության ժամանակն է, ու դա չի կարելի վերածել կոլեկտիվ անպատասխանատվության։
- Չեմ զարմանա, որ ինչ-որ ժամանակ հետո ՔՊ-ն դեմ քվեարկի Եվրաքվեի նախագծին կամ ընդհանրապես հանի օրակարգից։ Պետք է առաջնորդվել ոչ թե պահի թելադրանքով, այլ երկարաժամկետ հեռանկարով։ Աշխարհն էլ է լուրջ վերաբերվում սկզբունքային պետություններին։
- Կարծում եմ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Փաշինյանի հետ համագործակցության եզրեր այլևս չեն տեսնում։
- Պետք չէր պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ընդամենը պետք էր ուղեղ ունենալ։
- Ինչի դժվա՞ր էր այնպես անել, որ հատուկ ծառայություններդ Արցախից մի քանի մարդ բերեին Հայաստան ու միայն նրանց՝ այստեղ գտնվելուց հետո դա իմացվեր, որ գերի չընկնեին։
- Բաքվի շինծու դատավարությունը նախ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ է, ապա դրանով Հայաստանը պահում են աքցանների դեմ։ Ադրբեջանի խնդիրը Հայաստանի դեմ է։
- Հիմա ՔՊ-ում էլ չեն հավատում Նիկոլին, ոչ ոք չի հավատում, ինչի՞ պիտի Ադրբեջանը հավատա։
- Չպետք է թույլ տալ, որ լույսը մարեն, ինչպես արվեց 2018թթ.։ Հարգում եմ բոլոր ազգային ուժերին, բայց բոլորը պիտի իմանան՝ միայն մեզնով չի լինի, առանց մեզ նույնպես չի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։