Ասելու են՝ պապայիդ պարտքը փակի, նոր արի. սա թոկ է ժողովրդի վզին. Ի՞ՆՉ ՓՈՂ Է ՊՏՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Նաիրի Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ռուսաստանի տնտեսական գործիքակազմը, որը նա կիրառում է Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանության ապիկար կառավարման հետևանքն է: Ռուսաստանի կողմից կիրառվող սանկցիաներում քաղաքական բաղադրիչը, այո՛, կա, բայց միայն դա չէ: Երկու օր առաջ Հայաստանում հրապարակվեցին տվյալներ, որ մեր արտադրած մթերքի մեջ թունաքիմիկատների մակարդակը շատ է: Լավ, Ռուսաստանը, Բելառուսը կամ եվրոպական որևէ երկիր իրավունք ունեն չընդունել դա, կամ մենք իրավունք ունե՞նք այդ սնունդն ուտել: 
  • Իսկ միգուցե Հայաստանում ջրի թունավորումները թշնամական դիվերսիայի՞ հետևանք են: Այստեղ պաշտպանության նախարարությունն ու իրավապահ մարմիններն էլ գործ ունեն, թե չէ Առողջապահության նախարարությունը միայն փողի վրա է կենտրոնացել: 
  • Փաշինյանին մեր գյուղատնտեսության, դրա անկման տվյալները չեն հետաքրքրում: Նրա համար լավագույն տարբերակը քաոսի ստեղծումն է:
  • 2016թ. Հյաստանում գործող բանկերի համընդհանուր շահույթը եղել է 33 միլիարդ, 2026-ին արդեն եղել է 423 միլիարդ. շուրջ 13 անգամ աճել է: Տնային տնտեսությունները 2016թ. ունեցել են 780 միլիարդ դրամի սպառողական վարկ, այժմ ունեն 4 տրիլիոն դրամի. հիփոթեքային վարկերը նույնպես աճել են: Փաշինյանը նախադրյալներ է ստեղծում բանկերի կողմից ՀՀ քաղաքացիների ապագա եկամուտները կառավարելու համար: Բացի նրանից, որ գնաճով մարդկանց սպառումն առաջանցիկ կերպով թանկացրել են, մի հատ էլ կանխորոշված է նրանց ապագա ծախսերը: Մարդիկ սպառողական վարկ են վերցնում վարկ փակելու համար: Բանկերն արդեն որոշել են, որ մարդկանց առաջիկա 10 տարիների աշխատավարձերն իրենցն են: Վարկ պիտի փակեն. պայմանագրերն արդեն կնքված են:

Կարդացեք նաև

  • Առևտրային օբյեկտների, ռեստորան-սրճարանների, ծառայություններ մատուցողների, անշարժ գույքերի արժեքները շարունակաբար թանկանում են: Ռուսաստանից մի փոքր ռելոկացիա է լինում, անշարժ գույքի վարձակալության գները հասնում են դրանց ձեռքբերման գներին:
  • Թոկը գցում են հայ ժողովրդի վզին ու առաջիկա 15-20 տարիների համար որոշում՝ ուր են գնալու նրանց եկամուտները: Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ տրանսպորտը թանկացնելու են. նոր վարկ կվերցնեն, պետական պարտքը կկրկնապատկեն, դա նրանց չի հետաքրքրում: Վաղը մեզ այն օրի են հասցնելու, որ պատկերավոր ասած՝ վաղը որ գնանք խանութ, մեզ ասեն՝ պապայիդ պարտքը կփակես, նոր կգաս, առևտուր կանես:
  • Տեսնում եք՝ Փաշինյանն ինչեր է ասում Ազգային ժողովում՝ կունեզրկեմ, շորերներդ կհանեմ, կկզացնեմ, կբոմժացնեմ… Սա անամոթությո՛ւն է: Կառավարության ցանկացած գործողություն ուղերձ է՝ և՛ բիզնեսին, և՛ հասարակությանը: Ասում է՝ խելոք մնացեք, թե չէ…
  • Բիզնեսը մի օրում չի ստեղծվում, մարդիկ երկար տարիներ ու մեջ ջանքերով, ներդրումներով են այն ստեղծում: Մարդիկ պատրաստ չեն դատարաններում 7 և ավելի տարի կռիվ տան, որ իրենց բիզնեսը վերականգնեն: Առավել ևս, որ Հայաստանում արդարադատություն չկա, մեկ մարդ է դատարանների որոշումների մեծ մասը կայացնում… Դրա համար շատերը սուս են մնում: Բիզնեսն ու հատկապես շարքային քաղաքացին անգամ դատարանում իր իրավունքները չի կարող պաշտպանել հարկերի ու տուրքերի ու փաստաբանական ծառայությունների թանկացման պառճառով:
  • Մի հատ եկե՛ք երեկոյան շրջայց կատարենք քաղաքի կենտրոնում, տեսնենք՝ ռեստորաններում Հայաստանի ժողովո՞ւրդն է նստած, թե՞ դրսի հայերը կամ օտարերկրացիները: Հայաստանի հասարակության հիմնական հատվածը չի էլ կարողանում օգտվել այդ հնարավորությունից: Նույն մի խումբ մարդիկ են դրանցից օգտվում՝ 10 տոկոսը…
  • Հայաստանում փող կա, որի ծագումը չի երևում՝ կլինի դա թուրքական փող՝ կրիպտոարժույթով, թմրաշրջանառության բերա՞ծ փողը, թե՞ ասֆալտի ատկատներից բերած փողը… Քաղաքի և հանրապետության տարբեր հատվածների նորմալ ասֆալտը քանդում են, տեղը նոր ասֆալտ են անում (փողոցներ կան՝ ամեն տարի նույն տեղում ասֆալտ են անում, այնքան անորակ է…), բայց ոչ մի նոր ճանապարհ չեն կառուցում, որ կթեթևացնի քաղաքի՝ առանց այդ էլ կաթվածահար երթևեկությունը, չեն կառուցում… Ա՛յ էստեղ փողը կա:

  • Հայաստանն այս վիճակին հասցնելու մեղավորներից մեկն էլ դրսից վճարվող աշխատավարձով կեղծ «հայրենասեր» աշխատողներն են: Ո՞ւր են էդ ՀԿ-ները, որ նախկինում ամեն չնչին առիթից մեծ աղմուկ էին բարձրացնում:
  • Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, որի մասին հայտարարում էր Փաշինյանը: Ընդամենը մի կենտրոնից կախվածությունն ավելի է մեծացրել: Սրանց պատկերացմամբ՝ դիվերսիֆիկացիան ոչ թե եղածի պահպանմամբ նոր շուկաներ ավելացնելն է, այլ եղածը կտրել, ոչնչացնելն է՝ գազը փակեք, շուկաները փակեք, մեզ պետք չի… և այսպես շարունակ: Դիվերսիֆիկացիայի համար բոլոր երկրներում Հայաստանը պիտի ունենա առևտրային կցորդներ: Չկան: Փոխարենը՝ Արտաքին գործերի նախարարության անունն են փոխել, սարքել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:
  • Հոլանդիա մենք վարդ չենք կարող ուղարկել, որովհետև աշխարհին Հոլանդիան է վարդ, առհասարակ՝ ծաղիկ մատակարարում, բայց միգուցե Արևելյան Եվրոպայի երկրներին կարողանանք վարդ վաճառել: Ո՞ւր են ուսումնասիրությունները, թե որ երկրներին կարող է մեր վարդը պետք գալ: Սա պետք է իրենց կառավարման այս 8 տարիների ընթացքում արվեր, ոչ թե հիմա…
  • Փաշինյանի խնդիրը Հայաստանը բանանային պետության վերածելն է: Չունի այլ նպատակ այս մարդը:
  • Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը շարունակում է մնալ օկուպացված. Սա նշանակում է՝ հայտնվելու է ինչ-որ թուրքական կապիտալ, որին վաճառվելու է ՀԷՑ-ը: Հաջորդը կլինի երկաթուղին, ատոմակայանը: Այսինքն՝ ինչքան հայկական կապիտալ կա, խոշոր ընկերություն, պետք է խլվի ու վաճառվի կա՛մ թուրքերին, կա՛մ Հայաստանի նոր օլիգարխիային, ում թույլ կտան գնել դրանք ու սուս մնալ:
  • Նիկոլ Փաշինյանի կառավարության նման անկանխատեսելի երևույթ անգամ եղանակի տեսությունը չէ: Բանկերի հետ պայմանավորվում ես մի տոկոսադրույք, հետո գալիս է, օրինակ, Չինաստանում վճարում կատարելու ժամանակը, որը եթե չվճարես, գործընկեր կկորցնես, ու բանկը քեզ փաստի առաջ է կանգնեցնում՝ գիտե՞ս, 11 % էինք պայմանավորվել, բայց հիմա արդեն 15% է: Այս վիճակում է հայտնվում հայ գործարարը: Հենց այդպիսի միջավայրում է տեղական կապիտալը փախչում երկրից՝ չհաշված նաև հարկային տեռորը, երբ մտնում են որևէ ընկերություն ու ուղղակի փակում այն անորոշ ժամանակով: Այսպիսի միջավայրում ներդրումներ չեն լինելու, եղած կապիտալն էլ փախչելու է Հայաստանից: Սրանք միայն կեղծ սպասումներ են առաջացնում, որ Հայաստանը հասցնեն այնպիսի իրավիճակի, որ հայտնվի անելանելի վիճակում: Նիկոլ Փաշինյանը 8 տարի տանջվում է, բայց դեռ չի կարողացել քանդել պետությունը վերջնականապես:

  • ԵԱՏՄ-ից դուրս գալը ես այնքան էլ չեմ պատկերացնում: Եթե այս կառավարությունը գնա ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլին, դա կլինի ոչ միայն իր իշխանության, այլև նրա վերջը: Հայաստանի ամբողջ շնչուղիները կփակվեն: Ինքն այլընտրանքներ չի ստեղծել, և չեմ կարծում, թե կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Սա ավելի շատ գեոքաղաքական հարց է, և խաղադրույքներն անընդհատ բարձրացվում են:
  • Վառելիքը՝ բենզինը թանկացավ, որովհետև Ռուսաստանն արդեն Հայաստանին ներքին սպառման արտոնյալ սակագներով չի վաճառում: Ասում էին՝ շուկան կազատականացնենք, ադրբեջանական վառելիք բերեցին: Ի՞նչ եղավ, ինչքա՞ն տևեց՝ 2 շաբաթ: Տեսե՛ք՝ գներն ուր են հասնում:
  • Եթե Աստված չանի, ու նա հասնի իր նպատակին ու հանձնի Տիգրանաշենը, եկեք դրան ավելացնենք նաև Վերին Ոսկեպարը, ապա մեր ողջ Հյուսիս-Հարավ ճանապարհը վտանգի տակ է հայտնվում: Մեր բեռնափոխադրումների 80%-ը հյուսիսից գալիս է Բագրատաշենով, որի մի մասն անցնում է Վերին Ոսկեպարով: Ոսկեպարի հատվածում ճանապարհը նվազագույնը 40 կմ երկարացվելու է, ի հայտ են գալու լոգիստիկ ծախսեր, ապրանքների թանկացում: Տիգրանաշենի պարագայում Վեդիով փոքր ճանապարհ կա, բայց պետք է կառուցվի՝ նոր վարկ ներգրավելով: Իսկ սա նշանակում է՝ մեր ժողովուրդը կրկին ճռռալու է վարկերի տակ: Բայց սա ամենակարևորը չէ: Անվտանգային լրջագույն խնդիրներ են ի հայտ գալու: Հիմա էլ ադրբեջանցիներն իրենց երկրի ներսում քննարկում են Երևանի կենտրոնը՝ Կոնդը, ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930